Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր գծերի հետ կապված ակտերը բողոքարկեք. խորհուրդ վարորդներին

Մարտ 29,2018 14:59

«Իրավաբանության արվեստը» փաստաբանական գրասենյակի տնօրեն Էդգար Հակոբյանի հավաստմամբ՝ շարժական արագաչափերի կիրառումն ինքնին ապօրինի բնույթ է կրում:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Հակոբյանը հիշեցրեց, որ Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) տարածած հաղորդագրության համաձայն՝ շարժական արագաչափերը պիտի լինեին ՀՀ մարզերի ճանապարհներին, բայց ժամանակ առ ժամանակ արագաչափեր տեսնում ենք նաև Երևանում. «Շարժական արագաչափերը շրջում են ապօրինի կերպով, միացնում են վթարային ազդանշան ու այդ դեպքում տեսանկարահանում իրականացնում: Հստակ է այն, որ արագաչափերի թիվն ավելացել է ՀՀ-ում, ու այդ պատճառով ոստիկանությունը նկատեց, որ մահացությունների թիվն ավելանում է: Եվ սկսեցին կիրառել շարժական արագաչափեր: Բայց նման որոշում իրավական ակտի տեսքով ոստիկանապետի կողմից չկա: Դուրս է գալիս, որ շարժական արագաչափն ապօրինի բնույթ է կրում»:

Էդգար Հակոբյանը մտահոգություն հայտնեց, որ ՀՀ Ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է բազում ապօրինի խախտումներ: Անդրադառնալով կարմիր գծերի հետ կապված խախտումներին՝ նա նշեց. «Եթե կարմիր գծերի հետ կապված տարեկան 12 հազար դրամի վճար է իրականացվում և քաղաքացին օգտվում է այդ ծառայությունից, առաջանում է ևս մեկ օրենքի խախտում: Հայաստանում փողոցներ կան, որ նշանը դրված է, որ կանգառն արգելվում է և այդտեղ կա կարմիր գծի գծանշում: Այդ դեպքում վարորդը, եթե փորձում է 12 հազարի ծառայությունից օգտվել, նրան ՃՈ-ից տուգանք է գալիս, քանի որ կայանել է կանգառն արգելվում է նշանի տակ»: Էդգար Հակոբյանը պատմեց, որ մի տեսագրություն է տեսել, որտեղ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 82-րդ կիլոմետրի վրա դրված է 90 կմ/ժ արագություն, հինգ մետր հետո 50 կմ/ժ արագություն է տրված: Ըստ նրա՝ վարորդները չեն կարողանում կողմնորոշվել հինգ մետր տարածության վրա ինչպես արագություն իջեցնել: Մյուս խնդիրն այն է, որ Մոսկովյան, Բաղրամյան փողոցների վրա փակ նշանի հետ կապված խնդիրներ կան, ինչի մասին ևս վարորդները չեն ծանուցվել:

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանի համոզմամբ՝ ամենակարևորն այն է, որ քաղաքացիները երթևեկության կանոնները չխախտեն: Սակայն նաև նշեց, որ լինում են դեպքեր, երբ քաղաքացիները չեն խախտում, բայց ստանում են վարչական ակտեր. «Դրանք անօրինական ակտերն են, երբ վարչական մարմինը վարչական ակտ կայացնելով՝ խախտում է այս կամ այն օրենքը: Այդ դեպքում քաղաքացիներն իրավունք ունեն և կարող են բողոքարկել ու հասնել նրան, որ անօրինական վարչական ակտերը բեկանվեն»: Հարցին՝ հաճա՞խ են նման ակտեր գրանցվում, փաստաբանը նշեց, թե նման վարչական ակտեր դատական կարգով բեկանվում են:

Անդրադառնալով վարորդների գործողություններին՝ պարոն Հովսեփյանը նկատեց, թե շատերն ընթացք են տալիս, շատերն էլ խուսափում են մտնել գործընթացի մեջ. «Կան վարորդներ, որոնք վարչական ակտ ստանալիս մտածում են, որ քաջատեղյակ են ճանապարհային երթևեկության կանոններին և նայելով միայն ապացույցները՝ բողոքարկում են: Նրանք փորձում են օգտվել ապացույցների բացակայության հիմքից»:

Ըստ պարոն Հովսեփյանի՝ մյուս մտահոգությունն այն է, որ ՃՈ-ն առանց ծանուցման է գործում. «Ճանապարհային ոստիկանությունն առանց ծանուցման է գործում, ուստի վաղը մյուս օրը կարող է թռչող տեսանկարահանող սարքեր կիրառել: Սա կիրառել հնարավոր է, քանի որ մեր օրենքը չի սահմանում, թե ինչպիսի տեսախցիկներ կարող են կիրառվել: Վարորդը երթևեկում է, ունի մտավախություն, որ այս կամ այն հատվածում իրեն կարող են գաղտնի նկարահանել: Հարց է առաջանում՝ արդյոք քաղաքացին տեղեկացվա՞ծ է՝ այդ հատվածում պե՞տք է նկարահանում է, թե՝ ոչ: Սահմանված է, որ Երևանում իրականացվում են տեսանկարահանումներ, բայց քաղաքացիները տեսանկարահանվելուց առաջ պիտի իմանան, որ այդ հատվածում կա տեսախցիկ»: Պարոն Հովսեփյանի տեղեկացմամբ՝ եթե անշարժ արագաչափերի դեպքում ցուցակը տեղադրված է, ապա շարժականի դեպքում ոստիկանությունն է որոշում՝ որտեղ տեղափոխել, ինչն էլ խնդիր է առաջացնում:

Փաստաբան Անի Հալուլյանը նշեց՝ հատկապես կարմիր գծերին վերաբերող ակտերով, եթե գործը հասնում է դատարան, հօգուտ վարորդի է որոշում կայացվում. «Ի սկզբանե որևէ ապացույց գործում չի գործում. այդ հիմքով գործը կարճվում է: Քաղաքապետարանը տուգանքների որոշումից հրաժարվում է»:

Հարցին՝ ինչո՞վ է թեման անօրինական, Անի Հալուլյանը պատասխանեց. «Ապացուցման պարտականությունը կրում է Երևանի քաղաքապետարանը, քանի որ պետք է ապացուցի, որ 15 րոպեից ավելի տվյալ մեքենան կայանված է եղել վճարովի ավտոկայանատեղիում, իսկ նրանք ներկայացնում են չորս նկար՝ գունավոր կամ սև- սպիտակներով, որտեղ բացի գծերից, որևէ այլ բան չի երևում: Տեսագրություն ևս չի լինում. այդ հիմքով էլ բողոքարկման դեպքում շահում են գործը»:

Անի Հալուլյանը հայտնեց, որ նման տուգանք ստացող վարորդները կարող են դիմել դատարան և վերադասության կարգով՝ քաղաքապետարան: Քաղաքապետարանը հիմնական դեպքերով որոշում է կայացնում վարույթը կարճել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031