Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքի» մեկ կուսակցություն դառնալու հեռանկարները չեն նշմարվում, ավելին, հասկանալի է դառնում, որ գործող ձևաչափը շատ երկար կյանք չի կարող ունենալ. «Իրատես»

Մարտ 30,2018 12:10

Մարտավարական տեսակետից «Հանուն Հայաստան պետության» շարժման մոտեցումը, թերևս, բավականին խոցելի է, քանի որ վերջիններս հայտարարում են, թե իրենց քայլերը պայմանավորված են լինելու հրապարակ դուրս եկող մարդկանց թվով։ Եթե ժողովուրդը ողողի փողոցները, կգործարկվի մի սցենար, սակավաթիվ մարդկանց դեպքում՝ այլ սցենար։ Այսպիսով` չկա որևէ հստակություն ու կոնկրետություն գործողություններում, ինչը շատ նման է նախկին ընդդիմադիրների մարտավարությանը։

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» դեպքում իրավիճակը գուցե ավելի մշուշոտ է. Նիկոլ Փաշինյանը համարվում է բավականին պրագմատիկ և փորձված քաղաքական գործիչ, որը, մի կողմից, բազմիցս հայտարարել է, թե ինքն այլևս հանրությանը չի տանի փողոց, եթե չունենա որոշակի երաշխիքներ, որ հանրությունն այսուհետ չի հուսախաբվի և հեռանա հանրահավաքային շարժումից։

Մյուս կողմից՝ այժմ համառորեն պնդում է, որ ճիշտը փողոցային ակտիվ պայքարն է։ Ավելին, նշում է, որ կա 14+4 կոչվող ճանապարհային քարտեզը, որը, ըստ նրա, հստակ պլանավորում ունի, թե ապրիլի 3-ից սկսվող զանգվածային փողոցային ակցիաներում քայլ առ քայլ ինչ է իրականացվելու։ Այս առումով թեև հսկայական թերահավատություն կա շարժման հեռանկարի շուրջ, այնուամենայնիվ, վերլուծական շրջանակներում մի փոքր զգուշորեն են մոտենում «Քաղաքացիական պայմանագրի» այս ծրագրին գնահատական տալուն, քանի որ, երևի թե, շատերը սպասում են մարտի 31-ին խոստացված ճանապարհային քարտեզի հրապարակմանը, որից հետո ամեն ինչ ավելի որոշակի կդառնա, և կարելի կլինի քիչ թե շատ առարկայական գնահատական տալ այդ քաղաքական ուժի հնարավորություններին։

Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ մեծ ռիսկի է գնում. ըստ էության, հասկանում է նաև, որ ընդդիմադիր համարվող այլ ուժերի կողմից մեղադրվելու է, որ հանրահավաքների արդյունքում լեգիտիմացնելու է Սերժ Սարգսյանի վարչապետությունը։ Բնականաբար, սա կդառնա ևս մեկ փաստարկ նրանց մոտ, ովքեր Ն. Փաշինյանին բնութագրում են որպես «իշխանական նախագիծ»։ Հասկանալով սա, այնուամենայնիվ, նա գնում է այդ քայլին։

Նիկոլ Փաշինյանը գերխնդիր ունի մինչև 2022 թվականը դառնալու ամենաազդեցիկ և միակ ընդդիմադիր ուժը Հայաստանում, որը կմասնակցի ապագա խորհրդարանական ընտրություններին։ Դաշինքի հետ, թե առանձին, այլ խնդիր է։ Ըստ էության, նա հասկանում է, որ առանձին հանդես գալը գուցե և ավելի նպատակահարմար է։ Ունենալով դաշինքային գործունեության ներկա փորձը, երբ «Ելքի» մեկ կուսակցություն դառնալու հեռանկարները չեն նշմարվում, ավելին, արդեն առկա են լուրջ տարաձայնություններ դաշինքի ուժերի միջև, հասկանալի է դառնում, որ գործող ձևաչափը շատ երկար կյանք չի կարող ունենալ։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031