Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը ցուցադրեց մկանները»

Մարտ 29,2018 14:30

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝
Ադրբեջանում հայատյացության քարոզը իրավիճակը տանում է փակուղի

– Մարտի 12-17-ը Ադրբեջանում զորավարժություններ էին. վերջին շրջանում Ադրբեջանն անընդհատ լայնածավալ զորավարժություններ է անցկացնում, ինչո՞վ էին առանձնահատուկ այս զորավարժությունները:

– Ադրբեջանական զորավարժությունների թերեւս ամենամեծ առանձնահատկությունը այդ գործընթացի տեղեկատվական ապահովումն է: Նկատելի է, որ անընդհատ փորձ է կատարվում ուժեղացնել բանակի ու դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների քարոզչական էֆեկտը:

Քաղաքական հիմնական առանձնահատկությունն այն էր, որ այն նախորդում էր Ադրբեջանում անցկացվելիք ընտրական գործընթացներին, ինչը նշանակում էր, որ անհրաժեշտ էր հատուկ ի ցույց դնել «Իլհամ Ալիեւի կողմից հաղթական բանակ կառուցելու գործոնը»: Առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակում սա թերեւս քիչ գործոններից է, որը կարելի էր ներկայացնել որպես հաջողություն՝ ի ցույց դնելու գնված մեծաքանակ ռազմական տեխնիկան ու դրա հնարավորությունը, ինչը «մեծություն» էր հաղորդելու Իլհամ Ալիեւին եւ նրա իշխանությանը:

Ռազմական առումով անակնկալներ չկային: Ավելին, նախորդ տարի մասշտաբային առումով 2-2.5 անգամ ավելի մեծ զորավարժություններ էին անցկացվել:

– Այդ զորավարժությունների ավարտից հետո ի՞նչ ամփոփումներ եւ արձանագրումներ կարող ենք անել: Ուշագրավ էր զորավարժությունների սցենարը` «դիրքերը վերականգնելու»: Ինչի՞ մասին է սա խոսում:

– Այս զորավարժությունները առաջին հերթին մկաններն ի ցույց դնելու նպատակ էին հետապնդում. զորավարժությունների սցենարը հենց դրա մասին էր խոսում, ինչ-որ առումով նաեւ սպառնալիք էր արտահայտում: Մյուս կողմից՝ ինչ առանձնահատկություններ էլ ունենա, ինչ գործընթացներ էլ դրան նախորդեն կամ հաջորդեն, զորավարժությունները նախեւառաջ զորքերի մարտունակության բարձրացմանն ուղղված գործողություններ են, որոնց հաճախակի անցկացումից պետք է հետեւություններ անել:

Այն, որ Ադրբեջանը չի թաքցնում իր իրական նպատակը՝ ինչ-որ փուլում գնալ արկածախնդրության, դա որեւէ մեկի համար նորություն չէ: Մնում է կա՛մ կանխել, կա՛մ պատրաստ լինել նոր մարտական գործողությունների:

– SIPRI-ը վերջերս հրապարակեց զենքի համաշխարհային գնումների ծավալների մասին հոդված: Համաձայն դրա՝ 2017-ին Ադրբեջանը գնել է 279 միլիոն դոլարի սպառազինություն` Իսրայելից, ՌԴ-ից, Չեխիայից, Սլովակիայից: Հայաստանի ցուցանիշները, ինչպես միշտ, ավելի համեստ են: Այս առավելությո՞ւնն է Իլհամ Ալիեւին հիմք տալիս հոխորտանքներ շռայլելու Երեւանի մասին: Հոդվածում առկա տեղեկություններն ի՞նչ մտահոգությունների առիթ կարող են տալ: Դրանք, առհասարակ, արտացոլո՞ւմ են իրականությունը, քանի որ տեսակետ կա, որ հեղինակավոր այդ հանդեսի՝ Հարավային Կովկասին վերաբերող հրապարակումներում անճշտություններ կան:

– Իլհամ Ալիեւի հայտարարությունները ՀՀ տարածքների հավակնությունների մասով ինձ առավելապես մտահոգում են դրա՝ ադրբեջանական հասարակությանը հասցրած ուղերձներով: Չի բացառվում, որ կգա ժամանակ, երբ Ադրբեջանը կմտածի կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու մասին, սակայն հասարակական ճնշումը դա արդեն թույլ չի տա: Տարիներ ի վեր հայերի նկատմամբ սերմանված ատելության չափաբաժինը, հավակնոտ տարածքային նկրտումները եւ քաղաքական հայտարարությունները ծանր հետեւանքներ են հանգեցնելու առաջին հերթին Ադրբեջանի համար՝ ե՛ւ հասարակության, ե՛ւ իշխանությունների: Իրավիճակը մտցնելու են փակուղի, ինչը կա՛մ կհանգեցնի իշխանափոխության, կա՛մ պատերազմի:

Սպառազինության ձեռք բերման մասին: Միշտ չէ, որ կարող ենք իրավիճակին գնահատական տալ ձեռք բերված սպառազինության վրա ծախսված գումարների համեմատական վերլուծությունից: Սրան կարելի է գնահատական տալ՝ հաշվի առնելով, թե կողմերը ձեռք բերված սպառազինությամբ ի՞նչ խնդիրներ են լուծում, ի՞նչ արդյունավետությամբ եւ ի՞նչ ժամանակահատվածում: Համոզված կարող եմ ասել, որ առկա իրավիճակում հայկական զինուժը տիրապետում է այնպիսի միջոցների եւ հնարավորությունների, որոնք կվիժեցնեն Ադրբեջանի ռազմական, քաղաքական իշխանությունների ցանկացած հավակնոտ պլան:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում իրավիճակի հնարավոր սրման մասին միմյանց հաջորդող հայտարարություն-հոդվածներին, ապա դրանք հիմնականում ընդհանուր գնահատականներ են պարունակում տարածաշրջանում առկա իրավիճակի, չավարտված պատերազմի ու դրա ռիսկերի մասին: Տրամաբանական առումով, այո, մասշտաբային սրացումներ կարող են լինել: Իսկապես իրավիճակը շատ փխրուն է: Սակայն այս պահին դրանք տեսանելի չեն:

– Նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հրապարակեց բանակի արդիականացման իր տեսլականը` յոթ տարվա կտրվածքով: Այնտեղ խոսվում է կառավարման համակարգի բարեփոխումների մասին, բանակի ռազմատեխնիկական արդիականացման, զինվորական ծառայության պայմանների բարելավման, կարգապահության, կրթական եւ սոցիալական բաղադրիչների մասին: Որ մեր բանակում խնդիրներ կային նշյալ թիրախներում՝ բազմիցս է խոսվել եւ գրվել: Բայց 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բոլոր պաշտոնյաները հավաստիացնում էին, որ այդ խնդիրներին կարգավորումներ են տրված: Նախագահի հատուկ անդրադարձը չի՞ փաստում, որ բացթողումները դեռ շատ են:

– Որեւէ մեկը չի պնդել ու չի կարող պնդել, որ բոլոր հարցերը կարգավորված են, խնդիրներ եւ ռիսկեր չկան, առավել եւս՝ զարգացնելու, փոփոխելու, արդիականացնելու անհրաժեշտություն այլեւս չկա: Այլ բան է, որ հատկապես մեր իրավիճակում գտնվող երկրները պետք է մշակեն, ունենան զինված ուժերի արդիականացման ծրագիր, դա ուղղակի անհրաժեշտություն էր եւ բխում է զինված ուժերի մարտունակության բարձրացման տրամաբանությունից:

– Բակո Սահակյանի` ԱՄՆ այցին Ադրբեջանում բավական սուր արձագանքեցին: Արդարացվա՞ծ էին ադրբեջանցիների մտավախությունները, եւ այցը տվե՞ց սպասված արդյունքը: Նախատեսվա՞ծ է Բակո Սահակյանի այց նաեւ Մոսկվա: Ամերիկյան այցից հետո ԼՂ հարցում ԱՄՆ-ը նոր մոտեցում կդրսեւորի՞, ԵԱՀԿ Մինսկի խմբում կոնֆիգուրացիա կփոխվի՞:

– Նախագահ Սահակյանը մինչեւ այս՝ նախորդող տարիներին այցեր էր ունեցել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ռուսաստան եւ Ֆրանսիա, եվրոպական մի շարք երկրներ: Մեր նպատակն է երկխոսության միջոցով անհրաժեշտ լսարաններին հասցնել մեր մոտեցումները, արտաքին աշխարհի համար լինել ընկալելի: Նախագահի այցը նոր ազդակներ հաղորդեց ինչպես Արցախի միջազգային ճանաչմանը, այնպես էլ լոկալ մակարդակում նոր հարաբերություններ կառուցելու, ամրապնդելու եւ դրանք ի շահ կողմերի օգտագործելու համար:

– Վերջին շրջանում լրատվամիջոցներում եւ հատկապես սոցիալական ցանցերում ակտիվ քննարկման առարկա էին զինված ուժերին աջակցող նախաձեռնությունների ձեւի եւ բովանդակության հետ կապված հարցերը: Ի վերջո, ո՞րն է խնդիրը, արդյո՞ք գովելի չէ, երբ մարդիկ ինչ-որ բանով աջակցում են բանակին, ո՞րն է աժիոտաժների պատճառը:

– Զինված ուժերին սատարմանն ուղղված նախաձեռնությունն ինքնին հայրենասիրության դրսեւորում է, որքան շատ մարդիկ միանան նման նախաձեռնություններին, այնքան լավ: Ձեւի, բովանդակության հարցում դաշտում պետք է խաղի կանոններ սահմանվեն, որ ցանկացած անհատ, նախաձեռնող խումբ, կազմակերպություն ծրագիր առաջարկելիս կամ իրականացնելիս տեղավորվի վերոնշյալի մեջ: Դա կկարգավորվի օրենքով՝ նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի հրամանով կամ մեկ այլ ձեւով, այս պահին այդքան էլ կարեւոր չէ: Կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուր ծրագիր կյանքի կոչելիս հստակ լինի այդ խմբերի գործելու, մանյովրերի դաշտը:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

28.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031