Այս 25 տարվա ընթացքում ես հաճախ եմ կարդում կամ լսում՝ «էս չանեք, էն չանեք, որ թշնամին չուրախանա»: Նախ՝ ես գերադասում եմ «հակառակորդ», ոչ թե «թշնամի» եզրույթը, քանի որ երկրորդը կարծես թե ակնարկում է, որ մեր դիմակայությունն ադրբեջանցիների հետ հավերժ է լինելու, իսկ դա, հուսամ, այդպես չի: Բայց եկեք այս անգամ կիրառենք հենց «թշնամի» բառը՝ ավելի հասկանալի լինելու համար:
Եվ այսպես՝ թշնամին շատ կտխրեր, եթե Հայաստանում ընտրությունները, սկսած 1995 թվականից, ոչ մեկի մեջ հարցեր չառաջացնեին: Թշնամուն բացարձակապես ձեռնտու չէր լինի, եթե մեր պաշտոնյաները, հատկապես իրավապահներն ու ուժայինները, այդքան չտես, ագահ ու կոռումպացված չլինեին: Թշնամին ուրախանում է, երբ մենք սփյուռքահայերի հետ սկզբունքային հարցերում միակամ չենք, նրան հաճույք է պատճառում, երբ աշխարհի տարբեր մասերում ծվարած նախկին հայաստանցիները արհամարհում են եւ փնովում են սեփական (կամ գուցե նախկին) հայրենիքը:
Թշնամին անշուշտ ուրախանում է, երբ տեսնում է, որ Հայաստանում կան խմբեր, որոնք քաղաքական խնդիրներն ուզում են լուծել զենքի ուժով: Մեզ վրա վերցնենք՝ մեզ ձեռնտու չէ՞ր, օրինակ, Սուրեթ Հուսեյնովի «ապստամբությունը»՝ դրանից մենք մեծապես շահեցինք:
Թշնամին բացարձակապես չի ուրախանում, երբ ծանր հանցագործությունների, այդ թվում՝ սպանությունների մեջ մեղադրվող մարդիկ կանգնում են դատարանի առաջ: Այ, եթե նրանք կարողանային շարունակել կրակոցներն ու խժդժությունները Երեւանի փողոցներում, թշնամին շատ կուրախանար:
Թշնամուն ուրախացնում է, որ Ստեփանակերտում ոստիկանները «քյարթու» են եւ ապօրինի են գործում: Բայց նրան ավելի շատ է ուրախացնում, երբ ֆեյսբուք մտած որոշ քաղքենիներ փորձում են ապացուցել, իբր դրանով Ստեփանակերտի ոստիկաններն ինչ-որ ձեւով տարբերվում են Երեւանի կամ Գյումրիի ոստիկաններից, որը, բացի ամեն ինչից, նաեւ սուտ է: Ընդհանրապես Հայաստան աշխարհի որեւէ բնակավայրի կամ տարածքի առանձնացումը բացասական համատեքստում ուրախացնում է մեր թշնամուն:
Ավելին ասեմ՝ օրենք խախտելը, խաբելը, «քցելը», ստելը ուրախություն է պատճառում թշնամուն: Ոչ միայն մեր այսօրվա արտաքին քաղաքական հակառակորդին, այլեւ Թշնամուն՝ այդ բառի լայն իմաստով:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Անշուշտ, անվերջ թշնամիին մտածելով չենք կրնար մեր բոլոր սխալները ծածկել, գորքի տակ սահեցնել: Պիտի ջանանք նորմալ լինել, որքան որ ալ ոչ-նորմալ լինի մեր կացութիւնը: Սակայն որքա՞ն անհրաժեշտ է ամէն բան Համացանցին վրայ տարածել… Եւ այդ ալ՝ չափազանցութեամբ: Ոչ մի կեղտոտ շոր չի՞ մնացել որ կարելի է լուանալ ընտանիքում, սեփականօրէն, առանց զայն վերածելու ոնց որ հերոսական դրօշակի… առանց համաշխարհային վլվլուկի…
չափազանցութենէն զատ, չափի ալ հարց մը կայ. յաճախ այս կայքէջին վրայ իսկ, մի անհաճոյ լուր, ոչ թէ երկու կամ երեք, այլ բազմաթիւ անգամներ հրատարակւում է, մի քանի օրեր շարունակ.
իսկ ո՞ւր են, գոնէ երբեմն, ուրախ լուրերը. չկա՞յ, բնաւ. ոչ իսկ մի՞ հատ լաւ լուր, տասը հատ վատի դիմաց… թերեւս մի հատի պատահաբար հանդիպում ենք, այլապէս յորդառատ խաւարներու ընդմէջէն…
նկատի ունեցէք որ մարդիկ կան որոնք Հայաստանին ու Արցախին «ծանօթ» են միայն ու բացառապէս Համացանցի վրայ…
Այն ամենը, ինչը տեղի է ունենում ՀՀ-ում, ձեռնտու է թշնամիներին:
Ուստի բոլոր նորմալ մարդիկ փախչում են դժոխքից: