Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմական ոստիկանը պիտի ներխուժի զվարճանքի օբյեկտ, ռուս զինվորի ծոծրակից բռնի, դուրս հանի՞»․ քաղաքագետ

Մարտ 29,2018 17:41

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Գյումրիում ռուսական ռազմական ոստիկանության տեղակայումը համարում է բացահայտ արհամարհանք մեր իրավապահների նկատմամբ, որոնց ռուսական կողմը թեև միշտ էլ չի թույլատրել խառնվել իր զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցող հանցագործությունների բացահայտմանը, սակայն այժմ որոշել է ընդհանրապես ծածկադմբոց անել։

Ըստ Գագիկ Համբարյանի, սրանով ռուսական կողմը բացահայտ վերահսկողություն է սահմանում ողջ Գյումրու նկատմամբ։

Գագիկ Համբարյան

Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց․ «Ուզում եմ սկսել նրանից, որ հասարակությունն ամենավերջում է տեղեկանում այն մասին, որ այդպիսի ստորաբաժանում է բացվելու ռուսական 102-րդ ռազմաբազային կից, այսինքն` ռազմական ոստիկանություն։ Եվ այն դեպքում, երբ ռուսական կողմը հայտարարում է, որ մարտի 15-ից կադրեր են հավաքագրում, այսինքն՝ դա իրենց համար նորություն չէր, իրենք վաղուց էին նախապատրաստվել, և վերջիվերջո դա 5 րոպեի որոշում չէր, նստեն-ասեն՝ եկեք հավաքագրենք ու սկսենք։ Այսինքն` սրան բանակցությունների բավական երկար էտապ է նախորդել, վերջում նոր միայն, որ հավաքագրումը սկսեցին, տեղյակ պահեցին նաև հասարակությանը։

Ինչի՞ համար են նրանք բացում ստորաբաժանում, վերջին շրջանում՝ սկսած 2016 թվականից մինչև հիմա ռուսական ռազմաբազան կարգուկանոնի առումով կաղում է, թեև մինչ այդ էլ մի բան չէր։ Մենք՝ որպես գյումրեցիներ, շատ լավ հիշում ենք շուկայում տեղի ունեցած կրակոցները, որի հետևանքով մեկ մարդ զոհվեց, 7-ը՝ վիրավորվեցին, վրաերթերն ու ռուս զինվորականների կողմից վարվող մեքենաների անընդմեջ պատահարները, որոնք շատ օպերատիվորեն ծածկադմբոց էին արվում և չիմացանք, որ որևիցե մեկը պատժվեր այդ ամենի պատճառով։ Գագաթնակետը եղավ Պերմյակովի փախուստը 2016 թվականի հունվարին և Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանությունը։ Դրանից հետո ևս մի քանի աղմկոտ փաստեր տեղի ունեցան․ սպանություն «Մայր Հայաստանի» համալիրում, սպանություն և ինքնասպանություն Ալագյազի ռազմակայանում իրենց զորավարժությունների ժամանակ և բազմաթիվ այդպիսի դեպքեր։

Դուք նկատե՞լ եք, որ այդ ամենը, ինչ տեղի է ունենում հայ իրավապահները տեղյակ չեն այդ մասին։ Պերմյակովը փախնում է, 6-7 ժամ հետո նոր են տեղյակ պահում, Ալագյազում մեկ զինվորական սպանվում է, մյուսն ինքնասպան է լինում, մենք այդ մասին չենք իմանում, մեր իրավապահները խուսափում են պատասխանել, ասում են՝ մենք տեղյակ չենք և վերջ։ Հիմա սա բացահայտ արհամարհանք է Հայաստանի իրավապահ համակարգի նկատմամբ։ Այսինքն` իրենք ոչ միայն չեն վստահում մեր իրավապահներին, այլ նաև արհամարհում են, նույնիսկ տեղյակ էլ չեն պահում, թե այսպիսի իրադարձություններ են տեղի ունենում Հայաստանի Հանրապետության տարածքում։

Հիմա որոշել են ընդհանրապես ծածկադմբոց անել այս ամենը, և գործը հասել է նրան, որ ռազմական ոստիկանություն են ստեղծում Հայաստանի տարածքում և Գյումրի քաղաքում և բավական լայն լիազորություններ են տրամադրում այդ ոստիկաններին։ Ի՞նչ է նշանակում ճանապարհ հսկել, ի՞նչ է նշանակում օբյեկտներ հսկել, ո՞վ է իրենց թույլ տվել։ Ո՞վ է թույլ տվել ռուս զինվորականներին և ռազմական ոստիկաններին պտտվել քաղաքով մեկ և աջուձախ ստուգել մարդկանց օբյեկտները։ Իսկ նույն հայ իրավապահները երաշխավորո՞ւմ են, որ վաղը մյուս օրը ռուսական ռազմական ոստիկանության ներկայացուցիչները ինչ-որ խնդիրներ չեն ստեղծելու»։

Քաղաքագետի ասելով, այն, ինչ տեղի է ունենում ռազմաբազայի տարածքում, դա մեզ չի վերաբերում, որովհետև մեր երկիրն անժամկետ և անվարձահատույց տարածք է տրամադրել Ռուսաստանի Դաշնությանը, սակայն ռուս զինվորականների՝ այդ տարածքից դուրս կատարած արարքներն անմիջապես առնչվում են մեզ։

«Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բացարձակ չեմ ուզում տեսնեմ զինված ռուս զինվորական-ոստիկանի, որը պարետապահակային ծառայություններ է կատարում իմ քաղաքում, թեկուզ և ես օրինակի համար գնում եմ Գյումրիից Մարմաշեն, ինչո՞ւ պետք է ունկնդրեմ ռուս ռազմական ոստիկաններին։ Իրենց զինվորների կողմից գործած հանցագործությունները կամ ոչ պատշաճ ծառայության վերաբերյալ խնդիրները իրենք կարող են իրենց ներսում պարզաբանել, հարց է առաջանում՝ ի՞նչն է պատճառը, որ իրենք, չվստահելով մեր իրավապահներին, հիմա փորձում են կոնկրետ այդ ամենը ռուս ռազմական ոստիկանների միջոցով կարգավորել, ո՞վ է իրենց թույլ տվել, վերջիվերջո ամեն ինչին չափ կա։ Իհարկե, իմ խոսքն այն մասին չէ, որ 102-րդ ռազմաբազան չլինի մեր քաղաքում, ես հասկանում եմ, որ մենք, գտնվելով այս տարածաշրջանում, չենք կարողանում միայնակ ապահովել մեր անվտանգությունը։ Սա նշանակում է, որ բացահայտ ռուսական կողմը վերահսկողություն է հաստատում ամբողջ քաղաքի նկատմամբ։ Սա անընդունելի է, և ՀՀ իշխանությունները գոնե պետք է բացատրեն հասարակությանը, թե ի՞նչ ֆունկցիաներ է կատարելու ռազմաբազային կից ստորաբաժանումը Գյումրիում։ Կապ չունի, թե նրանք ՀՀ քաղաքացիներից են կազմված, թե ռուսական ռազմաբազայի ծառայողներից, դա մեզ բացարձակ չի հետաքրքրում։

Իսկ ո՞վ է երաշխավորում, որ նրանք վաղը մյուս օր խնդիրներ չեն ստեղծելու նույն օբյեկտներում, եթե ռուս զինվորականները փախնում են, թող իրենք իրենց տարածքում մտածեն, թե ինչի՞ համար է ռուս զինվորականը լքում ռազմաբազայի տարածքը։ Թող ներսում այդ խնդիրները պարզեն, իսկ դրսի խնդիրներն արդեն վստահեն մեր իրավապահներին։ Եթե երեկոյան ռուս զինծառայողները գնում են ռեստորան կամ զվարճանքի օբյեկտներ, այսինքն ի՞նչ, այդ ռուս ռազմական ոստիկանները պետք է ներխուժեն այդ օբյեկտներ, ռուս զինծառայողների ծոծրակից դուրս բռնած դուրս տանե՞ն, ո՞վ է իրենց թույլ տվել այդպիսի բան։ Այսինքն` ամբողջ քաղաքի տարածքով պիտի օրինախախտ 102-րդ ռազմաբազայի զինվորականներին որսա՞ն։ Վերջիվերջո խնդիրը կարելի է և բնում խեղդել, ես այդպես եմ հասկանում, որ օբյեկտներ մտնելը հենց դա է նշանակում։Կամ ի՞նչ է նշանակում ռուսական ռազմաբազայի շուրջբոլորը գտնվող բոլոր փողոցները պետք է վերահսկեն ռազմական ոստիկանները, սա ի՞նչ բան է»,-ասում է քաղաքագետը։

Նրա համոզմամբ, Գյումրիում ռուսական ռազմական ոստիկանության տեղակայումը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ռուսաստանը Գյումրին դիտում է որպես իր ֆորպոստը Հարավային Կովկասում։ «Բացարձակ զարմանալ պետք չէ, իրենք Գյումրիում ունեն իրենց հոսպիտալը, իրենց մանկապարտեզը, դպրոցը, թաղամասը, վաղը մյուս օրն էլ կարող է ճանապարհային ոստիկանություն բացեն, այլ տարածքներ վերցնեն, պարսպապատեն, մենք ենք թույլ տվել, իրենք էլ մեծ հաճույքով անում են, չափից ավել ազատ են զգում իրենց և արտոնյալ։ Սա է խնդիրը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031