Հարցազրույց ՊՆ նախարարի խորհրդական, գեներալ-մայոր ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ
–Օրերս շրջանառության մեջ է դրվել դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության նոր նախագիծ: Ինչո՞ւ ի հայտ եկավ նման փաստաթղթի անհրաժեշտությունը։
-Ռազմահայրենասիրական դաստիարակությունը, հայ պատանու մեջ դեռեւս դպրոցական տարիներից հայրենասիրական ոգու սերմանումը մի գործընթաց է, որը մշտապես եղել է մեր զինված ուժերի հրամանատարության ուշադրության կենտրոնում, ու, կարելի է ասել, իրականացվել մեր բանակի կազմավորման ողջ ընթացքում:
Դրա համար մեր բանակում կարեւոր տեղ ունի ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Այդ գործընթացը բանակում վաղուց է իրականացվում, բայց անընդհատ կատարելագործվում է: Եվ արդյունքները տեսանելի են: Պաշտպանության նախարարությունը բազմաթիվ համատեղ ծրագրեր է մշակել ու իրականացրել կրթության եւ գիտության, մշակույթի, սփյուռքի նախարարությունների, նաեւ ոստիկանության հետ: Լուրջ աշխատանքներ ենք կատարում դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ:
Հայրենասիրությունը սկսվում է դպրոցից, ուզում ենք հենց դպրոցում պատրաստել հայրենասեր, գրագետ զինվոր, իսկ բանակում՝ նրանց կատարելագործել: Այնպես որ բանակ-դպրոց կապը միշտ եղել է նախարարության ուշադրության կենտրոնում:
Ինչո՞ւ այսօր եւս նման փաստաթղթի ստեղծման անհրաժեշտություն առաջացավ: Կա նոր մոտեցման, նոր ընթացակարգերի, նոր գործիքակազմերի ներդրման անհրաժեշտություն: Մենք պարտավոր ենք ձեւավորել ժամանակակից մարտահրավերներին դիմակայող՝ հայրենիքի պաշտպանությանը ֆիզիկապես եւ հոգեպես պատրաստ քաղաքացի: Ու այդ աշխատանքը պետք է կատարենք պետական, համայնքային եւ հասարակական կառույցների ներդաշնակ համագործակցությամբ:
–Ադրբեջանում դեռ մանկապարտեզից քարոզում են հակահայկականություն, Հայաստանը, հային ներկայացնում թշնամի, իսկ մեզ մոտ ադրբեջանցու հասցեին թշնամի ասելը ռասիզմ է համարվում, ավելին՝ կան հասարակական կառույցներ, որոնք առաջարկում են դպրոցական ծրագրերից հեռացնել հայ գրողների հայրենասիրական երկերը, դիտելով դա ռասիզմի քարոզ: Արդյոք նման մթնոլորտը չի՞ նպաստում մեր երիտասարդների զգոնության թուլացմանը։
-Իհարկե, խիստ վտանգավոր եմ համարում որոշ հասարակական կառույցների կողմից իրականացվող նման քարոզչությունը: Բայց վստահ եմ, որ նրանց քարոզներն իրականում չեն անդրադառնում մեր երիտասարդների մտածողության վրա:
Համոզված եմ, որ ունենք զգոն, հայրենասեր, երկրին նվիրված երիտասարդներ: Ու դա երեւաց 2016-ի ապրիլյան քառօրյայի ժամանակ: Ապրիլյան գործողությունները մեկ անգամ եւս ապացուցեցին, որ անկախության սերունդը, իրոք, արժանի է իր քաջազուն հայրերին ու ավագ եղբայրներին: Բայց մինչ այդ մեզանում կար թյուր կարծիք, թե մեր երիտասարդները զգոն չեն, անտարբեր են հայրենիքի հանդեպ: Անգամ նախկին ազատամարտիկներս էինք «թեթեւ աչքով» նայում մեր երիտասարդներին, մտածում էինք՝ ի՞նչ կարող են անել, թերագնահատում էինք:
Ապրիլյան գործողությունների ժամանակ մեզ ապշեցրել էին մեր ժամկետային զինվորների գրագետ գործողությունները, թե ինչպես 10-15 հոգով կարողացել են մարտնչել հարյուրից ավելի թշնամու դեմ, մինչեւ վերջին փամփուշտը կրակել են ու չեն հանձնվել: Սա առհավատչյան է այն բանի, որ ունենք հայրենասեր երիտասարդություն:
Կարծում եմ՝ մեզանում միտումնավոր են շրջանառվում խոսակցությունները, թե մեր երիտասարդները հայրենասեր չեն, դա չար լեզուների՝ գրանտակեր կառույցների կողմից տարածվող կեղծ լուրեր են, որ անում են հատուկ նպատակով՝ հուսահատություն սերմանելու, մեր զգոնությունը թուլացնելու նպատակով։
Արմինե Սիմոնյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում