Այդ «մնացյալ երաշխիքները» սահմանվում են «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով (1996թ.): Ըստ այդմ՝ պաշտոնաթողությունից հետո ՀՀ նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` ՀՀ նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 70 տոկոսի չափով: ՀՀ նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի չափը բարձրանալու դեպքում ՀՀ պաշտոնաթող նախագահի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է: Նշված հատուկ կենսաթոշակը չի վճարվում այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում պաշտոնաթող նախագահը վարում է որեւէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն եւ ստանում է ՀՀ նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 70 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր լինելու դեպքում նա ստանում է նշված հատուկ կենսաթոշակի եւ աշխատավարձի տարբերությունը: ՀՀ կառավարությունը պաշտոնաթող նախագահին ապահովում է բնակարանով, պետական ամառանոցով, ավտոտրանuպորտով, ինչպեu նաեւ պաշտոնաթող նախագահի ցանկությամբ` կահավորված գրաuենյակով:
ՀՀ պաշտոնաթող նախագահի՝ այլ երկրներ կատարվող ճանապարհորդության ծախuերը (տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ) հատուցում է ՀՀ կառավարությունը: ՀՀ պաշտոնաթող նախագահի համար ապահովվում է ցմահ անձնական պահպանություն: Բացի կենսաթոշակից, մյուս երաշխիքների մասով օրենքը, կարծես, սահմանափակում չի նախատեսում այն դեպքի համար, երբ պաշտոնաթող նախագահն ստանձնում է ընտրովի կամ նշանակովի որեւէ պաշտոն: Եվ, ուրեմն, եթե Սերժ Սարգսյանը, ստանձնելով պաշտոնաթող նախագահի կարգավիճակը, որոշի դառնալ ՀՀ վարչապետ, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվելու. նա, փաստորեն, օգտվելով պաշտոնաթող նախագահի կարգավիճակից բխող՝ օրենքով սահմանված երաշխիքներից, կզրկվի, թերեւս, միայն կենսաթոշակից: Մյուս բոլոր՝ պաշտոնաթող նախագահի մասով նախատեսված վերոնշյալ արտոնություններից, փաստորեն, օգտվելու է (եթե, իհարկե, դիմում ներկայացնի): Համենայնդեպս, այսպիսի եզրահանգման կարելի է գալ՝ առաջնորդվելով գործող օրենքի պահանջով: Նշենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում՝ վերջերս կատարված փոփոխություններով, որի արդյունքում փոխվել է նաեւ օրենքի անվանումը՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին», սահմանված են նաեւ վարչապետի սոցիալական երաշխիքներն ու սպասարկումը:
Ըստ օրենքի 7.6 հոդվածի՝ վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են նստավայր Երեւանում (հասցեն՝ Բաղրամյան 26), ծառայողական առանձնատուն Երեւանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 6-րդ մասնաշենք), պետական ամառանոց Սեւանում՝ ապահովված համապատասխան գույքով եւ սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սեւան, Հրազդան գետի 4-րդ փողոց, թիվ 50, Սեւանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք), հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ: Օրենքը, սակայն, սահմանում է, որ վարչապետը կարող է ամբողջությամբ կամ մասամբ հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով եւ 2-րդ մասով նախատեսված սպասարկումից, այսինքն՝ ծառայողական առանձնատնից եւ պետական ամառանոցից, ինչպես նաեւ անձնական բժշկից:
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում