Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի համար մասնավորեցվում է ճիշտ նույն տարածքը, որը նրան տրվել է որպես նախագահի ծառայողական առանձնատուն. «Հրապարակ»

Մարտ 30,2018 11:12

Ներկայումս «կառավարական դաչայում» ապրում են Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը։ Կարեն Կարապետյանը չի տեղափոխվել այնտեղ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ եւս։ Ի դեպ, շատերն են հրաժարվել այդ տարածքում ապրելուց։ Տիգրան Սարգսյանից հետո այնտեղ մինչ օրս վարչապետ չի ապրել։ Ինչպես որ Տիգրան Թորոսյանից հետո ոչ մի ԱԺ նախագահ չի ապրել։

Այս մասին մեզ հայտնեց նախագահի գործերի կառավարիչ Վարուժ Գրիգորյանը, որն ի պաշտոնե նաեւ ստուգում եւ ընդունում է «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից կապիտալ ծախսերը, որոնք իրականացվում են նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին։ Հովիկ Աբրահամյանը, ինչպես հիմա, իր վարչապետության 2,5 տարիներին ապրում էր Ազատության պողոտայում գտնվող իր շքեղ առանձնատանը։ Գալուստ Սահակյանն էլ ԱԺ նախագահի պաշտոնում իր տնից չտեղափոխվեց։ Նույնն էլ անում է Արա Բաբլոյանը։ Փոխարենն այսօր ընդդիմության դաշտն անցած Սեյրան Օհանյանը երկար տարիներ ապրել է կառավարական առանձնատներից մեկում։ Համալիրի մշտական բնակիչներից է Գագիկ Հարությունյանը, որը ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո մինչ օրս էլ դուրս չի եկել այնտեղից։ Ի դեպ, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Գագիկ Հարությունյանը Մոնումենտում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարեւանությամբ, Բաբայան փողոցում շքեղ առանձնատուն ունի։ Եվ այն վարձով է տրված Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը։ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովն էլ բնակվել է ոչ թե կառավարական առանձնատանը, այլ Կոտայքի մարզում գտնվող երկհարկանի շքեղ տանը, իսկ նույն պաշտոնի կնքահայր՝ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը պաշտոնաթողությունից հետո մի կերպ դուրս եկավ։

Վարուժ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը մեկ ամսից ավելի գործի չի գնում, առողջական վիճակը վատ է, «բյուլետեն» է վերցրել, հետեւաբար՝ նոր օրենքի ու փոփոխությունների, ինչպես նաեւ իր ապագա կարգավիճակի ու գործառույթների մասին ոչինչ ասել չի կարող։ Գրիգորյանը հստակեցրեց, որ Սերժ Սարգսյանի համար մասնավորեցվում է ճիշտ նույն տարածքը, որը նրան տրվել է որպես նախագահի ծառայողական առանձնատուն։ Ասաց նաեւ, որ մինչ օրս «տվյալ տարածքում» որեւէ առանձնատուն չի սեփականաշնորհվել, սա առաջին դեպքն է․ «Դե, երեւի պաշտոնաթող նախագահներն են ընտրում, թե հետո որտեղ են ուզում ապրել։ Մեկը ցանկանում է ընդհանուրից հեռու ապրել, մեկը՝ հակառակը, ի՞նչ կա այդտեղ»։ Մեր ճշտմանը՝ եթե այդ տարածքում Սերժ Սարգսյանը, փաստորեն, ապրիլի 9-ից մասնավոր բնակարան է ունենալու, նշանակում է՝ եթե դառնա վարչապետ, էլի՞ ծառայողական առանձնատուն են այդ տարածքում հատկացնելու։ «Բնականաբար»,- պատասխանեց Գրիգորյանը։

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031