Հայրենի կառավարությունն «Ազգ-բանակ» կոնցեպտը հանրության գիտակցության մեջ մեխելուց, ազգը բանակագրելուց զատ՝ որոշել է լրջորեն զբաղվել նաեւ աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությամբ ու կրթությամբ, Հայաստանին սպառնացող մարտահրավերներին դիմագրավելուն պատրաստ քաղաքացիներ պատրաստելով։ Ասվածի վկայությունը կրթության եւ գիտության նախարարության մշակած եւ շրջանառության մեջ դրած փաստաթուղթն է, որը բավական հնչեղ անվանում ունի՝ «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություն» (ՌՀԴ)։
Տպավորություն է ստեղծվում, որ փաստաթղթի մշակմամբ զբաղվել են ֆաշիզմի եւ նացիզմի ծպտյալ ջատագովներ, ովքեր Հայաստանում տիրող բարքերը նմանեցնում են Սոդոմ-Գոմորի հետ, որտեղ զեխության մեջ ապրող, հայրենիք չսիրող, հայրենիքի հանդեպ պարտքի գիտակցում չունեցող, մի խոսքով՝ աստվածային պատժի արժանի մեղսագործ սերունդ է աճում։ Դա են վկայում ռազմավարության մեջ կիրառված որոշ եզրույթներ ու հետեւություններ, որոնք չեն հիմնավորվում որեւէ վիճակագրական տվյալով։ Ռազմավարությունը, ինչպես տեղեկանում ենք նախագծից, նպատակ ունի նպաստել «գործունյա, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ քաղաքացու ձեւավորմանը, հայոց բանակում պատանիների ծառայության նախապատրաստմանն ու պարտքի զգացումի ձեւավորմանը, զինվորականի մասնագիտության հանդեպ գրավչության մեծացմանը, ազգային արժեքների գիտակցմանը, հայրենիքի հանդեպ նվիրվածության գիտակցմանը, կարգապահության ամրապնդմանը, հայրենիքը թշնամուց պաշտպանելու գիտակցմանը։ …ՌՀԴ-ն անձի ձեւավորման մշտական գործընթաց է, որն ուղղված է հայրենիքի հանդեպ սիրո ցուցաբերման, նրա պաշտպանությանը բարոյապես եւ ֆիզիկապես պատրաստ քաղաքացու ձեւավորմանը։ ՌՀԴ-ն դաստիարակչական մեթոդների մի ամբողջական համակարգ է, որի կիրառմամբ հնարավոր է հասնել բարոյական, համամարդկային եւ ազգային արժեհամակարգի գիտակցմանը եւ համապատասխան վարքի դրսեւորմանը»։
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում