ՀՀ իշխանությունները, փաստորեն, առանց ավելորդ սեթեւեթանքների, մտել են ԶԼՄ-ների տարածքը, ընդ որում՝ ոչ միայն ֆիզիկապես, այլեւ իրավական տեսանկյունից։ Ի՞նչ է նշանակում՝ լրագրողներին չթողնենք կառավարության նիստերին կամ նրանց չթույլատրենք Երեւանի քաղաքապետարանի առաջին հարկից ավելի վերեւ բարձրանալ։ Եթե մեր իշխանությունները չունեն նույնիսկ այն թագավորի մտածողությունը, որ իրենք ոչինչ են առանց թիկնազորի, ապա թող գոնե քաջություն ունենան եւ հայտարարեն, որ առանց ԶԼՄ-ների էլ կկարողանան հարաբերվել հասարակության հետ, որը նրանց մերժում է ոտքից գլուխ եւ իր անկախության 30 տարիներին իշխանափոխությունից բացի ոչինչ չի պահանջել։ Սա՝ դեռ ներսում։
Իսկ ի՞նչ կկատարվի դրսում, ազատությունների սանդղակի ո՞ր տեղում կհայտնվի Հայաստանը, որը մինչ այս գոնե գնահատվում էր որպես «մասամբ ազատ» երկիր, եւ դա միայն ու միայն ի հաշիվ Հայաստանում առկա ազատ խոսքի ու լրատվամիջոցների։ ԶԼՄ-ները, բնականաբար, բողոքում են նոր օրենքների եւ իշխանությունների հերթական «նոու հաու»-ի դեմ, որովհետեւ լույսից էլ պարզ է, որ իշխանություններն այդ օրենքներով փորձում են ավելի խորը թաքցնել իրենց, ներողություն, այլանդակությունները եւ դա անում են ամենացինիկ ձեւով՝ լրագրողներին մի կողմ հրելով։ Կարծում ենք՝ սա համակեցության լավագույն տարբերակը չէ։
Կա՞ որեւէ երաշխիք, որ վաղը լրագրողներին մոտ կթողնեն կառավարության կամ Երեւանի քաղաքապետարանի շենքերին։ Իսկ ի՞նչ տարբերություն Երեւանի եւ Վանաձորի քաղաքապետարանների միջեւ։ Մի գեղեցիկ օր էլ Վանաձորում եւ Գյումրիում նույնը կանեն, հետո էլ կանցնեն գյուղապետարաններին, եւ «քյոխվեքը» գործունեության լիակատար ազատություն կստանան։ Դուք գնում եք սրան, հարգելի իշխանություններ:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում