Լրահոս
Օրվա լրահոսը

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, պատժիր խստորեն». Կեմերովոյի հրդեհում որդուն եւ թոռանը կորցրած Սարգիս Խումարյան

Մարտ 29,2018 14:53

«Ինչպե՞ս ապրել, դատարկություն է ամբողջը: Ապրելու էլ ի՞նչ հետաքրքրություն… ոչ հարսանիք, ոչ ծնունդ, ոչ մի բան, վերջ, վերջացավ ամբողջը: Ոչ օղին, ոչ մի բան ինձ չի կարող հանգստացնել: Կորցնել նման արծիվ, նամ վագր… ոչինչ ինձ չի հանգստացնի»,- Ռուսական «Դոժդ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր ցավն է պատմում Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհում որդուն եւ թոռանը կորցրած Սարգիս Խումարյանը:

Հիշեցնենք, կիրակի օրը Ռուսաստանի Կեմերովո քաղաքում, «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհ էր բռնկվել: Զոհերի թիվը անցնում է 50-ից: Զոհվածների մեջ ազգությամբ հայեր էլ կան: Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնով-Միրզախանյանը ՀԺ-ին հայտնել է, որ ազգությամբ հայ զոհերը հայր եւ որդի են, բայց ռուսական ազգանուններով Գալանին Դմիտրի Սարգիսի եւ Գալանին Միխայիլ Դմիտրիի։ Հայրը ծնվել է 1975 թվականին, որդին՝ 2008։

Ռուսական «Դոժդ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սարգիս Խումարյանն իր վրդովմունքն է արտահայտում. «Սա տեռոր չէ՞, երբ ազդանշանային համակարգն են անջատում»: Դիման եւ Միշան գնացել էին մուլտֆիլմ դիտելու: Հրդեհի լուրը ստանալուց հետո հարսն է զանգահարում իրեն. «Սերգուլ, Սերգուլ, վազիր «Զիմնյայա վիշնյա», այնտեղ հրդեհ է, Դիման ու Միշան են այնտեղ…ոտքերս-ձեռքերս թուլացան… ես հագնվեցի, վազեցի այնտեղ`ինձ ներս չթողեցին: Ասում եմ, տղաներ`որդիս ու թոռնիկս են էնտեղ: Թույլ չտվեցին, մի ավտոբուս նստացրին…»: Սարգիսը պատմում է, որ հետո, երազում տեսել է, թե ինչպե՞ս է որդին մահացել. «Նա փրկում էր երեխաներին, գոռում էր… եթե ցանկանար`կապրեր, բայց ինքը մարդկանց էր փրկում»: Ինքն էլ հույս չունի, որ որդին եւ թոռը կենդանի են: Նախորդ օրը իրեր են տվել, ինքը ճանաչել է որդու կրած ժամացույցը եւ խաչը: Իրենք միեւնույն ֆիրմայի, միեւնույն ժամացույցից էին կրում: Ասում է`խաչը չէին կարող գետնից գտնել, շատ փոքր է, ուրեմն դիակի վրայից են հանել ու չի հասկանում, թե ինչո՞ւ են ձգձգում եւ մահացածների դիակները չեն տալիս հարազատներին. «Քրիստոնեաբար չէ, այսքան ժամանակ պահում եք»:

Սարգիս Խումարյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չի տեսել, երբ նա եկել էր ծաղիկներ դնելու, իրենք շտաբում էին: Բայց կուզենար մի երկու խոսք ասել. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, պատժիր խստորեն: Իմ թոռնիկը, իննամյա տղան, կարող էր հայտնի ֆիզիկոս դառնալ, նա մի շարք մրցույթների մասնակից էր, նահանգապետի թոշակ էր ստանում: Գիտե՞ք ինչ հպարտություն ունեի ես»:

Այլ մանրամասները`տեսանյութում

https://www.facebook.com/tvrain/videos/10155851015648800/

 

Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031