Վիլնյուսում օրերս կայացած Եվրամիության գագաթնաժողովը նվիրված էր օդի աղտոտվածության խնդրին, քրոնիկ շնչառական հիվանդությունների կանխարգելմանն ու կառավարմանը` արդի տեխնոլոգիաների կիրառմամբ:
Գագաթնաժողովը կազմակերպել են Եվրահանձնաժողովի առողջապահության և սննդի անվտանգության հարցերով հանձնակատարը, Լիտվայի առողջապահության նախարարությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրոպական ռեսպիրատոր ասոցիացիայի, Ալերգիայի և կլինիկական իմունաբանության եվրոպական ակադեմիայի, մի շարք այլ հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարները: Հանդիպմանը մասնակցել են ոլորտի եվրոպական առաջատար մասնագետներ, նաև Եվրամիությանը չանդամակցող մի քանի երկրների ներկայացուցիչներ։ Նրանց թվում էր ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ, «Արաբկիր» ԲՀ–Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի թոքաբանական բաժանմունքի խորհրդատու Սերգեյ Սարգսյանը:
Մեր մասնագետի հաղորդմամբ գագաթնաժողովում նշվել է, որ, չնայած արձանագրված առաջընթացին, ԵՄ երկրներում շուրջ 400000 մարդ վաղաժամ մահանում է շնչառական հիվանդություններից՝ թոքերի քաղցկեղից, քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունից և ասթմայից: Օդի աղտոտիչները բարձրացնում են սրտի իշեմիկ հիվանդության ու կաթվածի ռիսկը: Ներկայացվել են նորագույն տվյալներ առ այն, որ օդի աղտոտիչները, հատկապես՝ ծխախոտի ծուխը, մասնավոր մասնիկները, ազոտի դիօքսիդը, մարդու վրա անդրադառնում են ներարգանդային կյանքից սկսած: Դրանք մոլեկուլյար մակարդակով ազդում են առողջության վիճակը կանխորոշող տարրերի վրա, առաջացնում անդառնալի փոփոխություններ՝ դրանով իսկ ազդելով կյանքի տևողության և որակի վրա:
Սերգեյ Սարգսյանի խոսքով՝ թարմ տվյալներ են ներկայացվել որոշ հիվանդությունների առաջացման վերաբերյալ։ Օրինակ՝ օդում փոշու առկայությունը քթի լորձաթաղանթի և կոկորդի քրոնիկ հիվանդությունների առաջացման պատճառ է հանդիսանում: Օդի աղտոտվածությունն ընկճում է մարդու ընդհանուր շնչառական ֆունկցիան՝ առաջացնելով թոքերի կարողությունների նվազում, ինչն էլ ազդում է ընդհանուր աշխատունակության վրա: Օդի աղտոտվածության հանդեպ ավելի զգայուն են երեխաները, քանի որ նրանք ունեն մարմնի զանգվածի նկատմամբ ավելի մեծ օդափոխանակություն և ցածրահասակ են, ինչի հետևանքով ներշնչում են աղտոտիչներով ավելի հարուստ օդը: Մանկական տարիքում կրած հիվանդությունները նպաստում են մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացմանը:
Գագաթնաժողովում ներկայացվել է նաև խնդիրների լուծման արդի քաղաքականությունը, որն ունի պայմանական անվանում. «Ամեն շունչ հաշվվում է»: Մասնավորապես, մի շարք երկրներում շարունակվելու է դիզելային վառելանյութի օգտագործման նվազման քաղաքականությունն ու անցումն էլեկտրականության առավել լայն կիրառմանը: Եվրամիությունը և անդամ երկրների բացարձակ մեծամասնությունը շարունակելու են ծխախոտի ծխի ազդեցության նվազմանն ուղղված ծրագրերը: Ի դեպ, որոշ երկրներում դրանց համար պատասխանատու են նաև տեղական ինքնակառավարման մարմինները: Օրինակելի է Ֆինլանդիայի կառավարության որդեգրած մոտեցումը` «Ծխախոտից ազատ Ֆինլանդիա 2030» կարգախոսով:
Լիտվայի մայրաքաղաքում ներկայացվել են շնչառական հիվանդությունների կառավարմանն ուղղված ազգային ծրագրեր և դրանց դրական արդյունքները, ինչպես նաև արդի տեխնոլոգիաների կիրառման փորձը հիվանդների վարման բարելավման գործում:
Կարևորվել է պատվաստումների մեծագույն ներդրումը շնչառական հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև ազդեցությունն արդեն իսկ զարգացած հիվանդությունների ընթացքի մեղմացման գործում:
Հիվանդությունների կառավարման եվրոպական մոտեցումները և կոնկրետ ծրագրերի իրականացման փորձը կարող է ուսանելի լինել Հայաստանի համար:
Հատկանշական է, որ ծխախոտի ծխի ազդեցության սահմանափակման հայաստանյան քաղաքականությունը համահունչ է Եվրոպական մոտեցումներին:
ՀՀ առողջապահության նախարարություն