Կհնչե՞ն Ադրբեջանի հետ Մոսկվայի զենքի վաճառքի «բիզնեսի» քաղաքականության
վերանայման մասին հավաստիացումներ ավելի բարձր մակարդակներից
«Ռուսաստանը հետեւություններ է արել 2016թ. ապրիլյան պատերազմից, այդ պատճառով էլ դրանից հետո Հայաստանին են տրամադրվել նորագույն զինատեսակներ»,- օրերս խորհրդարանում հայտարարեց Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: «Մենք հասկանում ենք, որ 2016թ. լարումից հետո, որը նախաձեռնել էր կողմերից մեկը, հայաստանյան հանրային կարծիքում Ռուսաստանին ուղղված լուրջ դժգոհություններ կային, օրինակ՝ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի մատակարարման առումով… Մենք արել ենք հետեւություններ՝ կապված տարածաշրջանում զինատեսակների հավասարակշռության խախտման հետ, եւ տրամադրել ենք Հայաստանին ամենաժամանակակից պաշտպանական միջոցներ, որը հնարավորություն եք ունեցել տեսնելու Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված զորահանդեսի ժամանակ»,- նշել է Զատուլինը:
Ռուսաստանից վերջին շրջանում լսում ենք հայտարարություններ այն մասին, որ Ռուսաստանը «հետեւություններ է արել»: 2010-2011թթ. Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված 5 միլիարդ դոլարի, այդ թվում եւ հարձակողական զենքի վաճառքի պայմանագրերով նախատեսված մատակարարումներն ըստ ամենայնի ավարտվել են:
Գուցե Մոսկվան իսկապես հետեւություններ է արել ու եզրակացություններ արել, որ ռազմավարական դաշնակից Հայաստանում շարունակաբար Ռուսաստանի նկատմամբ բացասական տրամադրություններ խորացնելը Ադրբեջանին զինելու պատճառով չի բխում Ռուսաստանի շահերից: Դժվար է կանխատեսել, թե Մոսկվայի «բիզնեսը» Ադրբեջանի հետ ապագայում արդյո՞ք կդադարեցվի կամ որքան կարող է նվազել, դա միայն ժամանակը ցույց կտա: Համենայնդեպս հայտնի է, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենքի մատակարարումը շարունակել է նաեւ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո: Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI) զեկույցի՝ նախորդ հինգ տարիներին Ադրբեջանի ներմուծած ողջ սպառազինության 65 տոկոսը եղել է ռուսաստանյան:
Այժմ Ռուսաստանից մեզ հավաստիացնում են, որ Ադրբեջանին նորագույն տեխնիկա չի մատակարարվում. «Իսկապես զինամթերքի որոշակի մատակարարում եղել է, բայց դրանք վճարված ու նախատեսված էին նախկինում ստորագրված պայմանագրերով: Խոսքը սովորական ու պաշտպանողական սպառազինությունների մասին է, ոչ թե ժամանակակից զինատեսակների, որոնք, իմիջիայլոց, մատակարարվել են Հայաստանին բացարձակապես այլ հիմքերով Ադրբեջանի համեմատությամբ»,- Երեւանում ասել էր Զատուլինն ու վստահեցրել, որ Ռուսաստանը կատարելու է անվտանգության ու պաշտպանության ոլորտում Հայաստանի նկատմամբ իր պարտականությունները. «Հայաստանի նկատմամբ ցանկացած հարձակում կամ ռազմական վտանգ Ռուսաստանը դիտարկելու է որպես սպառնալիք հենց իր նկատմամբ»:
Հիշեցնենք, որ վերջերս նաեւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն էր Երեւանում անդրադարձել Ռուսաստան-Ադրբեջան զենքի վաճառքի գործարքներին ու նշել, որ ռուսական կողմը չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, ինչը առկա էր մինչեւ 2016թ. ապրիլյան պատերազմը. «Մենք պարտավոր ենք անել դա այդ պայմանագրերին համապատասխան: Սակայն իմ ունեցած տեղեկատվությամբ՝ դա չի լինի այն մասշտաբներով, որը կար 2016թ. ապրիլի դրությամբ: Անկասկած, մենք արձագանքում ենք իրավիճակին, որը տեղի ունեցավ 2016թ. ապրիլին»:
Պարզապես արժե նկատել, որ Ադրբեջանի հետ Մոսկվայի «բիզնեսի» քաղաքականության վերանայման մասին հավաստիացումներ ցանկալի կլիներ լսել «պատկան մարմիններից», ավելի բարձր մակարդակներից, օրինակ՝ անձամբ Պուտինից կամ Ռուսաստանի ԱԳ նախարարից, որը մասնակցում է ղարաբաղյան բանակցություններին, կամ էլ ՌԴ պաշտպանության նախարարից:
Իսկ հավաստիացումը, թե «Հայաստանի նկատմամբ ցանկացած հարձակում կամ ռազմական վտանգ Ռուսաստանը դիտարկելու է որպես սպառնալիք իր նկատմամբ»՝ առանձնապես Հայաստանի համար ձեռնտու հայտարարություն չէ: Հայաստանի ու Արցախի անվտանգությունը հայ զինվորից ավելի լավ ոչ ոք չի պահպանելու: Բացի այդ՝ Հայաստանի համար ձեռնտու չէ, որպեսզի Հայաստանը դիտարկվի Ռուսաստանի ազդեցության տարածք: Հայաստանի շահերից է բխում վարել դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն: Այս առումով Ռուսաստանը կարծես ընկնում է երկու ծայրահեղությունների մեջ:
Մեզ համար ձեռնտու կլիներ, որպեսզի Ադրբեջանը Ռուսաստանից հարձակողական զենք չստանար, որովհետեւ այդ «գործարքներն» այլ գործառույթ էլ են իրականացնում, դրանց հիմքում Ալիեւն իրեն ազատ է զգում սադրանքների դիմելու ու ռազմական գործողություններ սկսելու հարցում: Սա է ցույց տալիս այն «հիմնավորումների» թուլությունը, երբ հաճախ մեզանում բերվում են, թե՝ «եթե Ռուսաստանից չգնի, միեւնույն է, այլ երկրներից կգնի»: Այո՛, այդպես է, կարող է գնել այլ երկրներից ու գնում է, բայց այլ երկրներից գնումները ավելի խորքային եթե դիտարկենք, չեն նշանակում նաեւ պատերազմի «դաբրո» Ալիեւին, իսկ Հայաստանի ռազմավարական դաշնակցի կողմից վաճառքը ավելի խորքային ուղերձ ունի:
Ի դեպ, վերջին շրջանում ռուսական մամուլում ավելի ու ավելի հաճախ է քննարկվում Ղարաբաղյան պատերազմի անխուսափելիության թեման, եւ այն «բարդ մարտահրավերը» ռուսական դիվանագիտության համար, որի առջեւ կանգնած են հետեւյալ հարցադրմամբ՝ «պահպանել հավասարակշռությունը ֆորմալ դաշնակցի՞», թե՞ «արժեքավոր գործընկերոջ» միջեւ:
Ռուսաստանն ու Ադրբեջանը վաղուց ռազմավարական գործընկերներ են, Ռուսաստանին թելադրել այս կամ այն երկրի հետ համագործակցությունն ու գործընկերությունը դադարեցնել՝ անիմաստ է: Բայց Ռուսաստանի գործընկերներն ու դաշնակիցներն իրենց քայլերով, գործողություններով կարող են իրենց դերն ու ազդեցությունը այլոց պատկերացումներում մեծացնել:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 29.03.2018