Լեռնային Ղարաբաղի Ղազանչի շրջանում մարտի 29-ին ականազերծման աշխատանքներ կատարելիս զոհվել են HALO Trust-ի 3, վիրավորվել 2 աշխատակից: Այս մասին ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Զոհվածներն են Պավեկ Ակոպովը, Սամսոն Ավանեսյանը և Մարատ Պետրոսյանը: Վիրավորները տեղափոխվել են Ստեփանակերտի հիվանդանոց:
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք սերտորեն աշխատում են տեղի ոստիկանության և իշխանությունների հետ և հրավիրել են դրսի մասնագետներ՝ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու համար:
«Ամբողջ աշխարհում ամեն օր HALO-ի ավել քան 8000 աշխատակիցներ գնում են աշխատելու այնպիսի վայրերում, որտեղ ոչ այլ ոք չի կարող ոտք դնել, և այս ողբերգական միջադեպը ցույց է տալիս այն վտանգը, որին նրանք առերեսվում են և մեր աշխատանքի կարևորությունը: Մեր գործընկերները զոհվել են, երբ աշխատում էին հողն անվտանգ դարձնել Լեռնային Ղարաբաղի մարդկանց համար»,- ասել է HALO-ի հիմնադիր Ջեյմս Քոուանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ