Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորի նվերներ բաժանելու ժամանակ միջին ծանրության վնասվածք է ստացել 86-ամյա կինը

Մարտ 30,2018 14:00

Օֆելյա Հարությունյանը երեկ ՄԻՊ գրասենյակից եկել էր «Առավոտ»: Մինչ այդ եղել էր ոստիկանության Շենգավիթի բաժնում, այնտեղից ուղարկել էին շրջանի դատախազի մոտ: Տարեց կինը հազիվ է շարժվում, ռուսախոս է, հաճախ չի հասկանում, թե իրենից ինչ են պահանջում, մինչդեռ, նրա առջեւ դռներ, դռներ, դռներ են…

Եթե դրան գումարենք, որ անցյալ տարի Ամանորից օրեր առաջ օգնություն ստանալու ժամանակ ստացել է ողնաշարի կոտրվածք, ապա պարզ կդառնա, թե ինչ սարսափելի ցավերի միջով է անցնում դեռեւս չապաքինված տարեց կինը:

Այս տարվա հունվարի 8-ին Շենգավիթի ոստիկանության ավագ հետաքննիչ Հ. Մկրտչյանի մոտ Օ.Հարությունյանը հաղորդում էր տվել այն մասին, որ «Առաքելություն Հայաստան» Շենգավիթ համայնքի կենտրոնում սոցիալապես անապահով մարդկանց նվերներ բաժանելու ընթացքում հրել են իրեն, ինչի հետեւանքով նա վայր է ընկել: Նա հրողի անունն էլ էր գրել, պնդել է իր ասածը ոստիկանությունում:

Համաձայն դատաբժշկի եզրակացության՝ Օֆելյա Հարությունյանը ստացել է աջ բազկի շրջանի արյունազեղման եւ աջից երկրորդ կողոսկրի կոտրվածքի ձեւով առողջությունը տեւական ժամանակով քայքայող միջին ծանրության վնասվածք:
Ավագ հետաքննիչը որոշում էր կայացրել նախապատրաստած գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին՝ նախաքննություն իրականացնելու համար:

Տարեց կնոջը երկու օր առաջ բանավոր տեղեկացրել էին, թե «գործը կասեցվել է», սակայն ոչ որոշումն էին ուղարկել նրան, ոչ գիտեր, թե ինչ է նշանակում «կասեցված» բառը:
Գնացել էր ՄԻՊ գրասենյակ, որպեսզի նրան օգնեին՝ ստանալու իր որոշումը, նաեւ հսկողության տակ վերցնեին իր հնարավոր դիմումը:

Սակայն այնտեղից ուղարկել էին գլխավոր դատախազի մոտ:

 

Ռ. Մ.

«Առավոտ»

29.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել