Ապրիլի 3-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա համերգ, որի ընթացքում կներկայացվեն օպերային արիաներ և ռոմանսներ։ Համերգին, ի թիվս այլոց, մասնակցում են՝ Պողոս Բիազբեկյանը, Վարսենիկ Ավանյանը, Արման Նիկոլյանը, Աննա Սահակյանը, Հովհաննես Նազարյանը, Անի Պիվազյանը, Նարեկ Բրուտյանը, Սիամակ Բոլանդին: Կնվագակցի Վասիլի Ռոլիչը։
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի պայմանագրային մեներգչուհի, Օպեր իմ Բերգ փառատոնի մեներգչուհի Անի Պիվազյանը, համերգի գաղափարը դաշնակահար Վասիլի Ռոլիչինն է: «Նա երկար տարիներ օպերային թատրոնի կոնցերտմայստերներից մեկն է եղել, Գեղամ Գրիգորյանի դասարանի կոնցերտմայստերը: Բոլոր մասնակիցներին հենց ինքն է կապում միմյանց հետ: Հնչելու են Մոցարտից սկսած մինչեւ մեր դարաշրջանի ռոմանսներ, իսպանական ծրագիր է լինելու, հայկական եւ արեւմտաեվրոպական»,-հայտնեց երգչուհին:
Նրա խոսքով, համերգի մասնակիցների մի մասը օպերային թատրոնի մեներգիչներ են, սակայն կան նաեւ սկսնակներ, որոնք 3-4 տարի է, ինչ զբաղվում են վոկալով:
«Ես կատարելու եմ Մոցարտի «Կախարդական սրինգը» օպերայից Գիշերային թագուհու արիան, որը նաեւ կատարել եմ Զալցբուրգ քաղաքում: Այնտեղ Մոցարտի մրցանակ եմ շահել միջազգային մրցույթում, որից հետո էլ ներկայացման մեջ հանդես գալու առաջարկ եմ ստացել: Երեւանյան համերգին կատարելու եմ նաեւ իսպանական սարսուելա օպերային արիաներ եւ զուգերգով հանդես եմ գալու Արփինե Հարությունյանի, Աննա Սահակյանի եւ Արման Նիկոլյանի հետ»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ Անին սկզբում կոնսերվատորիայում ուսում է ստացել իբրեւ ջութակահար` Ալլա Բերբերյանի դասարանում, զուգահեռ նաեւ վոկալ է սովորել Գոհար Գալաչյանի դասարանում: Նրա մահվանից հետո էլ ուսանել է այլ դասախոսների մոտ:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ երգչուհու կարիերայի սկզբին ու առաջընթացին:
«Երբ անցա երիտասարդ օպերային երգիչների «Բելվեդեր» միջազգային մրցույթի նախընտրական փուլը, դրա շնորհիվ ինձ բախտ վիճակվեց հրավեր ստանալ եւ մասնակցել միջազգային փառատոնի Շվեյցարիայում, եւ այդպիսով հենց «Բելվեդերից» սկսած ուղի հարթվեց ինձ համար»,-հայտնեց Անին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը Անի Պիվազյանի ֆեյսբուքյան էջից: