Մարտի 29-ին բացվեց Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec 2018 միջազգային ցուցահանդեսը: Կազմակերպիչները Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ընկերությունն են: ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսին ներկայացված էր Հայաստանի և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների նորարարական մշակումները:
Էջմիածնի սարքաշինական գործարանը ներկայացնող տաղավարում ցուցադրվում էին լուսատու սարքեր, ինքնաթիռի հակասառցակալման բլոկներ, որոնք հիմնականում վերաբերում էին ավիացիայի ոլորտին: «Մենք արտադրում ենք Ռուսաստանի համար, սրա կարիքը Ռուսաստանը շատ ունի»,-նշեց արտադրության պետ Արթուր Սիրունյանը:
Մանրամասները` տեսանյութում
«Էլեկտրոն» գործարանը ներկայացնող մասնագետ Վարդան Դիլբարյանը պատմեց ականորսիչների մասին, որոնք արտադրվում են «Էլեկտրոն» գործարանի հետ համատեղ: «Մենք ներկայացրել ենք ականորսիչների էվոլյուցիոն զարգացումը»,-ասաց նա: Հավելեց, որ այժմ բավական քանակությամբ օգտագործվում են Հայաստանում եւ Արցախում. «Մինչեւ այժմ ոչ մի խնդիր չի եղել, ոչ մի զինվոր սրանից չի վնասվել ու իր չափանիշներով չի զիջում ռուսականին:
Մյուս տարվանից նոր մոդել կլինի, շատ թեթեւ է, ամեն ինչ մեկ ձողի մեջ է հավաքված եւ ընդամենը 1,9 կգ է, ինչը նախատեսված է ջրի մեջ եւս օգտագործել: Ի դեպ, ռուսներն այս տարի նոր են ներկայացնելու, մինչդեռ մենք իրենցից մեկ քայլ առաջ կանցնենք այդ առումով»,-ասաց պարոն Դիլբարյանը: Նրանից տեղեկացանք, որ ի տարբերություն Հայաստանի, ադրբեջանցիները ոչ թե արտադրում են նրան սարքեր, այլ փորձում են գնել տարբեր երկրներից, չնայած խորհրդային տարիներին իրենց մոտ եւս գործարան կար:
Մանրամասները` տեսանյութերում:
«Ոչ մի զինվոր չի տուժել սրանից, ինչ թաղում են, մերոնք հայտնաբերում են»,-նորից շեշտեց Դիլբարյանը, ապա ցույց տվեց ականորսիչի այլ մոդել, որը օգտագործվում է հատուկ նշանակության ջոկատների կողմից:
Ներկայացվեցին նաեւ հակահետեւակային ականները, որոնք մասնագետի խոսքով մեծ տեղ ունեն բանակում: Վարդան Դիլբարյանը հայտնեց, որ ներկայացված նմուշները ամեն ամիս կատարելագործվում են: Հավելեց, որ նոր մոդելներ ունեն, որոնք լայն հանրությանը ցուցադրելու համար չեն ու ներկայացված են գաղտնի սրահում:
Մեկ այլ տաղավարում ներկայացված էին սահմանը վերահսկելու համար նախատեսված սարքավորումներն ու ռադարները, որոնք կարող են աշխատել ցանցով, իսկ ռադարի դեպքում տեղեկատվությունը միանգամից փոխանցվում է ինտերֆեյսին: Ռադիոֆիզիկայի ինստիտուտը ներկայացնող մասնագետ Գուրգեն Արաբաջյանն ասաց, որ տաղավարում ցուցադրված են իրենց մի քանի նախագծերը, այդ թվում ինֆրակարմիր տվիչները` (датчик): Ասաց, որ նախագծերի մի մասը ստեղծվել է վերջին տարիներին, կան նաեւ դրանց արտասահմանյան տարբերակները:
Ցուցադրված էին նաեւ զրահաբաճկոններ, որոնք ավելի թեթեւ էին, ամուր՚՝ շնորհիվ կերամիկական կառուցվածքի ու ցելոֆանապատ ծածկույթի: Ցուցադրված էին 2,6 եւ 2,3 կգ-անոց զրահաբաճկոններ:
Մանրամասները` տեսանյութում:
UnicumArm ընկերության տնօրեն Տիգրան Բալոյանը խոսեց իրենց տաղավարում ցուցադրված ջերմատեսիլների եւ գիշերային տեսանելիության սարքերի մասին, որ արտադրվում է երկրորդ տարին: Նրա խոսքերով, դրանք ամեն տարի կատարելագործվում են:
Ջերմատեսիլների մասին մեկ այլ մասնագետի խոսքը` տեսանյութում:
Ցուցահանդեսը բազմամարդ էր, շարքային այցելուներից շատերը եկել էին իրենց դպրոցահասակ տղաների հետ, որոնք աչք չէին կտրում զենքերից ու ցուցադրված զրահատեխնիկայի մակետներից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ