Լրահոս
Օրվա լրահոսը

HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանի գործով ՄԻԵԴ-ը հարցեր է ուղարկել

Մարտ 30,2018 14:30

56 միլիոն դրամի գողության գործով օժանդակության համար մեղադրված HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանի գործին «Առավոտն» անդրադարձել է սկսած առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նիստերը լուսաբանելուց մինչեւ ՀՀ վճռաբեկ դատարան:

5.5 տարվա ազատազրկման էր դատապարտվել նա: Աշոտ Առուշանյանի պաշտպանն է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, որը դեռ վերաքննիչ քրեական դատարանում «Առավոտին» հայտնել էր, որ շարունակելու է բողոքարկել դատավճիռը, նաեւ այն նպատակով, որ սպառեն ներպետական բոլոր ատյանները` Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար: Հիշեցնենք, որ Աշոտ Առուշանյանը մեղադրվում է «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն, տուժող Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն 400 հազար դրամի գողություն կատարելուն օժանդակելու մեջ: Նախաքննության մարմինը մեղադրել էր այս գործով ամբաստանյալ Էդգար Կարաքեշիշյանին գողության համար: Իսկ մյուս կասկածյալ Արտաշես Գալուստյանն էլ դեռեւս 2012թ.-ին հոր հետ ինքնասպան էր եղել:

Լիպարիտ Սիմոնյանը դիմել էր ՄԻԵԴ: Իսկ դատարանն էլ ներպետական դատարանների մասով հարցեր է ուղարկել Հայաստանի կառավարությանը: Մասնավորապես՝ արդյոք դատավարության ընթացքում Առուշանյանի կալանավորումը համապատասխանո՞ւմ էր Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին: Առուշանյանին կալանավորելը թույլատրող որոշումները ապահովե՞լ են համարժեք պաշտպանություն կամայականությունից եւ բավարարել օրինականության պահանջը` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով:


Կառավարությունը պետք է պատասխանի՝ արդյոք Աշոտ Առուշանյանը դատաքննության ընթացքում ազա՞տ է արձակվել, թե՞ նա մնացել է անազատության մեջ մինչեւ առաջին ատյանի դատարանի կողմից դատավճռի կայացումը, եւ ներկայացնի համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Հարցերից մեկն էլ առնչվում է 2013թ. հուլիսի 23-ից մինչեւ հոկտեմբերի 28-ը կալանավորմանը: Արդյո՞ք այդ կալանքը օրինական է եղել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` հաշվի առնելով, որ այդ ժամանակահատվածում նրա կալանքը թույլ տվող դատական որոշում չի եղել, իսկ տեղական դատարանները տվե՞լ են «համապատասխան եւ բավարար» հիմնավորումներ Առուշանյանի կալանավորման համար, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպիսին էին դրանք:

Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2012թ. սեպտեմբերի 24-ին քրեական գործն ընդունել է վարույթ։ 2012թ. հոկտեմբերի 4-ին որոշում է կայացվել քրեական գործով դատական քննություն նշանակելու մասին, որով անփոփոխ է թողնվել մեղադրյալ Աշոտ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը: Իսկ կալանքի ժամկետը լրանալու էր 2012թ. հոկտեմբերի 5-ին։

Կալանքի տակ գտնվելու ժամանակ անավարտ էր մնացել Ա. Առուշանյանի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար ատենախոսության հրապարակային պաշտպանությունը՝ «Հարկային վարչարարության կատարելագործման խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:

Դատական գործընթացների ժամանակ հացադուլ էին հայտարարել Աշոտի հիվանդ ծնողները թե նախագահի նստավայրի մոտ, թե վերաքննիչ դատարանի շենքի մոտ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031