ԱՄՆ-ում ակտիվորեն քննարկվում է Facebook սոցցանցի հետ կապված սկանդալը, երբ հայտնի դարձավ, որ սոցցանցը թույլատրել է օգտագործել իր շուրջ 50 մլն օգտատերերի տվյալները: Բազմաթիվ ձախ վերլուծաբաններ անմիջապես եզրակացրին, որ հենց դա էլ օգնել է Դոնալդ Թրամփին հաղթել նախագահական ընտրություններում:
Անկախ այն բանից, թե ինչով կավարտվի այդ սկանդալը հենց սոցցանցի համար, ամբողջ աշխարհում մեկնաբաններին և օգտատերերին մտահոգում է իրենց տվյալների անվտանգությունը:
Բրիտանական The Guardian պարբերականի սյունյակագիր Դայլան Քարենը փորձել է պարզել՝ ինչ տվյալներ են հավաքում մեր մասին Facebook-ը և Google-ը:
Google-ը գիտի՝ որտեղ եք դուք եղել
Google-ը հիշում է ձեր բոլոր տեղաշարժերը և դրանք գրանցում քարտեզում: Եվ որքան շատ Google –ի ծառայություներից եք դուք օգտվում, այնքան մանրամասն է դառնում ձեր տեղաշարժերի պատմությունը: Google Maps-ում բոլոր հարցումները, հյուրանոցների և ավիատոմսերի պատվերների բոլոր նամակները, որոնք ստանում եք Gmail-ով, այդ ամբողջը հայտնվում է քարտեզում:
Google Maps-ի ձեր տվյալները կարող եք տեսնել այստեղ:
Google-ը գիտի՝ ինչ եք փնտրել և անգամ ջնջել
Google-ը պահպանում է ձեր որոնման պատմությունը բոլոր սարքերով: Դա նշանակում է, որ անգամ, եթե դուք հեռացնում եք ձեր որոնման պատմությունը և հեռախոսի պատմությունը մի սարքի վրա, տվյալները դեռ կարող են պահպանվել մյուս սարքերի վրա:
Նախկինում արված ձեր որոնումները կարող եք գտնել այստեղ:
Google-ն ունի ձեր առանձին պրոֆիլը գովազդատուների համար
Google-ը կազմում է ձեր գովազդային պրոֆիլը՝ օգտագործելով ձեր մասին ունեցած տեղեկատվությունը՝ գտնվելու վայրը, հոբբիները, ընտանեկան կարգավիճակը, սեռը, տարիքը, հետաքրքրությունները, անգամ քաշը և եկամուտները:
Գովազդային պատկերը կարելի է տեսնել հետևյալ հղումով:
Google-ը հիշում է բոլոր հոլովակները, որոնք դուք դիտում եք YouTube-ում
Google-ն իր մոտ պահում է ձեր յութուբյան ամբողջ պատմությունը, հետևաբար նրանք, հավանաբար, գիտեն, որ դուք շուտով պատրաստվում եք ծնող դառնալ, գիտեն՝ արդյոք դուք պահպանողական եք, թե առաջադեմ, քրիստոնյա, հրեա, թե մուսուլման, արդյոք դեպրեսիվ եք և ինքնասպանության մտքեր ունեք, արդյոք դուք տառապում եք անորեքսիայով…
Ձեր յութուբյան պատմությունը կարող եք դիտել այստեղ:
Ձեր մասին ամբողջ տեղեկատվությունը դուք կարող եք ներբեռնել
Նման հնարավորությունից օգտվել է սյունյակագիրը՝ ներբեռնելով 5.5 գբ տարողությամբ իր տվյալները՝ միլիոնավոր էջեր և հազարավոր լուսանկարներ, ինչպես նաև նամակները, կոնտակտները, Google Drive-ում պահվող ֆայլերը, գնումների պատմությունը և այլն:
Ձեր մասին տեղեկատվությունը կարող եք ներբեռնել այստեղից:
Facebook-ը նույնպես հսկայական տվյալներ ունի ձեր մասին
Այս սոցցանցը գործում է գրեթե նույն սկզբունքով. այն նույնպես հնարավորություն է տալիս ներբեռնել ձեր մասին բոլոր տվյալները: Արխիվը նկատելիորեն ավելի փոքր է (հոդվածագրի մոտ՝ 600 մբ): Դրա մեջ մտնում են ոչ միայն ձեր լուսանկարներն ու գրառումները, այլև Facebook-ում գրանցվելու առաջին իսկ օրվանից սկսած ձեր բոլոր հաղորդագրությունները, բոլոր ֆայլերը որ ուղարկել կամ ստացել եք, հեռախոսում գրանցված բոլոր հեռախոսահամարները:
Այդ տեղեկատվությունը կարելի է ներբեռնել այս հղումով:
Facebook-ը նույնպես կազմում է ձեր գովազդային պրոֆիլը
Դա արվում է ձեր մեկնաբանությունների և նամակագրության վերլուծության հիման վրա: Այն բառերը, որոնք դուք հաճախակի եք օգտագործում և որոնք հանդիպում են հատուկ գովազդային բառարանում, հենց կլինեն ձեր հետաքրքրությունները:
Վերլուծության մեջ հաշվի են առնվում ձեր «լայքերը» և օգտագործած սթիքերները:
Եթե Facebook հավելվածը աշխատում է Android հարթակով աշխատող սմարթֆոնի վրա, ապա դա հասանելիություն է տալիս գրեթե ամեն ինչի
Դրանք են՝ հասանելիություն բարձրախոսին և վեբ-տեսախցիկին, հեռախոսահամարներին, նամակներին, օրացույցին, զանգերի պատմությանը, բոլոր հաղորդագրություններին (ոչ միայն Messenger-ով ստացված, այլև sms-ներին), ներբեռնած ֆայլերին, խաղերին, լուսանկարներին, երաժշտությանը, հոլովակներին:
Եթե դուք անցնում եք Google-ի հղումով, նա դա հիշում է
Ներբեռնած փաստաթղթերում Դայլան Քարենը գտել է սեփական այցելությունները The Pirate Bay:
Google-ը պահպանում է բոլոր ֆայլերը, որոնք դուք ջնջել եք Google Drive-ից
Մի կողմից, դա հնարավորություն է միշտ վերականգնել անհրաժեշտ տարբերակը, մյուս կողմից ստացվում է, որ համակարգը չունի «ընդմիշտ հեռացնել» տարբերակը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ