Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պաշտոնյաների ձերբակալություններ Շիրակի մարզում․ պատճառը կոռուպցիոն սկանդալի մեջ կասկածվելն է

Մարտ 29,2018 17:50

Քիչ առաջ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարականով ձերբակալվել են Շիրակի մարզի խոշորացված Անի համայնքի Իսահակյան բնակավայրի լիազոր ներկայացուցիչ Արտավազդ Արսենյանն ու Ամասիա համայնքի Մեղրաշատ բնակավայրի ներկայացուցիչ Վահրամ Սաղաթելյանը։

Ինչպես տեղեկացանք Շիրակի դատախազից, Շիրակի մարզի դատախազությունում 2018 թվականի մարտի 27-ին հարուցվել են երկու տարբեր քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314 հոդվածի հատկանիշներով այն փաստերով, որ Շիրակի մարզի Անի համայնքի Իսահակյանի բնակավայրի ներկայացուցիչը և Շիրակի մարզի Ամասիա համայնքի Մեղրաշատ բնակավայրի ներկայացուցիչը, որոնք նախկինում հանդիսացել են նույն համայնքների ղեկավարներ, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 3 միլիոն դրամից ավելի գումար։ Բացի այդ, նույն անձինք պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել։

Հիշեցնենք՝ երեկ Շիրակի մարզի դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ տեղական սերմարտադրողներից և ՌԴ-ից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրման ժամանակ չարաշահումներ են հայտնաբերվել։

Հաղորդագրության մեջ գրված է․« 2018 թվականի մարտի 17-ին նյութեր նախապատրաստելու համար ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ամասիայի բաժին են ուղարկվել մարզի Մեղրաշատ և Իսահակյան համայնքների իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների վերաբերյալ նյութերը: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ նշված համայնքների ղեկավարները, նպատակ ունենալով աշնանացան ցորենի բաշխման գործընթացում հափշտակել համայնքի բնակիչներին հասանելիք սերմացուն, 2012-2016թթ. ընթացքում Մեղրաշատ համայնքի թվով 23 և Իսահակյան համայնքի թվով 7 բնակիչների տվյալները ձևականորեն ներառել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակներում, սակայն նրանց անվամբ դուրս գրված սերմացուն վերջիններին հատկացնելու փոխարեն, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել են: Բացի այդ, Իսահակյան համայնքի ղեկավարը շահառու 4 այլ բնակիչների տվյալներով ելքագրված սերմացու ցորենից միայն մի մասն է հանձնել վերջիններին, իսկ նրանց անվամբ ելքագրված մնացած մեծ մասն անձամբ ստացել և տնօրինել է` հափշտակելով նաև դրա մի մասը: Այնուհետև, հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով՝ համայնքների ղեկավարներն անձամբ կազմել և իրենց ստորագրությամբ ու համայնքապետարանի կնիքով հաստատել են աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի ստացումը հավաստող բովանդակությամբ կեղծ բաշխացուցակներ, որոնցում ներառել են նաև այն բնակիչների տվյալները, ովքեր կամ առհասարակ սերմացու ցորեն չեն ստացել կամ ստացել են նշվածից շատ ավելի քիչ քանակությամբ և դրանք հանձնել Շիրակի մարզպետարանին:

Վերոգրյալից բացի, համայնքների ղեկավարներն առանձին-առանձին նույն ժամանակահատվածում ստացված սերմացու ցորենի դիմաց Մեղրաշատ համայնքի թվով հինգ և Իսահակյան համայնքի թվով 28 բնակիչների կողմից համայնքապետարանների աշխատակիցներին վճարած գումարները և բնամթերքը (ցորենը) չեն մուտքագրել համայնքների բյուջե, գումարները չի փոխանցել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ հաշվեհամարին, այլ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը` յուրացման եղանակով հափշտակել են և իրենց կողմից սերմացու ցորենի հափշտակության հանգամանքը թաքցնելու նպատակով աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու տրամադրելու բովանդակությամբ կեղծ բաշխացուցակները տրամադրել են Շիրակի մարզպետարանին, որոնցում համայնքների բնակիչների կողմից կատարված վճարումները ներառված չեն եղել: Արդյունքում, ստացած սերմացուի դիմաց Մեղրաշատ համայնքի բնակիչների անվամբ կուտակված ընդհանուր 6.432.000 ՀՀ դրամ և Իսահակյան համայնքի բնակիչների անվամբ կուտակված ընդհանուր 10.918.000 ՀՀ դրամ գումարների պարտքը հետագայում, կառավարության համապատասխան որոշմամբ, զիջվել են պետության կողմից»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031