Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ում եւ ինչու էր պետք տարածել «լուրեր» ու ակնարկներ, թե՝ ԱՄՆ-ը կամ Արեւմուտքը աջակցում է մեր երկրի ներսում զինված խժդժություն հրահրելու կոչեր անող, իսկ նախքան այդ էլ՝ զենք եւ բռնություն գործադրած անձանց կոնկրետ խմբի. «Հայոց աշխարհ»

Մարտ 29,2018 10:53

Բավական հետաքրքիր հայտարարություն երեկ արեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Դեսպանի հայտարարությունն ուշագրավ է ոչ միայն ինքնին, այլեւ մի շարք, ոչ պակաս հետաքրքրական հարցերի տեղիք է տալիս:
Բայց, նախ, հայտարարությունը՝ անհրաժեշտ նախաբանով հանդերձ: Բանն այն է, որ հայրենի ցանցային լրահոսում, հասկանալի է, ոչ առանց որոշակի շրջանակների մասնակցության, վերջերս (Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավճռի հրապարակումից հետո) լուրեր էին շրջանառվում, թե Արեւմուտքը, ավելի կոնկրետ ու հատկապես՝ Միացյալ Նահանգները, աջակցություն է ցուցաբերում ընդդիմադիր տարբեր խմբավորումների, այդ թվում՝ 2016-ի հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ երեք հայ ոստիկանի սպանության պատճառ դարձած զինված խմբին:

Երեկ այս առնչությամբ պատասխանելով Aysor.am կայքի հարցին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է.
«Շրջանառվող այս լուրերն իրականությունից ավելի հեռու չէին էլ կարող լինել: Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերին, ինչպիսին «Սասնա Ծռերն» է, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք:

Մենք չենք հանդուրժում «Սասնա Ծռերի» եւ մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության, կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին՝ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար:

«Սասնա Ծռերի» անդամների գործողությունների հետեւանքով մարդկային կյանքեր կորսվեցին, իսկ մերձակա համայնքի բնակիչները անհարկի հայտնվել էին սոսկալի իրավիճակում: Քաղաքական փոփոխություն կատարելու նպատակով բռնությունը որպես գործիք կիրառելը հակասում է ոչ միայն ամերիկյան արժեհամակարգին, այլեւ խաղաղ երկխոսության եւ մարդկային կյանքի նկատմամբ հարգանքի գլոբալ ժողովրդավարական արժեքներին:

Բռնությունը բոլոր կողմերից վտանգում է ժողովրդավարական սկզբունքները եւ երբեք չի կարող հանդուրժվել: Ուստի՝ ոչ, մենք նման խմբերի կամ նման գործողությունների չենք աջակցում: Սրա հետ մեկտեղ, արդար դատաքննության իրավունքը պետք է իրացվի բոլոր մեղադրյալների համար»:

Դե ինչ, թվում է, թե ամեն ինչ տեղը տեղին է, տրամաբանական, պատճառաբանված, մի խոսքով, ինչպես դեսպանի ներկայացրած երկրում են ասում՝ «ՕՔեյ» է: Բայց, ինչպես նշեցինք, հարցեր են ծագում:

Ամենից առաջ, հետաքրքիր է, թե ում եւ ինչու էր պետք տարածել բավական թափանցիկ «լուրեր» ու ակնարկներ, թե՝ ԱՄՆ-ը կամ Արեւմուտքը աջակցում է մեր երկրի ներսում զինված խժդժություն հրահրելու կոչեր անող, իսկ նախքան այդ էլ՝ զենք եւ բռնություն գործադրած անձանց կոնկրետ խմբի:

Մյուս կողմից, տարօրինակ, ծիծաղելի եւ պարզապես դիվանագիտական սկանդալ կլիներ, եթե որեւէ երկրի դեսպան դրական պատասխաներ նման հարցի ու, ենթադրենք, ասեր, թե բա՝ այո, մենք աջակցում ենք ձեր երկրում զինված հեղաշրջման փորձ արած ու նաեւ նման կոչեր հնչեցնող այսինչ խմբին:

Անկախ նրանից՝ իրականում կամ ծածուկ ինչ-որ մեկը ինչ-որ հրահանգներ կամ հուշարարություն անում է թե ոչ, ոչ մի դեսպան կամ նույնիսկ դեսպանատան երրորդական կարգի աշխատակից բացիբաց նման հայտարարություններ չի անի: Ինչ էլ ասվի, դա այնուամենայնիվ մայդանում թխվածքաբլիթ բաժանել չէ: Նման որեւէ հաստատական հայտարարություն կնշանակեր ամենակոպիտ եւ ուղղակի միջամտություն առաքելության երկրի ներքին գործերին: Իսկ դրա համար նույնիսկ գերտերությունների դեսպաններին կարող են «մնաս բարով» ասել:

Երրորդ՝ ԱՄՆ դեսպանը միանգամայն հստակ է արտահայտվել: Ճիշտ է, նրա հայտարարության երեկ տարածված տարբերակներից մեկում պարոն Միլսի մեջբերված խոսքում նշված էր, թե դեպքն անցյալ տարի է եղել, մինչդեռ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումն ու հաջորդած ողբերգական ու դրամատիկ դեպքերը, ինչպես հայտնի է, նախանցյալ տարի են տեղի ունեցել: Հետո գուցե նկատեցին այդ վրիպումն ու արդեն առանց տարվա նշումով էր դեսպանի հայտարարության տեքստը: Բայց դա ընդամենը մանրուք է: Այստեղ շատ ավելի հետաքրքրական հանգամանքներ կան:

Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031