«Այս պահին մեր օրակարգում կառավարության ձևավորման խնդիր դեռ դրված չէ»,-ՀՀԿ Գերագույն մարմնի (ԳՄ) նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին՝ուզո՞ւմ են Ծառուկյան դաշինքին տեսնել կոալիցիայում, պարոն Շարմազանովն արձագանքեց՝ ուզելը քաղաքական կատեգորիա չէ. «Այստեղ գործում է քաղաքական արդյունավետության հարցը: Սակայն այս պահին մեր օրակարգում կառավարության ձևավորման խնդիր դեռ դրված չէ»:
Անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը՝ պարոն Շարմազանովը վստահեցրեց, որ որպես ժողովրդավարական երկրի դեսպան այլ բան հայտարարել չէր կարող. «ԱՄՆ-ին դիտարկում ենք որպես ՀՀ գործընկեր պետություն, որտեղ ժողովրդավարական արժեքները բարձր մակարդակի վրա են: Պարոն Միլսի հայտարարությունը համարում եմ կարևոր ազդակ, որ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, ոչ թե սահմանադրական կարգը բռնի միջոցով խախտելու միջոցով:
Տարօրինակ էր և անտրամաբանական, որ փորձում էին այս ամենին տալ քաղաքական աստառներ: Դա օգուտ չի բերում ոչ մեկին: Դեսպան Միլսի հայտարարությունը Սասնա ծռերի վերաբերյալ, որին փորձում էին քաղաքական աստառ տալ ու քաղաքական ստվերի ու շողի տակ ներկայացնել, անընդունելի է: Դեսպան Միլսը հենց այդ մասին խոսեց: Նա փաստեց, որ ՀՀ-ում քաղաքական բանտարկյալներ չկան»:
Լրագրողների հիշեցմանը՝ ԵԼՔ դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են պայքարել Սերժ Սարգսյանի՝ վարչապետության դեմ, նույնիսկ պատրաստվում են քվեարկության օրը փակել Բաղրամյան փողոցը, որպեսզի պատգամավորները չկարողանան մասնակցել քվեարկության, պարոն Շարմազանովը պատասխանեց.
«Վարչապետության հարց դեռ չենք քննարկել: Ժամանակը կգա, կքննարկենք և կհայտնենք մեր որոշման մասին: Ես իմ անձնական դիրքորոշումն ունեմ, և իմ ՀՀԿ-ական գործընկերների հետ ընդունելու ենք որոշում, որը բացառապես սպասարկելու է ՀՀ պետական ու ազգային շահը՝ հաշվի առնելով արտաքին և ներքին մարտահրավերները: Ինչ վերաբերում է պարոն Փաշինյանի հայտարարություններին, ապա որևէ մեկը՝ ոչ Էդուարդ Շարմազանովը, ոչ Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավորների խոչընդոտելու քվեարկելու՝ մեր սահմանադրական իրավունքը: Մեզ ժողովուրդը ձայն է տվել, և օգտվելով ՀՀ-ում մեր միակ պատվիրատուի՝ քաղաքացիների պատվերից, մենք կիրականացնենք այդ որոշումը: Մնացած իրավապահների որոշելիքն է: Ոչինչ ու ոչ ոք չի կարող սահմանափակել իմ սահմանադրական իրավունքը որպես ԱԺ պատգամավոր քվեարկել իմ խղճին համապատասխան: Քանի որ ՀՀ-ն Վոլգոգրադ չէ, որ ով բարձր գոռա, նա որոշի: ՀՀ-ում, ինչպես բոլոր ժողովրդավարական երկրներում որոշում են ընտրություններով»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ պարոն Շարմազանովն ասաց, թե չի կարելի մինչև ժամը մեկը լինել ընդդիմադիր, խորհրդարանում հարցապնդումներ ներկայացնել՝ օգտվելով սահմանադրությամբ ընդդիմությանը տրված լիազորություններից և իրավունքներից և մերժել Սահմանադրությամբ՝ իշխանությանը տրված իրավունքները:
Ամփոփելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության տարիները ՀՀԿ խոսնակը նշեց, որ պարոն նախագահին հաջողվել է ունենալ ամուր բանակ, մենք կարողացանք տարածաշրջանում դառնալ գործոն, ոչ թե գործիք: Նա ՀՀ երրորդ նախագահի նախագահության տարիները գնահատեց որպես բարեփոխումների և պետականաշինության տարիներ:
Ամփոփելով պարոն Շարմազանովը նշեց, որ 2018-ին կարող ենք արձանագրել, որ Հայաստանի երրորդ նախագահի վարած ճկուն քաղաքականության արդյունքում մենք ունենք ազատ քաղաքացիական հասարակություն և ազատ մամուլ. «Սա իմ գնահատականները չեն, այլ ԱՄՆ հարգարժան դեսպանի: Նա իր հարցազրույցներից մեկում խոսել էր այդ մասին »:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ