Երևանի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը 2017-ին պետությունից ստացել է 25 միլիոն 297 հազար դրամ սուբսիդիա: Արտաբյուջեն պլանավորել է 2 միլիոն 180 հազար դրամ, 2016-ի համեմատ գերակատարել է 37 տոկոսով: 2017-ին Թանգարանն ունեցել է 8738 այցելու՝ նախորդ տարվա 7203-ի համեմատ: Այդուհանդերձ, այցելուների հետաքրքրությունը Վարպետի տուն-թանգարանի հանդեպ բավարար չեն համարում, ինչպես նախարար Ամիրյանը, այնպես էլ Թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը: Վերջինը դժգոհեց, որ այցելուների ցանկում նվազել է դպրոցների բարձր դասարանների աշակերտների թիվը՝ պայմանավորված ավագ դպրոցի ծրագրային ու այլ առանձնահատկություններով.
«Մեծ չէ նաև արտասահմանցի զբոսաշրջիկների հոսքը, քանի որ Իսահակյանին դրսում չեն ճանաչում»,-նկատեց Թանգարանի մեկ այլ աշխատակից:
Ավետիք Իսահակյանին ու նրա ժառանգությունը ճանաչելի դարձնելն, ըստ նախարարի, հենց Թանգարանի առաջնային գործառույթներից է: Արմեն Ամիրյանի բնորոշմամբ, Վարպետի թանգարանը «ռեբրենդավորման» կարիք ունի: Պայմանավորվեցին՝ խնդիրները տեղում հասկանալու և լուծումներ գտնելու համար նախարարը շաբաթվա ընթացքում կայցելի Թանգարան, իսկ մինչ այդ Թանգարանի կոլեկտիվը կձևավորի նախարարին ներկայացվելիք առաջարկությունների փաթեթը:
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը 2017-ին պետությունից ստացել է 29 միլիոն 500 հազար սուբսիդիա: Պլանավորած 4 միլիոն 90 հազար արտաբյուջեն գերակատարել է 1700 դրամով: Բավական համեստ է եղել այցելուների թիվը՝ 1100 մարդ:
Պատկերը տխուր է հատկապես պետության ծախսը մեկ այցելուի վրա՝ նախարարության որդեգրած հաշվարկի նոր ձևաչափով: Ըստ այդ ձևաչափի, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի յուրաքանչյուր այցելուի վրա պետությունը ծախսում է 26 800 դրամ: Սոցիալական ու առողջապահական բազմաթիվ խնդիրներ ունեցող երկրում նախարարն այս թիվը պարզապես անընդունելի է համարում:
«Իր պատմության ամբողջ ընթացքում Աբովյանի տուն-թանգարանը նման ցուցանիշ չի ունեցել: Նախկինում այցելուների թիվը շատ ավելի համեստ է եղել»,-ասաց տնօրեն Վահրամ Քոսակյանը:
«Անցած պատմությունն ինձ չի հետաքրքրում: Ակնկալում եմ նո՛ր պատմություն»,-հակադարձեց նախարարը՝ պահանջելով 2018-ին ապահովել առնվազն 5000 այցելու:
Տնօրենի՝ դա անհնար է, պատասխանին մեկ անգամ ևս հակադարձեց.
«Ի՞նչ ենք անում, որպեսզի Թանգարանը դարձնենք ավելի հետաքրքիր: Ի՞նչ ենք անում, որպեսզի մարդիկ իմանան Թանգարանի մասին: Եթե կարողանաք գտնել այս երկու հարցի պատասխանները, 5000 այցելուի հարցն ինքնըստինքյան կլուծվի»:
Տարեկան հաշվետվությամբ նախարարությունում էին նաև Եղիշե Չարենցի տուն-թանգարանի ներկայացուցիչները:
Թանգարանը 2017-ին ստացել է շուրջ 15 միլիոն 800 հազար դրամ սուբսիդիա: Պլանավորած 5 միլիոն 200 հազար արտաբյուջեն կատարել է չորս միլիոն 41 հազար դրամով: 2016-ի համեմատ աճ է արձանագրել՝ 20 տոկոսով: 2017-ին Չարենցի տուն-թանգարանն ունեցել է 10 235 այցելու: Թանգարանի համար 2019-ը հոբելյանական է. պատրաստվում են հիմնադրման 55-ամյակին: Ցանկանում են նշել մեծ շուքով, Թանգարանի պատմությանը նվիրված ֆիլմ նկարել:
Նախարարն առաջարկեց ֆիլմում ներկայացնել ոչ թե Թանգարանի պատմությունը, այլ ֆիլմի միջոցով ներկայացնել Չարենցին՝ նրա կենսագրական ուշագրավ դրվագներով ու ստեղծագործական հարուստ ժառանգությամբ: Տնօրեն Անահիտ Ասատրյանին առաջարկեց նաև ուսումնասիրել ու հավաքել չարենցյան բանաստեղծությունների հիման վրա գրված երաժշտական ստեղծագործությունները՝ դրանք մեկ հավաքածուով ներկայացնելու նպատակով:
Ալիսա Գևորգյան
Լուսանկարները՝ Վահրամ Մոսինյանի