Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն համատեղ միջբուհական մարզական խաղեր ծրագրի շրջանակներում երրորդ անգամ կազմակերպում են մրցումներ ոչ պետական բուհերի մասնակցությամբ:
Ծրագրում ընդգրկված է հինգ մարզաձեւ՝ արագ շախմատ, որն արդեն ավարտվել է, սեղանի թենիս, ֆուտզալ, վոլեյբոլ եւ բազկամարտ: Մասնակցում է ինը ոչ պետական բուհերի շուրջ 150 ուսանող:
Այսօր «Ուրարտու» համալսարանում մրցեցին ուսանող սիրողական բազկամարտիկները: Պայքարն ընթացավ բացարձակ քաշային կարգում, որտեղ հաղթողն ու մրցանակակիրները որոշվեցին աջ եւ ձախ ձեռքով վաստակած միավորների հանրագումարով: Համառ պայքարում հաղթեց Մ. Խորենացու անվան համալսարանի ուսանող Ալբերտ Տոնոյանը: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրին Ավանդական բժշկության համալսարանի ուսանողներ Պետրոս Երոյանը եւ Հովհաննես Մանասյանը:
«Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն ՀԿ-ի նախագահ Վաչագան Մարտիրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Նպատակը ուսանող երիտասարդների շրջանում սպորտն ու առողջ ապրելակերպը արմատավորելն է եւ ընդհանուր ուսանողական մարզական շարժման մեջ նաեւ ոչ պետական բուհերում սովորողներին ընդգրկելը: Մրցումների ավարտից հետո կկազմավորվի ոչ պետական բուհերի ընդհանուր հավաքական թիմ, որը կմասնակցի Հանրապետական մարզական ուսանողական խաղերին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ