Սարմեն Ղահրամանյան
«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրապես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»:
Հեղինակ
«Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»:
Հաուպտման
«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:
Սեն Սիմոն
«Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից»:
Հյուգո
…Ու կարծես էսօր իրար հետ են ընկերություն անելու՝ փափախչին ու տղան, եւ տղան կողքը, մի քիչ հեռվում ավտոյին հենված-կանգնած փափախչուն ասաց, ասաց՝ արի մեկն էլ պատմեմ, ուզում եմ քեզ մի անեկդոտ էլ պատմել։ Եւ փափախչին անխոս-ալարկոտ, տղային չնայելով, մի տեսակ տղային խեթելով մոտ եկավ ու կողքի նայելով-անխոս լսում էր տղայի պատմածը, ու բան չասաց, ու տղան սկսեց ու պատմեց ու ասաց. «Դեռ կոմունիստների ժամանակ, երբ Ղարաբաղի հարցը չէր արծարծվում, կամ թաքուն էր արծարծվում-բացահայտ չէր, ղարաբաղցի մի դպրոցավարտ-շրջանավարտ հեռու գյուղերից գալիս է Երեւան՝ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու։ Հարցաթերթիկը քաշում եւ շշմած կանգնում է՝ ոչ մի հարցի չի կարողանում պատասխանել։ Դասախոսը օգնելու, ընդառաջելու իմաստով հարցաթերթիկից դուրս մի քանի թեթեւ հարց է տալիս՝ էլի չի կարողանում պատասխանել։ Դասախոսը ստիպված նախատում է, ասում է՝ այ տղա, գիտե՞ս՝ ձերոնք ինչո՞ւ են բնատուր-խելացի. որովհետեւ դուք լեռնային ժողովուրդ եք, ոտքներիդ տակ քար ու ձոր է՝ հարթ ասֆալտի վրա չեք քայլում. ի ծնե մտածում եք՝ ոտքս, որ դրի, քարի՞ վրա եմ դնելու, թե՞ ձորն եմ ընկնելու՝ ի ծնե, պապից-պապ մտածում եք։ Բա չես ամաչո՞ւմ, հայրդ երեւի վերջին մոզին ու կովը ծախծխել-քեզ ուսումնառության է ուղարկել, անգրագետ վեր ես կացել-եկել, որ՝ ի՞նչ, որ ի՞նչ լինի: Ուսանողի ականջներում դեռ գյուղի տարեցների պատմություններն են՝ կապված 1905-1922 թվերի մասին՝ թորքերը եկան՝ մերոնք տվին, Ներսես դային սարի գլխին մենակ կանգնեց ու վախեցնելու համար-սուտ ասեց, ասաց՝ ռուս-պոլկ պերյո՜դ, եւ թորքերը պոկ եկան, դաշնակ Թեւանը ձին հակառակ նալում եւ թորքերը հակառակ ուղղությամբ էին նրա հետքերը փնտրում, Դալի-Ղազարը փափախը հանում-տեսանելի մի տեղից՝ ծառի ճյուղից կախում էր շաբաթներով, ինքը շաբաթներով ուրիշ տեղ էր դարանակալում՝ մի քանի գյուղ այն կողմ, եւ շաբաթներով թորքերը մոտ չէին գալիս՝ փափախը ստեղա՛, ինքն էլ ստեղա՛… Տղայի ականջներում գյուղի տարեցների պատմություններն են՝ կապված իրենց եւ «թորքեր»-թուրքերի հարաբերությունների մասին, ու նաեւ ներկա հարաբերությունների ու թաքուն ատելության մասին, եւ ուսանող դառնալ ցանկացող տղան հոգում պատմություններն ունենալով հանդերձ, հիմա հայության մեջ, կոկիկ, գեղեցիկ, առանց կծվահոտի հայության մեջ հայերենով խոսող դասախոսի նախատիքների առաջ գլխահակ կանգնած էր, եւ իր անգրագիտությունը ծածկելու նպատակով, ամոթից իր չիմանալու ճարահատյալ արդարացված պատասխանն էր մտմտում-մոգոնում՝ ներսում ունեցած տվայտանքներին զուգահեռ, ու նաեւ արյունակցական-հա՛յ-եղբայրական դասախոսի կողմից համերաշխ մեկնված ձեռք էր ուզում տեսնել, եւ ահաբեկված-ճարահատված վրա էր բերել՝ բա թորքերը թողնո՞ւմ են, որ սովորեմ»։
Ու տղան պատմեց-պրծավ, սակայն մինչ փափախչուն նայելը, մինչ անեկդոտից՝ նրա՝ «պինդ-տպավորվելու» վերաբերյալ «մի լավ» հավաստիանալը, ինքն-իրեն հեռակա կարգով տեսավ, տեսավ ու մտածեց, որ կարծես, թե էս անեկդոտի նման է դարձել մեր ամեն-ինչը… ու թուրք-«թորքերն» են մեղավոր մեր ամեն-ինչում: Ու տղան հեռակա կարգով տեսավ, եւ տարբեր թերթեր-տարբեր ամբիոններից-տարբեր իմաստով վեր լուծում-բարձրաձենում ու ահազանգում են արդեն, եւ Հայաստանի ամբո՜ղջ սահմանով-մեկ, մեր Արեւմտյան Հայաստանի սահմաններում՝ քրդացման պրոցես է ընթանում, եւ մի օր էլ, երազում էլ մեր վրա եկող թուրքի՝ դանթող քնից ահաբեկված վեր թռչելու ու տեսնելու ենք, տեսնելու ենք, որ մեր ամբո՜ղջ սահմանի երկայնքով, մեր Արեւմտյան Հայաստանում, քրդերը՝ մի նոր Քրդստան են հայտարարել, մի նոր Քրդստան-պետություն են հայտարարել, եւ արանքում «մեր ոխերիմ թուրքը» չկա այլեւս, եւ դուրս է շպրտվել մեր ու քրդերի արանքից: Եւ ինքնաբերաբար «հետ քաշված»-անկյուն մղված թուրքի փոխարեն, արդեն այլ ազգից կազմված, քրդերից ստեղծված մի այլ պետության հետ ենք գործ ունենալու այլեւս: Այլ ազգից ստեղծված-մի նոր-անկանխատեսելի պետության հետ ենք գործ ունենալու այլեւս: Մեր պապական հողերում ստեղծված-Քրդստան պետության հետ ենք գործ ունենալու այլեւս: Եւ «թո՛ւրք, հա՛-թուրք» գոռալով ու «դեպքերի հետեւից» կրիայի նման «հասնելով», ու դանթող քնից վեր թռչելով՝ այլ իրականության մեջ ենք հայտնվելու այլեւս:
Ու տղան հեռակա կարգով տեսավ եղելիքն, ու ինքն-իրեն գցեց-բռնեց, եւ ինքն-իրեն մտածեց-չհասկացավ, ու հիմա… քրդերը գիտե՞ն, որ քրդական ցեղախմբերն էլ են թուրքերի դրդմամբ հայերին կոտորել, թե՞՝ չէ: Եւ ո՞ւմ է Հարց ներկայացվելու: «Թուրք հա՛ թուրք, Արեւմտյան Հայաստան հա՛ Արեւմտյան Հայաստան»: Արեւմտյան Հայաստանի՝ Հայաստանին սահմանակից, համարյա ամբողջ տարածքը քրդացման պրոցեսում է. առաջին անգամ, վերջին տարիներին, նրանք կարողացան ցեղային տարաձայնությունները մի կողմ դնել, եւ ի հեճուկս թուրքական իշխող կառավարության «հաշվարկների»՝ ոչ թե հանուն մուսուլմանիզմի, այլ հանուն ազգության միավորվել: Հանո՛ւն ազգության: Եւ Արեւմտյան Հայաստանի՝ Հայաստանին սահմանակից, համարյա ամբողջ տարածքը քրդացման պրոցեսում է, ու չի բացառվում՝ այդ տարածքի վրա էլ իրենց ինքնուրույնության վերաբերյալ հայտարարեն ու Արեւմտյան Հայաստանի՝ Հայաստանին սահմանակից տարածքի վրա, եւս մի Քրդստան ստեղծեն, ու որպես պետություն հանդես գան: Ի՞նչ է լինելու: Թե՞… «…Թորքե՛ր»-«…թուրքերը՛»:
«…Թորքե՛ր»-«…թուրքերը՛»: Ու տղան հեռակա կարգով տեսավ եւ մտածեց, որ հենց-էդ նրանք են մեղավորը, այդ հենց նրանք են մեղավորը՝ «թորքե՛ր»-«թուրքերը՛», որ սովետի՝ հոմոսովետիկուսի ստրկական հոգեբանությունը դեռեւս չթոթափած, հիմա էլ համընդհանուր-ընդունել ենք Շուկայականի Փողի՛ ստրկական հոգեբանությունը, եւ Չի՛ կարելի Փողին մեռած-Փողին գերի չինովնիկներին թույլատրել, Չի՛ կարելի, որպեսզի նրանք սեփական հանրությանը բերեն ստրկական մի այնպիսի վիճակի, ստրկական մի այնպիսի հոգեբանության, որ… Մոսկոֆից… Տրապիզոնից… այլ վայրերից ու այլ տեղերից մի քանի միլիոնատեր գան, ու արդեն Փողին գերի ու Փողին մեռած հանրությանը՝ երկրի հետ միասին՝ «ս պոտրախամի» առնեն-գրպանները դնեն ու թողնեն-գնան: Փողին ստրուկ դարձած հանրությանը՝ ստրուկ դարձնեն ու իրար գլխի ստրուկ կարգեն՝ թողնեն-գնան: Գրավեն-գնան Փողին արդեն ստրկացված, իրար գլխի ստրուկ կարգված-ստրուկ դարձած Հանրությանը: Չի՛ կարելի:
«…Թորքե՛ր»-«…թուրքերը՛»: Ու տղան հեռակա կարգով տեսավ եւ մտածեց, որ հենց էդ նրանք են մեր քաղցրահամ ու որպես նաեւ խմելու ջրի պաշար համարվող Սեւանա լիճը որպես ցենենտբետոնե-չորս պատերով-լա՜վ ամրացված, «գյոլ տվող»-լավ ամբարտակ տեսել, ու՝ «հնգամյակը՝ եռամյակում»՝ ոգեւորիչ-հոգեբանությամբ «լցնում, հա՜, լցնում են» անհեռանկար-«հաշվարկներով»: Որ ի՞նչ է, թե՝ «այսինչ թվին՝ այսինչ մակարդակի վրա էր»՝ «պիտի բերենք-հասցնենք»: «Վերեւիններից ցուցում-պլան կա՝ պիտի բերենք-հասցնենք»: Տարիների՜ ընթացքում առանց տեկտոնական շարժումները հաշվի առնելու, առանց ջրի՝ մեկ սանտիմետր բարձրացման պայմաններում՝ հատակի եւ պատերի վրա նրա ունեցած ահռելի ճնշման մանրամասն ստուգում-խորը-հաշվարկների, ու հատակի եւ պատերի վիճակի վերաբերյալ առանց նոր-մանրամասն-ստուգում-խորը-հաշվարկների: Եւ, որ բանից բեխաբար, չտեսի նման բարձրաձենում-վայնասուն են դնում՝ «վա՜յ… Սեւանից ջուր բաց թողեցին…», ապա եւ՝ «լավ արեցին…», այլապես, տղան մտածեց ու հեռակա կարգով տեսավ, որ ահռելի ճնշմանը չդիմացած-«պատռված»-մեզ բոլորիս Մուղանի դաշտավայր քշած-«հասցրած» անկասելի Սեւանի համար նույն «թորքերն» ու «թուրքերն» են մեղավորը լինելու:
«…Թորքե՛ր»-«…թուրքերը՛»: Ու տղան «մտածեց», որ… այդ հենց նրանք են մեզ զզվեցրած մեր երկիր-Հայրենիքից՝ այլ երկրներ «քշում»: Ու տղան «մտածեց», որ այդ հենց նրանք չեն թողնում մենք դպրոցում լավ սովորենք: Մեր տներն ու փողոցները մաքուր պահենք: Մեր սեփական-արտադրանք թողարկող տնտեսությունը ստեղծենք: Ոչ ստվերային տնտեսություն, հզոր տնտեսություն ունենանք, ձեռքը մաքուր, մաքուր դրվածքով վարչական կառավարիչներ ունենանք: Ու… մեկը գնա հանուն Հայրենիքի զոհվի, իսկ մյուսը… ցավից-չոռից հեռու, խաղաղ պայմաններում, ի հաշիվ զոհվածների ու նրանց զավակների, անպատժելիորեն տռզվի: Ու տղան «մտածեց»… Բա, թուրքը չի մեղավոր, բա՝ ո՞վ է մեղավոր: Եւ տղան «կրկնվեց», ու նորից մտածեց, նորից մտածեց, որ… մի օր քրդերը կանգնելու ու Արեւմտյան Հայաստանում՝ Քրդստան են հայտարարելու: Եւ՝ ո՞վ՝ ումի՞ց է Ի՞նչ պահանջելու: Եւ՝ ո՞վ՝ ումի՞ց է Ի՞նչ պահանջելու, ու Ժամանակը չէ՞, արդյոք, Ամեն-Ինչ Համապարփակ վերլուծելու եւ հաշվարկելու: Ժամանակը չէ՞, արդյոք: Գրողը տանի: Գրողը տանի…
/շարունակելի/