Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները վերջերս բավական ակտիվացել են՝ հաշվի առնելով նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների երկուստեք այցելությունները։
Նախ, 2017թ. տարեվերջին Սերժ Սարգսյանն այցելեց Վրաստան, ապա այս տարի մարտի 2-ին Վրաստանի վարչապետն այցելեց Հայաստան։ Հանդիպումների ընթացքում քննարկվել էին քաղաքական, տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Լարսին այլընտրանք հանդիսացող Հարավային Օսեթիայով անցնող ճանապարհի տարբերակը։ Հայ-վրացական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի շուրջ «Հայկական ժամանակ»-ի հարցերին պատասխանել է վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն։
– Հայաստանն ու Վրաստանը ի՞նչ տնտեսական ծրագրեր կարող են իրականացնել։ Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։
– Դրանք արդեն իսկ իրականացվում են։ Խոսքը երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ավելացման եւ խորացման մասին է։ Կան էներգետիկայի ոլորտին առնչվող ծրագրեր։ Այս ծրագրերը հաջողությամբ իրականացվում են։
– Այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետն այցելեց Հայաստան, ադրբեջանական մամուլում հոդվածներ հայտնվեցին «ապերախտ» Վրաստանի մասին, որն ամեն ինչի հասել է միայն Ադրբեջանի շնորհիվ։ Ի՞նչ կարծիքներ կան Վրաստանում այս հայտարարությունների մասին։
– Ես նույնիսկ հաղորդում եմ արել այս թեմայով, որտեղ հայ, վրացի, ադրբեջանցի քաղաքագետները ելույթ ունեցան (խոսքը «Մեծ խաղ» քաղաքական-վերլուծական հաղորդման մասին է- հեղ.)։ Վրաստանը գտնվում է երկու կրակի արանքում, հակամարտող կողմերի միջեւ։ Պարբերաբար ե՛ւ հայկական մամուլում են հանդիպում մտահոգություններ, որ Վրաստանը հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ե՛ւ ադրբեջանական մամուլում են. հանդիպում մտահոգություններ, որ Վրաստանը հարաբերություններ ունի Հայաստանի հետ։ Այստեղից մենք ոչ մի տեղ չենք փախչի։ Կարեւորն այն է, որ քաղաքական մակարդակում ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ հասկանում են, որ ոչ մի վնաս Վրաստանի եւ Ադրբեջանի համագործակցությունից Հայաստանին չկա, Վրաստանի ու Հայաստանի համագործակցությունից՝ Ադրբեջանին չկա։
Էմմա ՉՈԲԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում