Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում՝ մարտի 28-ին, տեղի է ունեցել հայ-ռուսական hամատեղ համակարգող հանձնախմբի 6-րդ նիստը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Կարեն Ղահրամանյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովի գլխավորությամբ։
Նիստում քննարկվել են 2017թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև առաջիկա տարիների անելիքները. սարքավորումների փոխարինման, արդիականացման աշխատանքների ծավալն ու ժամանակացույցը:
Կողմերն ընդգծել են կայանի մեքենայական սրահի արդիականացման աշխատանքների ընթացքի արդյունավետությունը, մասնավորապես նշվել է, որ արդեն կայան են մատակարարվել տուրբինները, տուրբոգեներատորները, բլոկային տրանսֆորմատորները և կոնդենսատորի մոդուլները: Արդիականացվել են վերանորոգման համար նախատեսված մեքենայական սրահի կռունկները, նախապատրաստվել է պլանային-նախազգուշական վերանորոգման ծրագիրը, որը կմեկնարկի 2018 թվականի հունիսից: Նշվել է, որ ապրիլի 14-ին կկանգնեցվի թիվ 4 տուրբոագրեգատը, կփոխարինվեն կոնդենսատորը և զատիչ-շոգեգերտաքացուցիչը: Հունիսի 1-ից կկանգնեցվեն ռեակտորը, թիվ 3 տուրբոագրեգատը, կարդիականացվի թիվ 3 տուրբինը, կփոխարինվեն բարձր ճնշման գլանը, ցածր ճնշման գլանի ռոտորը և զատիչ-շոգեգերտաքացուցիչը, ինչպես նաև թիվ 3 տուրբոագրեգատի գեներատորը և գլխավոր տրանսֆորմատորը: Նախատեսվում է 2018 թ. ավարտել թիվ 1 հովացման աշտարակի արդիականացման աշխատանքները։
Անդրադարձ է եղել ՀԱԷԿ-ի աշխատակիցների և ներգրավված մասնագետների վերապատրաստման հարցերին: Նախատեսվում է, որ 2018թ. հունիս-հուլիս ամիսներին կայանում կաշխատեն կապալառու կազմակերպությունների մոտ 600 աշխատակիցներ:
Քննարկվել են մարդասիրական ոլորտում համագործակցության և Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտում կադրերի պատրաստման հարցերը: Այդ համատեքստում նշվել է, որ 2018 թ. մարտին Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտ են ընդունվել դիմորդներ Հայաստանից, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ռուս մասնագետների մասնակցությամբ պարբերաբար կազմակերպվում են կրթական միջոցառումներ:
Նիստի ավարտին` քննարկման արդյունքներով ստորագրվել է արձանագրություն:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն