Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեք փաստաթուղթն էլ մեսիջ է ներդրողներին, որ գործ ունեն վստահելի, թափանցիկ, կանխատեսելի գործընկերոջ հետ»

Մարտ 30,2018 16:00

Վերջերս «Բիզնես Արմենիայի» (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամի) հոգաբարձուների խորհուրդը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, 3 փաստաթուղթ է ընդունել հիմնադրամի գործունեության համար. «Վարքագծի կանոններ», «Ինսայդերական քաղաքականություն» եւ «Շահերի բախման տարեկան հայտարարագիր»։ Այս առնչությամբ «Առավոտ»-ի հարցերին պատասխանել է «Բիզնես Արմենիայի» գլխավոր իրավախորհրդատու, Իրավաբանական եւ համապատասխանության խմբի ղեկավար Արշակ Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, ի՞նչ փաստաթղթեր են դրանք։ Ո՞րն է դրանց լուծելիք հիմնական խնդիրը։

– Այս փաստաթղթերը կորպորատիվ կառավարման համակարգի հիմնասյուներից են, հաստատված են Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի ստանդարտներով։ Դրանց լուծելիք գլխավոր խնդիրը բիզնեսին ավելի վստահելի գործընկեր դառնալն է։

– Ո՞րն է դրանցից գլխավորը։

– Կարծում եմ՝ Վարքագծի կանոնները, որոնք կորպորատիվ կառավարման համակարգում «գլխավոր օրենքի» դեր են կատարում եւ միտված են ներքին կարգապահության մակարդակի բարձրացմանը, հարաբերությունների կանոնակարգմանը, ռիսկերի նվազեցմանը, վստահության բարձրացմանը։ Այս փաստաթղթով կանոնակարգվում են հարաբերություններն ինչպես աշխատակիցների հորիզոնական եւ ուղղահայաց սկզբունքով, այնպես էլ գործընկերների հետ։

– Կնշե՞ք վարքագծի կանոններից մի քանիսը, որոնք նոր են «Բիզնես Արմենիայի» պրակտիկայի համար, եւ որոնց աշխատակիցները նախկինում պարտավոր չէին հետեւել։

– Նախկինում էլ մեր անձնակազմն աշխատում էր էթիկայի կանոններին համապատասխան, սակայն այժմ այդ գործողություններն ավելի համակարգված են, եւ գրեթե յուրաքանչյուր դեպքի համար աշխատակիցները հստակ գիտեն, թե ինչ քայլեր ձեռնարկել։

Իհարկե, հնարավոր չէ մեկ փաստաթղթում նախատեսել բորոր ֆորսմաժորային իրավիճակները, սակայն բանաձեւ է սահմանվել. օրինակ՝ մեր թիմի յուրաքաչյուր անդամ որեւէ քայլ ձեռնարկելուց առաջ պետք է ինքն իրեն պատասխանի հետեւյալ հարցերին՝ արդյոք այդ որոշումը կամ քայլը բարոյակա՞ն է, արդյոք իրավաչա՞փ է, արդյոք համապատասխանո՞ւմ է «Բիզնես Արմենիայի» արժեքներին ու առաքելությանը, արդյոք կհամաձայնեի՞ն, որ այդ որոշումը հրապարակվեր ԶԼՄ-ներով, եւ ամենակարեւոր հարցը՝ արդյոք հրապարակվելու դեպքում կամ անձնակազմի ու ղեկավարների կողմից տեղեկանալու դեպքում տվյալ աշխատակիցը ազնվորեն կարո՞ղ է հաստատել իր որոշման ճիշտ լինելը եւ այլն։

– Ի՞նչ է «Ինսայդերական քաղաքականությունը», այն կարծես թե նոր երեւույթ է հայաստանյան իրականության համար։ Ինչո՞վ էր այն անհրաժեշտ «Բիզնես Արմենիայի» հետագա գործունեությանը։

– Ինսայդերական տեղեկություն տերմին կա։ Դա այն է, որին տիրապետելու դեպքում երրորդ անձինք, օրինակ՝ գործարարները, կունենան մրցակցային առավելություն, եւ որը կառաջացնի անհավասար պայմաններ մրցակիցների միջեւ։ Օրինակ՝ միջազգային էքսպոների մասնակցության դեպքում որեւէ կազմակերպության տեղեկատվություն փոխանցելն այլեւս արգելված է, եթե դա չի արվում բոլորին միաժամանակ։ Հոգաբարձուների հաստատած էքսպոների ցանկը պոտենցիալ մասնակիցների սահմանափակ շրջանակի ներկայացնելով՝ կխախտեինք ինսայդերական քաղաքականությունը՝ որեւէ մեկին մասնակցության հայտ ներկայացնելու առավելություն տալով։

– Իսկ ի՞նչ է «Շահերի բախման հայտարարագիրը»։

– Շահերի բախման բացահայտման հայտարարագիրը կոռուպցիոն ռիսկերի եւ ոչ օբյեկտիվ որոշումների կայացումը բացառելու նպատակով է ընդունվել։ Տվյալ դեպքում «Բիզնես Արմենիայի» ղեկավար անձնակազմի անդամները, որոնք որոշումներ կայացնելու իրավունք ունեն, եւ ընտանիքի անդամները պետք է լրացնեն հայտարարագիրը որեւէ կազմակերպությունում բաժնեմաս կամ սեփականություն ունենալու մասին։ Հիմք ենք ընդունել պաշտոնատար անձանց հայտարարագրի մոդելը։

– Ի՞նչ պատասխանատվություն է ենթադրվում այդ փաստաթղթերի պահանջների խախտման դեպքում։

– Պատասխանատվությունը սահմանված է Աշխատանքային, Քաղաքացիական օրենսգրքերով, իսկ որոշ դեպքերում՝ ընդհուպ քրեական պատասխանատվություն է սահմանված։ Օրինակ՝ կոռուպցիոն դրսեւորումների դեպքում։

– Արդյոք բա՞ց են այս փաստաթղթերը հասարակության համար։

– Բացի շահերի բախման հայտարարագրից, որն անձնական տվյալներ է պարունակում եւ պաշտպանված է օրենքով, մյուս երկուսը հասանելի են մեր կայքում։

– Հայաստանյան պետական եւ մասնավոր հատվածի շրջանում որքանո՞վ են տարածված ձեր ընդունած փաստաթղթերը, որքանո՞վ կիրառելի պրակտիկա է դա Հայաստանում եւ օտարերկրյա պետություններում։

– Օտարերկրյա պետություններում մեծապես կիրառվում են եւ համարում են վստահության բարձրացման կարեւոր գործիք։ Հայաստանում մասսայականացման միտումներ են նկատվում, հիմնականում կիրառում են բանկերը, միջազգային գործընկերներ ունեցող կառույցները։

– Ի՞նչ ուղերձ է ենթադրում այս երեք փաստաթղթերի ընդունումը «Բիզնես Արմենիայի» շահառուներին եւ ներդրողներին։

– Սրանք կորպորատիվ կառավարման համակարգի ներդրման կարեւոր բաղադրիչ են, որոնց ընդունումն ուղղակի մեսիջ է ներդրողներին, որ գործ ունեն վստահելի, թափանցիկ, կանխատեսելի գործընկերոջ հետ։

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

29.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031