Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Միլսը մեծագույն սխալ է թույլ տալիս». Դավիթ Սանասարյանը՝ ԱՄՆ դեսպանին

Մարտ 29,2018 20:21

«Պարոն Միլսը սխալվում է, երբ ասում է ընտրված իշխանություն: Նա մեծագույն սխալ է թույլ տալիս, որովհետեւ ընտրությունների արդյունքները կեղծվել են, ընտրությունները տեղի են ունեցել մասսայական ընտրակաշառք բաժանելու արդյունքում եւ շատ տեղամասեր պարզապես փոխել են արդյունքները: Այնպես որ, այդքանով պարոն Միլսը սխալվում է: Ինչ մնում է նրան, որ չեն աջակցում Սասնա ծռերին, դա իրենց երկրի քաղաքականությունն է, ինչ էիք մտածում, որ ԱՄՆ-ն կամ որեւէ այլ երկիր պետք է հայտարարեր, որ զենքով պայքարի՞ են աջակցում»,- Aravot.am-ի հետ զրույցում քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանն այսպես մեկնաբանեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ Aysor.am-ին տված մեկնաբանությունը՝ «Սասնա ծռերի» մասին:

Միլսն ասել էր, որ «Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերին, ինչպիսին «Սասնա Ծռերն» են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք: Մենք չենք հանդուրժում «Սասնա Ծռերի» և մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին՝ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար: Անցած տարի «Սասնա Ծռերի» անդամների գործողությունների հետեւանքով մարդկային կյանքեր կորսվեցին, իսկ մերձակա համայնքի բնակիչները անհարկի հայտնվել էին սոսկալի իրավիճակում»:

Դավիթ Սանասարյանի խոսքով՝ «Ինձ համար նորություն չի ասել պարոն Միլսը, հետո սա մեր երկրի ներքին գործերն են, բայց երբ որ պարոն Միլսը խառնվում է մեր երկրի ներքին գործերին եւ ասում ընտրված իշխանություն, այդ պարագայում իրականությունից կտրված է պարոն Միլսի, այն ժամանակ իրենց նախագահ Օբամայի մոտեցումները: Օբաման առաջինն էր, որը ճանաչեց այդ կեղծած ընտրությունները»:

Դավիթ Սանասարյանն ասաց, որ իշխանական լրատվամիջոցներն էին փորձում այնպիսի տպավորություն ստեղծել, թե Արեւմուտքը, ԱՄՆ-ն աջակցում էր Սասնա ծռերին ու բանը հասավ նրան, որ այդ երկրի դեսպանն ասի՝ մենք կապ չունենք:

Մեր հարցին՝ ըստ ձեզ, ովքե՞ր են «Սասնա ծռերին» աջակցողները՝ Սանասարյանը պատասխանեց. «Բազմահազարանոց քաղաքացիները: Դուք տեսել եք ցույցերը, բացի դրանից, Սփյուռքից, ամենատարբեր տեղերից իրենց աջակցությունն են հայտնել մեր հայրենակիցները: Որեւէ պետություն չեք գտնի, որ Սասնա ծռերին աջակցում է, մեր հայրենակիցներն են»:

Դիտարկմանը, որ «Սասնա ծռերին» աջակցող միայն նեղ շրջանակ կա՝ Դավիթ Սանասարյանը չհամաձայնեց. «Բազմահազարանոց քաղաքացիների աջակցությունը մենք տեսել ենք Խորենացի եւ մյուս փողոցներում, քաղաքացիները իրենց սոլիդարությունը, համախոհությունն են հայտնել: Ես ինքս այդտեղ իմ աջակցությունը հայտնել եմ: Իշխանությունը հակաօրինական ձեւով, ապօրինի ձեւով վերցնում է իշխանությունը, մյուս կողմը չի ընդունում իրենց արդյունքները եւ իրավասություն է վերցնում, որ բալանսի բերի, այսինքն, ուզում է ասել, որ եթե դու ուժ ունես, ես էլ ունեմ: Շատ կցանկանայի, որ Հայաստանում երբեք նման բաներ չլինեին: Եթե ընդունում ենք, որ իշխանությունը ապօրինի է, ուրեմն ովքեր դատապարտում են «Սասնա ծռերին», կողմնակիցը չեն զինված պայքարին, նրանք պիտի դատապարտեն նաեւ իշխանություններին: Ես ինքս զինված պայքարի կողմնակիցը չեմ, բայց երբեւիցե չեմ դատապարտել «Սասնա ծռերին», որովհետեւ նրանք իրենց իրավունքն են իրացնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Բազմահազարանոց քաղաքացիներ», զառանցական երեւակայութեանդ մէջ միայն

    Սփիւռքի պարագային, յիսուն հոգի չես գտներ որ համաձայն են այդ արունահեղ յիմարութեան հետ. այդ յիսունից քառասունհինգն ալ Հայաստանից փախած դասալիքներից են.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031