Ապրիլի 5-ից 9-ը ԱՄՆ-ի Այովա-Սիթի քաղաքում անցկացվելիք ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանի ազգային հավաքականը չի մասնակցի:
Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու հրավիրվում են թիմային վարկանիշով աշխարհի ութ ուժեղագույն երկրները: Հայաստանն այդ ցուցակում իներորդն է: Երբ հայտնի է դարձել, որ երկրներից մեկը չի մասնակցելու, վերջին պահին հրավեր ուղարկվել է Հայաստանին: Սակայն մեր ընտրանին մրցավայր մեկնել չի կարող մի քանի պատճառով: Նախ՝ կարճ ժամանակահատվածում հարկավոր էր լինելու վիզաների խնդիրը լուծել, ինչը կարող էին չհասցնել: Երկրորդ՝ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը ուսումնամարզական պլանը կազմել է այնպես, որպեսզի ըմբիշները նախապատրաստվեն մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը, հետեւաբար, մարզումային գրաֆիկը հապշտապ կարգով փոխելն իմաստ չունի: Եվ երրորդ՝ մենք չունենք այն քանակությամբ ազատ ոճայիններ, որոնց մի մասը հանդես գա Աշխարհի գավաթում, մյուսը՝ Եվրոպայի առաջնությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ