Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագրի նպատակն է Սփյուռքի մեր երիտասարդներին կապել իրենց հայրենիքին ու Մայր Եկեղեցուն

Մարտ 29,2018 12:46

Երիտասարդությունը համարվում է ազգի կենսունակության աղբյուրը, քանի որ նա է ազգային գործադիր ուժը, ինչպես նաև առաջադիմության ու զարգացման կարելիությունների շտեմարանը։ Երիտասարդնե՛րն եղել են պայքարների առաջին ճակատը նետվողները և զոհաբերվողները:

Այս մտորումներով տոգորված, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Հովնան Արք. Տերտերյանը մշտապես մեծ տեղ է հատկացրել երիտասարդությանը՝ փորձելով նրանց հավաքել Եկեղեցու շուրջ, հավատալով՝ որ Երիտասարդությունը Եկեղեցու ավիշն է, որի միջոցով սնվում է և դառնում կենսունակ ու գործուն։

1992 թվականին Հովնան Սրբազանի մտահղացմամբ Գանատայում հիմնվել է «Քրիստոնյա Երիտասարդական Առաքելություն Դեպի Հայաստան» ծրագիրը։ Արևմտյան Թեմի Առաջնորդ ընտրվելուց հետո Սրբազանը ծրագիրը ներմուծեց այս Թեմի մեջ ։ Առաքելության նպատակն է մեր Թեմի երիտասարդներին Հայաստան այցելելու առիթ ընձեռել, հնարավորություն ստեղծել այնտեղ հայրենաշինական աշխատանքներին մասնակցելու, բարեգործական ծրագիրներ իրագործելու, կարիքավոր ընտանիքներին օգնելու, դասավանդելու, բնակարանների շինարարության աշխատանքներին մասնակից դառնալու…։

2017-ի մասնակիցներից Աննա Մուրադյանը կիսվելով իր տպավորություններով՝ ասաց. «Ճանապարհորդությունը եզրափակելու համար մենք այցելեցինք Ծիծեռնակաբերդ և Հայոց Ցեղասպանության Թանգարան, որտեղ ես հասկացա, որ մեր երակների մեջ հոսող արյունը հազվագյուտ արժեք է, որի համար մեր նախնիները նահատակվեցին։ Հետևաբար, մեր պարտականությունն է, որ Հայաստանը մեր մեջ մարմնավորենք՝ իր ջերմությամբ և պայքարով՝ գոյատևելու և ավելի բարգավաճ Հայաստան ունենալու համար։ Մեկ ամիս Հայաստանի մեջ լինել՝ նշանակում է հայ մշակույթին և հայ հավատքին ավելի ևս կապվել և դրանք մեր ողջ կյանքի ընթացքում ապրեցնել»։

Արդեն 14 տարի է, ինչ այս ծրագրերը իրականացվում են, որտեղ 130-ից ավելի երիտասարդներ իրենց մասնակցությունն են ունեցել։ Նրանցից յուրաքանչյուրը մեկամսյա այցելության ընթացքում իրենց հոգևոր, մշակութային, պատմական պապակը հագեցրած՝ վերադարձել են իրենց բնակավայրերը՝ իրենց հոգու մեջ վառ պահելով հայ ոգին ու շունչը։

Ծրագրի պատասխանատու՝ Արժ. Տ. Ավետիս Քհն. Աբովյանը մեր հետ անցկացրած հարցազրույցի ժամանակ ծրագրի գործունեությունը այսպես բնորոշեց. «Ծրագրի նպատակն է Սփյուռքի մեր երիտասարդներին կապել իրենց հայրենիքին ու Մայր Եկեղեցուն։ Այդ մեկ ամսվա ընթացքում և ուխտագնացությամբ մենք կարողանում ենք ցույց տալ հայրենիքի ու Մայր Եկեղեցու կարևորությունը։ Ծրագրի շրջանակներում երիտասարդները նաև մասնակցում են ծառայողական ծրագրերի, ուր ապրում և շփվում են հայրենիքի գյուղական շրջաններում ապրող մեր ժողովրդի հետ։ Երբ երիտասարդները ապրում են այդ մարդկանց հետ, ճիշտ են հասկանում և յուրացնում այդ ժողովրդի դժվարությունները, ինչպես նաև հայրենիքի օրհնությունները։ Իսկ երբ վերադառնում են իրենց համայնքները, արդեն դառնում են հայրենիքի ու Եկեղեցու դեսպանները»։

Այս տարի ևս հուլիս ամսին տասնյակ երիտասարդներ «Քրիստոնյա Երիտասարդական Առաքելություն Դեպի Հայաստան» ծրագրի միջոցով պիտի այցելեն Հայաստան՝ իրենց սեփական աչքերով տեսնելու անկորնչելի մեր գանձերը, պատմությունը և անմիջականորեն ծանոթանալու Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությանը, դավանանքին ու վարդապետությանը։

Ահա այս նպատակներն է հետապնդում «Քրիստոնյա Երիտասարդական Առաքելություն Դեպի Հայաստան» ծրագիրը՝ երիտասարդներին Եկեղեցու հետ կապը սերտացնելու համար։ Ինչպես արտաքին աշխարհը, նույնպես և Եկեղեցին կարիք ունի նոր ու թարմ ուժի, վերակազմավորման, ինչպես կյանքի մյուս բոլոր բնագավառները։ Եկեղեցին կարիք ունի կենդանի մնալու և գոյատևելու, ինչպես ամեն գոյակ։ Եկեղեցին կարիք ունի երիտասարդության՝ երիտասարդացնելու համար ինքն իրեն։ Որքան շատ երիտասարդներ լինեն եկեղեցու ներսում, այնքան ավելի կենսունակ օրեր ու շողշողուն ապագա կունենա քրիտոսավանդ ծառայության մեջ, որովհետև, ի վերջո, Եկեղեցին աստվածահիմն հաստատություն է՝ Քրիստոսի վրա հիմնված և նրանով առաջնորդվող։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031