Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստագետը՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարձրագույն պարգեւի կրող

Մարտ 30,2018 12:30

Ճանաչված խմբավար Կարեն Սարգսյանն
արժանացել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի

Արվեստագետներին շնորհվող կառավարական պարգեւների, կոչումների առիթով մշտապես իրարամերժ կարծիքներ են հնչում, մինչդեռ վերջիններս բացակայում են Հայաստանյայց առաքելական եկեղեցու պատվավոր շքանշանների շնորհման դեպքում:
Վաստակավոր արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանը օրերս արժանացել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանի: Արվեստագետն իր գործունեությունը մշտապես զուգահեռել է հոգեւոր, եկեղեցապատկան երգչախմբերի հետ: Հիշեցնենք՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ»-ը հաստատվել է 1978թ. Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ: Ի դեպ, այն շնորհվում է նաեւ գիտության, կրթության, գրականության եւ արվեստի տարբեր բնագավառներում մատուցված նշանակալի ծառայությունների համար եւս:

Հայաստանյայց եկեղեցու պատվավոր բարձր շքանշանի հանձնման արարողությունը:

«Առավոտի» հետ զրույցում Կարեն Սարգսյանը հայտնեց, որ հոգեւոր ոլորտում առաջին անգամ երգչախումբ ղեկավարել է 1977թ., դա Սուրբ Պատարագի երգեցողությունն էր Էջմիածնի Գայանե վանքում՝ Վազգեն Ա կաթողիկոսի հրամանով: Հետո էլ մանրամասնեց. «Այդ թվականին էր, որ Վազգեն Ա կաթողիկոսի հրամանով նշանակվեցի Սուրբ Գայանե վանքում որպես երգչախմբի ղեկավար, հետո գործունեություն ծավալեցի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում: Այնուհետեւ սկսվեց մանկավարժական գործունեությունս Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում, որտեղ միեւնույն ժամանակ ղեկավարում էի տեղի երգչախումբը: Ստեղծագործական գործունեությանս տարիներին երկարաժամկետ մշակութային ծառայության եմ մեկնել Ավստրալիայի Սիդնեյ, ապա Սիրիայի Հալեպ քաղաքներ, հետո էլ՝ ԱՄՆ-ի հայկական գաղթօջախների եկեղեցիներ»: Մեր զրուցակիցը մանրամասնեց, թե, օրինակ, Հալեպում՝ Սուրբ Գեւորգ եկեղեցում ծառայելու ժամանակահատվածում տեղի երգչախմբի հետ ձայնագրել է խտասալիկ Հայկական Սուրբ Մեսսայի ամբողջական հատվածը՝ այն տարիներին Գերաշնորհ տեր Բերիո թեմի առաջնորդ Սուրեն արքեպիսկոպոս Գաթարոյանի՝ որպես պատարագային քահանա մասնակցությամբ. «Այս պահին չեմ կարող մտաբերել բոլոր ձայնագրությունները, միայն վերջերս Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու երգչախմբի եւ Խորեն Մեյքանեջյանի մասնակցությամբ հավերժացրինք «Խորենյան պատարագը», որը խտասալիկի ձեւաչափով թողարկվեց Նյու Յորքում»:

Խմբավարին շնորհավորում է մաեստրո Օրբելյանը:

Կարեն Սարգսյանն իր ավելի քան 40 տարվա խմբավարական գործունեության ընթացքում աշխատել է երգչախմբային արվեստի ակադեմիական ամենաբարձր երկու հարթակներում՝ օպերային թատրոնում եւ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի համակարգում: Հետաքրքրվեցինք՝ առաջին հայացքից իրարից տարբեր այս երկու ոլորտներում արդյոք շա՞տ են ընդհանրություններն ու տարբերությունները: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Աշխատանքս օպերային թատրոնում կտրուկ տարբերվում է զուտ խմբավարի աշխատանքից: Թատրոնի այս ստորաբաժանումը (նկատի ունի երգչախումբը), որի գլխավոր խմբավարն եմ, սովորական երգչախումբ չէ: Թեեւ պաշտոնս գլխավոր խմբավար է, սակայն դա իրականում աշխատանքիս փոքր մասն է, քանի որ գործ ունեմ նվագախմբի, մեներգիչների, բալետային խմբի, ռեժիսորական տարբեր մտահղացումների եւ այլ ստեղծագործական պրոցեսների հետ: Ես այն կարծիքին եմ, որ օպերային թատրոնի երգչախումբը ղեկավարելու համար անհրաժեշտ է ունենալ օպերային սիմֆոնիկ դիրիժորի որակավորում: Ինչ վերաբերում է հոգեւոր ոլորտի խմբավարի գործունեությանը, այնտեղ միայն երգչախումբն է՝ իրեն հատուկ, կարճ ասած՝ դժվարություններով, որտեղ միանշանակ ու անհամեմատ հեշտ է հասնել ցանկալի արդյունքի»:


«Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանակիր, Ազգային օպերային թատրոնի երգչախմբի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանի գործունեությունը թատրոնում կարելի է ներկայացնել մեկ նախադասությամբ՝ նրա ղեկավարությամբ երգչախումբը գլխավոր եւ անփոխարինելի մասն է օպերային բոլոր եւ բալետային որոշ ներկայացումներում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

29.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել