Կրթության եւ գիտության նախարարությունը մտադիր է ռազմահայրենասիրական դաստիրակության ռազմավարություն (ՌՀԴ) ներդնել հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում եւ քոլեջներում: «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիրակության ռազմավարություն» (հեղինակ ԿԳՆ) նախագիծն այս պահին արդարադատության նախարարության e-draft.am կայքում է տեղադրված:
Ներածությունում գրված է՝ «Ռազմավարությունն ուղղված է ՌՀԴ իրականացման կայուն զարգացման ապահովմանը՝ նպաստելով գործունյա, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ քաղաքացու ձեւավորմանը, հայոց բանակում պատանիների ծառայության նախապատրաստմանն ու պարտքի զգացումի ձեւավորմանը, զինվորականի մասնագիտության հանդեպ գրավչության մեծացմանը, ազգային արժեքների գիտակցմանը, հայրենիքի հանդեպ նվիրվածության գիտակցմանը, կարգապահության ամրապնդմանը, հայրենիքը թշնամուց պաշտպանելու գիտակցմանը: ՌՀԴ-ն անձի ձեւավորման մշտական գործընթաց է, որն ուղղված է հայրենիքի հանդեպ սիրո ցուցաբերման, նրա պաշտպանությանը բարոյապես եւ ֆիզիկապես պատրաստ քաղաքացու ձեւավորմանը»:
Այս ռազմահայրենասիրական դաստիարակությունը ներդնելու անհրաժեշտությունը հեղինակները պայմանավորում են ներքին եւ արտաքին մարտահրավերներով: Արտաքին մարտահրավերներից նշված են՝ պատերազմները, շրջափակումը, հարեւան որոշ պետությունների ծավալապաշտական նկրտումները եւ այլն:
Սակայն առավել ուշագրավ են հեղինակների նշած ներքին մարտահրավերները: Դրանք են՝ «հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիների առկայությունը, զինվորական ծառայության եւ զինվորականի մասնագիտության հանդեպ գոյություն ունեցող անտարբերությունը, օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը, անկարգապահությունն ու անդաստիարակությունը, դպրոցահասակ երեխաների մոտ (հատկապես՝ ավագ դպրոցի) փողոցային արատավոր վարքագծի դրսևորումների աճը (փողոցային արատավոր բառամթերքի օգտագործումը եւ համապատասխան վարքագծի դրսեւորումը), արտագաղթը, տնտեսության դանդաղ զարգացումը՝ պայմանավորված վերը նշված գործոններով, թմրամոլությունը, թունամոլությունը, սեռական այլասերվածությունը»:
Եվ, հեղինակներն իրենց նախագիծը հիմնավորում են՝ «ՌՀԴ-ն աճող սերնդի մեջ հայրենիքի հանդեպ սեր, նրա պաշտպանությանը պատրաստ եւ պատրաստակամ, կարգապահ, բարոյագիտական, համամարդկային ու ազգային արժեքները գիտակցող եւ համապատասխան վարքագիծ դրսեւորող քաղաքացու ձեւավորմանն ուղղված գործընթաց է»:
«Այս ռազմավարությունն անընդունելի է եւ իրավական փաստաթուղթ չի կարող համարվել»: Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ Լուսինե Խառատյանը, նշելով, որ ուսումնասիրում է այն:
Խառատյանի կարծիքով՝ այս ռազմավարությունը գալիս է ազգ-բանակ հայեցակարգից, սակայն ռազմավարությունն իր բնույթով ավելի տոտալիտար ձեւով է արված է:
«Կրթության բոլոր մակարդակներին է անդրադառնում, եւ ոչ պրոֆեսիոնալ ձեւակերպումներ կան, որոնք իրավական չեն»,-ասաց Խառատյանը: Նա նշեց մարտահրավերներից մեկը՝ «օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը»: Ըստ Խառատյանի` այս դրույթում իրավական որոշակիության սկզբունքը խախտված է, մնացած դրույթներն ու մարտահրավերներն էլ հավելյալ բացատրելու ու ձեւակերպումների կարիք ունեն: «Մեկը կարող է ասել՝ «մինի յուբկայով» դպրոց գալը օտար մշակույթի հանդեպ հակվածություն ունենալ է: Մյուսը կարող է ասել՝ մազերի կարճ կամ երկար սանրվածքը, կապույտ ներկելն էլի նման միտում է: Այդ դրույթն անընդունելի է եւ կոռկետ չէ»,-ասաց Խառատյանը: Նրա խոսքերով՝ այդ մարտահրավերները նշելով մեր երկրում թիրախավորվում են մարդիկ:
«Նշել են՝ զինվորական ծառայության եւ զինվորական մասնագիտության հանդեպ գոյություն ունեցող անտարբերությունը: Չեն խոսում պատճառներից, որոնց հետեւանքով մարդիկ անտարբեր են դրանց հանդեպ, ուղղակի ձեւակերպվում է որպես մարտահրավեր: Պատճառներն էլ որպես այս ցանկի հավասարազոր մաս են բերում, ինչպիսես, օրինակ՝ տնտեսության դանդաղ զարգացումը` պայմանավորված վերը նշված գործոններով: Ինչպե՞ս կարող է տնտեսության դանդաղ զարգացումը պայմանավորված լինել օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու միտումով, կամ իրենց նշած այլ գործոններով: Հետո՝ նույն հարթության վրա է դրվում թմրամոլությունը, թունամոլությունը, անկարգապահությունը, անդաստիարակությունը եւ ասենք արտագաղթը: Գրված է սեռական այլասերվածությունը եւ նման այլ արատավոր երեւույթները: Ի՞նչ են հասկանում սեռական այլասերվածություն տակ: Այս ձեւակերպումները հավելյալ բացատրությունների կարիք ունեն, սա չի կարող իրավական փաստաթուղթ լինել: Նման բան փաստաթղթում գրելիս, առնվազն պետք է հետազոտության հղում ու վիճակագրություն լինի, ինչն այստեղ բացակայում է»:
Մեկ այլ դրույթի՝ «ՌՀԴ իրականացման գործընթացի իրավական կարգավորման հիմքում պետք է դրված լինեն նորարարությունն ու չափավոր պահպանողականությունը» մասին էլ Խառատյանը հարց հնչեցրեց՝ չափավոր պահպանողականությունն ի՞նչ կապ ունի իրավական կարգավորման հետ. «Սրանք 2 տարբեր դաշտերից են: Այս դրույթում նշել են՝ չափավոր պահպանողականությունը բխում է հասարակության զարգացման ընդհանուր պատմական օրինաչափություններից: Որո՞նք են այդ ընդհանուր պատմական օրինաչափությունները: Այս ռազմավարության ամեն մի կետը դեկլարատիվ, պաթետիկ բառակույտ է: Այս փաստաթուղթը վտանգում է մարդկանց մի ամբողջ խումբ եւ դարձնում խտրականության թիրախ: Ցանկացած մեկը կարող է ասել՝ հագուստդ հայեցի չէ, եւ քանի որ կա նման ռազմավարություն, հիմք է խտրականության ենթարկել աշակերտին կամ ուսանողին: Առանց այն էլ դասավանդումը «ավտարիտետի» վրա է, եւ նման ձեւակերպումները լրացուցիչ չարաշահումների տեղիք կտան՝ ավելի կոպիտ վերաբերմունքի սովորողի հանդեպ»:
Մեր այն դիտարկմանը, որ այս նախագծից արդյոք տպավորություն չի՞ ստեղծվում, որ ռազմահայրենասիրության քողի տակ երեխաներից ուզում են «կամիկաձեներ» «հունցել» եւ թշնամու դեմ պայքարի ուղարկել, առավել եւս, որ նախագծում քարոզչության մաս են նախատեսում դարձնել ԶԼՄ-ներին, Խառատյանն այսպես արձագանքեց. «Իմ տպավորությունն էլ դրան շատ մոտ է, որովհետեւ այս ռազմավարության թե՛ բառամթերքն է այդպիսին, եւ, եթե ուշադրություն դարձնենք ընդհանուր միտումներին մինչ այս ռազմավարությունը, ձեր նշած ուղղությամբ բազմաթիվ քայլեր են անում, եւ որոշ դասագրքեր էլ նույն ոգով են: Հայրենասիրություն այս մեթոդներով երբեք չեն սերմանում: Այս ռազմավարությամբ իրենց ուզածը հայրենասիրությունը չէ, այլ, կոպիտ եմ ասում, իրոք, «կամիկաձե» պատրաստելը: Այդ տոտալ ռազմականացումը, երբ մեր երկիրն ունի տնտեսա-սոցիալական, մարդու իրավունքների տեսանկյուններից չլուծված խնդիրներ, ուղղակի տանում է դեպի փակ տոտալիտար հասարակարգ, որտեղ չգիտես՝ ինչու, մարդկանց փոքր էլիտաներն այս ամենից դուրս են, իսկ մնացած քաղաքացիները պատրաստվում են զոհ գնալու այդ էլիտայի համար»:
Ռազմավարության ընդհանուր գաղափարախոսությունում արդյո՞ք նկատվում է ենթատեքստ՝ խաղաղության չենք պատրաստվում, մեր այս դիտարկմանն էլ Խառատյանը արձագանքեց. «Պատրաստվում ենք պատերազմի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
բա ուրիշ ինչի պիտի պատրաստվեն սերունդները, անգամ կույրը կհասկանա, որ այսպիսի հարևանների մեջ միշտ պետք է պատրաստ լինես պատերազմի։
Անգամ Շվեցարիան որ դարեր շարունակպատերազմ չի տեսել, միշտ պատրաստ է։