2018թ. մարտի 29-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը: «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանն իր ելույթում անդրադարձել է Արցախի տնտեսական աճի ցուցանիշներին և ուշադրություն հրավիրել տնտեսության կառուցվածքային խնդիրներին: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.
«Հարգելի՛ ներկաներ,
Այսօր ես կցանկանայի անդրադառնալ 2017թ. տնտեսական աճին վերաբերող մի շարք թվերի, ինչպես նաև ձեր ուշադրությունը հրավիրել որոշ ուղղությունների վրա:
Արցախում տնտեսական աճի կառուցվածքն ուսումնասիրելիս տպավորություն է ստացվում, թե գործ ունենք գաղութատիրական շրջանի աֆրիկյան երկրի տնտեսության հետ: Ցույց է տրվում տնտեսական մեծ աճ, որի արդյունքները հասարակության լայն շերտեր չեն զգում: Այսպես, հրապարակված 15,6 տոկոս տնտեսական աճի ավելի քան 10 տոկոսն ապահովվել է հանքարդյունաբերության շնորհիվ, ավելի հստակ հիմնականում մեկ հանքի շնորհիվ: Հանքարդյունաբերական արտադրանքին է բաժին ընկնում նաև Արցախի 75 միլիարդ դրամի արտահանման 50 միլիարդը: Տնտեսության այլ ճյուղեր ապահովել են տնտեսական աճի չնչին տոկոսային կետեր: Թեև այդ ճյուղերում աճ կա, սակայն տնտեսության դիվերսիֆիկացիան բավականին դանդաղ է ընթանում, և եթե հաշվի առնենք, որ հանքերը սպառվելու հատկություն ունեն, կտեսնենք, որ շուտով լուրջ խնդիրների առջև ենք կանգնելու: Այս դահլիճում անցյալ անգամ ես անդրադարձել եմ հանքարդյունաբերության խնդիրներին, հիմա ձեզ հետ կիսվեմ վերը նկարագրված իրավիճակից դուրս գալու իմ պատկերացումներով:
Մենք պետք է սեղմ ժամկետներում հասնենք Արցախում ներդրումային միջավայրի բարելավմանը: Ներդրումային միջավայր ասելով ես նկատի չունեմ դասական սահմանումները, այլ այս հասկացության լայն ընդգրկումը: Մենք պետք է հասնենք նրան, որ Արցախը հրապուրիչ լինի ոչ միայն բնական ռեսուրսների շահագործման (սրա տակ հասկացեք հանքարդյունաբերությունը, հիդրոէներգետիկան, անտառանյութի արտահանումը) տեսանկյունից, այլ մասսայական ներդրումների վայր դառնա հենց Արցախի բնակիչների համար: Միայն նման դեպքում տնտեսական աճը զգալի կլինի բնակչությանը, տնտեսությունը կդիվերսիֆիկացվի, ինչը կբերի տնտեսական անվտանգության բարձրացմանը:
Այժմ խոսեմ այդ միջավայրի տարբեր բաղադրիչների մասին: Ներդրումներին խանգարում են թույլ զարգացած ենթակառուցվածքները և բնակչության խիստ անհամաչափ բաշխումը: Այս ամբիոնից ունեցած մեկ այլ ելույթի ժամանակ ես անդրադարձել եմ ուռճացված բյուրոկրատիայի խնդրին, հիմա էլ նշում եմ, որ նման թանկարժեք բյուրոկրատիա պահելու փոխարեն մենք պետք է ներդրումներ կատարենք ենթակառուցվածքների ստեղծման և իրական տնտեսության այլ ճյուղերի մեջ: Միևնույն ժամանակ բնակֆոնդի ավելացմանն ուղղված գումարները հարկավոր է ծախսել այնպես, որ այն ծառայի բնակչության համաչափ բաշխմանը:
Ամենակարևոր բաղադրիչի մասին: Ներկայիս քաղաքական համակարգը խիստ աննպաստ է ներդրումների համար: Ավելին, քաղաքական կյանքում սահմանադրական փոփոխություններից հետո սկսած հետադիմական այս գործընթացը բերել է հանրության լայն հատվածների հիասթափությանը, ինչն արտահայտվում է արտագաղթի և լրացուցիչ միջոցները այլ վայրերում ներդնելու տեսքով: Կարճ ասած, Արցախի բնակիչը, նեղվելով երկրում արդարության պակասի զգացումից, 10-20 հա այգի հիմնելու փոխարեն գնում է բնակարան Երևանի ծայրամասում:
Ներդրումներին խանգարող ամենամեծ գործոնը սեփականության իրավունքի ոտնահարումն է: Արցախում պետք է բացառվեն նման դեպքերը, քանզի նույնիսկ մեկ քիչ թե շատ հայտնի դեպքի բացասական ազդեցությունը կարող է զգացվել տասնամյակից ավելի: Իսկ նման դեպքեր մեզ մոտ կան:
Ոստիկանությունը և այլ ուժային կառույցներ պետք է վերադառնան օրենքի դաշտ: Այս կառույցների ցանկացած հակաօրինական արարք անմիջականորեն անդրադառնում է գործարար միջավայրի վրա: Ոչ մեկն իրեն սրբազան ինկվիզիցիայի դեր չպետք է վերապահի:
Սովորաբար մեզ նման երկրներում, որտեղ ոտնահարվում են քաղաքական ու քաղաքացիական ազատությունները, բնակիչները հակված չեն սեփական խնայողությունները ներդնելու իրենց երկրում: Կան տարրական կարմիր գծեր, որ որոշում ընդունողները և պետական կառավարման լծակներ ունեցողները երբեք չպետք է անցնեն: Քանզի վստահության վերականգնումը կարող է տասնամյակներ տևել:
Սրանք այն նվազագույն քայլերն են, որոնք թույլ կտան մեր հասարակությանն ակտիվ մասնակցություն ունենալ ազգային հարստության բազմապատկմանը՝ անկախ հայրենասիրական ներդրումներից և բնական ռեսուրսների շահագործման հետևից եկողներից:
Հայկ Խանումյան
29 մարտ, 2018թ.