Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ  ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մարտ 30,2018 10:30
shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ տասնմեկերորդ

ԼԱՎ  ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եվ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոնց որ Փելեշը չի սիրում, որ իր ու Ռեւազի առնչությունը հիշատակում են, Տիգրանն էլ չի սիրում, որ իր կինոերաժշտությունն են գովում», եւ Տիգրանը ժպտալով Հրանտին հարցրեց՝ «դրա համար ե՞ս գովում», եւ Ֆրունզիկը ժպտալով Հրանտին ասաց՝ «էսօր թարս ես զարթնել, Հրանտ ջան», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ՝ ով ոնց ա զարթնել, բայց որ չենք քնելու, էդ փաստ ա», եւ Ֆրունզիկը նայեց ժամացույցին ու ասաց՝ «էլ ի՞նչ քնել. արդեն ժամը չորսն ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ժամը մեկին թռնում ենք», եւ Հրանտն ասաց՝ «մեկին ենք թռնում, բայց տասնմեկին պիտի Դոմոդեդովոյում լինենք», եւ Ֆրունզիկը նայեց ժամացույցին ու ասաց՝ «ժամանակը ո՜նց ա թռնում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «չորս ժամից ավել ա՝ էստեղ նստած խոսում ենք», եւ Փելեշյանն ասաց՝ «չորս ժամից ավել ա խոսում ենք, բայց ոչ մի լուրջ բան չենք ասել», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «որովհետեւ Հրանտն էսօր թարս ա զարթնել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «թարս զարթնելն ու լավ տրամադրությունը շփոթում ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մեկ էլ եսիմ երբ էսպես իրար գլխի հավաքվենք», եւ Աղասի Այվազյանն ասաց՝ «դուք չգիտեմ, բայց ես երեւի գնամ՝ մի քանի ժամ քնեմ», եւ Ֆրունզիկը ժպտալով Աղասուն ասաց՝ «դու իրավունք ունես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մեջներիս տարիքովն ես», եւ Աղասին արդարանալով ասաց՝ «որ գոնե մի ժամ չքնեմ, գլխացավս կսկսվի», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «համ էլ՝ որ լուրջ բաներ չենք խոսում, մնաս՝ ի՞նչ անես», եւ Աղասին մի քիչ մտածեց ու ասաց՝ «լուրջ բաներից կուշտ ենք, Հրանտ ջան», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «էդ Փելեշին ասա», եւ Աղասին մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Փելեշն ավելի կուշտ ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «բայց որ ոչխարները գողացել էին, մի քիչ սովածացել էր», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Հրանտին ասաց՝ «ես շատ ուրախ եմ, Հրանտ ջան», եւ Հրանտը զարմացած նայեց Փելեշյանին ու հարցրեց՝ «ինչի՞ համար ես ուրախ», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վաղուց քեզ էսպես լավ տրամադրությամբ չէի տեսել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մի գլուխ հանաքներ ես անում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Փելեշյանին ասաց՝ «տարոսը քեզ», եւ Աղասին ասաց՝ «տարոսը բոլորիս» եւ ոտքի կանգնելով ավելացրեց՝ «ես գնացի. բարի գիշեր», եւ մենք ասացինք՝ «բարի գիշեր», եւ երբ Աղասին գնաց, Ֆրունզիկը ժպտալով Փելեշյանին ասաց՝ «բայց Հրանտի հանաքների մեջ ահագին կծվություն կա», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես կծու շատ եմ սիրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ՝ կծու Հրանտ Մաթեւոսյան» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ մինչեւ լույս Ռեւազի հաշվով հոգուս հետ խաղա, ծպտուն չեմ հանի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց լավ էլ ծպտուն էիր հանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոնց որ նեղանում էիր», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ղալաթ եմ արել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էնպես որ՝ կարաս նույն ոգով շարունակես»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031