«Մենք Ժիրայր Սեֆիլյանին ճանաչել եւ ճանաչում ենք որպես քաղբանտարկյալ», այսպիսի հայտարարության տակ ստորագրելով՝ մի շարք կազմակերպություններ դատապարտել էին Ժիրայր Սեֆիլյանի դեմ դատավճիռը:
Այդ ՀԿ-ների թվում էին նաեւ լրագրողական կազմակերպություններ: Թե լրագրողական կազմակերպություններն ի՞նչ առնչություն կարող են ունենալ որեւէ մեկին քաղբանտարկյալ համարել-չհամարելու հետ՝ մենք այս թեմայով զրուցեցինք Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ: ԽԱՊԿ-ը նույնպես ստորագրել էր այդ հայտարարության տակ:
Պարոն Մելիքյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը ոչ միայն լրագրողական է, նաեւ որոշ առումով իրավապաշտպան կազմակերպություն է, բացի դա, ՀԿ է. «Քանի որ հասարակական կազմակերպությունը առհասարակ քաղաքացիական հասարակության ինստիտուտներից մեկն է, կարող է իր դիրքորոշումն արտահայտել այս կամ այն հարցի շուրջ, անպայման չի, որ ինքը նեղ մասնագիտական գործունեությամբ միայն զբաղվի: Իսկ այն, ինչ տեղի է ունեցել, ես կարծում եմ, հասարակական հնչեղություն ուներ եւ բնական է, որ որպես ակտիվ քաղաքացիներ, կազմակերպություն, կարող է, շատ հաճախ մենք համարում ենք, որ պարտավոր է նույնիսկ դիրքորոշում ունենալ եւ արտահայտել: Բացի դա, մեր գործընկեր կազմակերպությունների կարծիքը մեզ համար ծանրակշիռ է եւ դրա հետ մենք հաշվի ենք նստում: Որպես կանոն, մենք հաշվի ենք առնում Հայաստանի Հելսինկյանի կոմիտեի կարծիքը, այլ գործընկերների կարծիքը եւ նրանց եզրակացությունները մեզ համար նշանակություն ունեն: Իսկապես, մենք տեղյակ էինք եւ հետեւում էինք գործընթացներին, այդ թվում՝ դատական գործընթացին եւ մեզանում բազմաթիվ հարցեր են ծագել, որի պատասխանը ոչ իրավապահ մարմինները տվեցին, ոչ էլ դատարանը՝ իր որոշմամբ: Բոլոր հիմքերը կան ասելու, որ Ժիրայր Սեֆիլյանը քաղաքական այլախոհության քաղաքական գործունեության հետեւանքով է այդ ծանր պատժին արժանացել: Դա բնորոշ է քաղբանտարկյալներին»:
Աշոտ Մելիքյանն ասաց, որ շատ բնական է, որ այդպիսի հայտարարությունների տակ ստորագրում են լրագրողական ՀԿ-ները նաեւ, որովհետեւ առհասարակ ՀԿ-ները չեն կարող միայն նեղ մասնագիտական շրջանակներում մնալ. «Շատ ժամանակ քաղհասարակության կարծիքը այդ կազմակերպությունների միջոցով է հայտնվում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ներկայիս հայաստանյան անտիրության ու ամենաթողության դրսևորումներից մեկն է: ՀաԿա-ները` օտարերկրյա գրանտակերներ են, քողարկված գործակալներ, որոնց գործունեությունը դուրս է եկել հասարակական գործունեության ասպարեզից ու ակտիվ ներխուժել քաղաքական դաշտ` առանց քաղաքական կուսակցություն գրանցելու: Միայն Սերժի վարչակազմի թուլամորթության պատճառով է, որ նման ՀաԿա-ների օրինազանցություններն ու հանցագործությունները մնում են անպատիժ: