Ըստ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ «կուլակաթափ անելու եւ չափաջաղով կամ ինքնաձիգով գլուխներ թռցնելու» ջատագովները պետք է ընդունեն իրենց պարտությունը»:
– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում չբացառեց, որ ապրիլի 9-ից հետո վարչապետի պաշտոնում կարող է առաջադրվել իր թեկնածությունը՝ նշելով. «… Ես նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ ինձ երբեք չեմ համարել։ Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ եւ համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի եւ ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար»: Ապա հավելեց. «…Չգիտեմ՝ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երեւացող ու չերեւացող ողջ փորձը փոխանցելու գործին»: Կարո՞ղ ենք արձանագրել, որ «ինտրիգն» ավարտված է: Ի՞նչ պայմաններում, դիրքերում է Սերժ Սարգսյանը պատրաստվում ստանձնել պետության վարչապետի պաշտոնը:
– Տվյալ հարցի վերաբերյալ «ինտրիգն» ավարտված էր նախորդ տարի տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից հետո, երբ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն եւս մեկ անգամ կառավարություն ձեւավորելու դե յուրե հնարավորություն ստացավ: Ի դեպ, ընտրությունների արդյունքները ԱԺ-ում հայտնված որեւէ ուժի կողմից կասկածի տակ չդրվեցին: Իսկ երկրում կառավարման մոդելի փոփոխությունից հետո ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ուժի առաջնորդն ունի բոլոր իրավունքները, եթե չասենք՝ պարտավորությունը, գլխավորելու խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրի իշխանությունը: Մնացած մեկնաբանություններն այս համատեքստում հակասում են քաղաքագիտության «այբուբենին»: Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարումը սկսում է առաջին հայացքից բավականին նպաստավոր պայմաններում, երբ ԱԺ-ում իրական ուժային աղբյուրների տիրապետող ընդդիմություն գոյություն չունի, իսկ արտախորհրդարանական հիմնական ուժերը լուսանցքային քաղաքական ռադիկալներն ու կուլակաթափություն եւ Լինչի դատաստաններ խոստացող մարդկանց խմբակներն են: Բայց քաղաքական համակարգի զարգացման տեսանկյունից այս իրավիճակը շատ վտանգավոր է, եւ կարծում եմ՝ հենց դա է պատճառը, որ Սերժ Սարգսյանն իր հայտնի հարցազրույցում ընդգծում է երիտասարդների հետ «փորձի փոխանակման» անհրաժեշտությունը:
– «Ելք» դաշինքում ընդգրկված 3 կուսակցությունները՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը», առանձին կգործեն Սերժ Սարգսյանի վերարտադրությունը վարչապետի պաշտոնում կանխելու համար: Բայց կարծես նրանք տարբեր կերպ են պատկերացնում այդ պայքարը: ՔՊ վարչությունը մարտի 19-ին տեղի ունեցած նիստում որոշեց նախաձեռնել քաղաքական շարժում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի, ընդունվել է նաեւ գործողությունների ճանապարհային քարտեզ, որը կհրապարակվի մարտի 31-ին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «պայքարը լինելու է մերկ ձեռքերի պայքար», բռնությանը բռնությամբ չեն պատասխանելու։ Ի՞նչ հնարավորություններ ունի ՔՊ-ն հասարակությանը մոբիլիզացնելու տեսանկյունից:
– «Ելք» դաշինքում տեղի ունեցած վերջին զարգացումներն իրականում մտահոգիչ են, քանի որ «Ելք»-ը, ըստ էության, նոր քաղաքական մշակույթ ձեւավորելու հայտ ներկայացրած դաշինք է, բայց ներկայումս դաշինքի ուժերից մեկի «անջատողականությունը» շատ լուրջ ռիսկի տակ է դնում վերոգրյալ հայտն էմպիրիկ իրողության վերածելու հեռանկարը: ՔՊ-ն իր այդ հայտով, ըստ էության, «դարձ ի շրջանս յուր» կատարեց, եւ բացառված չէ, որ իր հռչակած նպատակները ձախողելուց հետո անգամ որպես առանձին ինստիտուցիոնալ կառույց դե ֆակտո լուծարվի: Այսօր հասարակությանը պոպուլիզմով մոբիլիզացնելն ուղղակի անհնարին է, եւ հենց դա է պատճառը, որ 2016 թվականի հայտնի դեպքերից հետո այդ հակապետական գործընթացին հրապարակայնորեն սատարած բացառապես բոլոր քաղաքական ուժերը մեկ տարի անց հայտնվեցին քաղաքական լուսանցքում: Ընդդիմադիր տրամադրություններ ունեցող քաղաքացիներին այսօր մոբիլիզացնելու միակ տարբերակը քաղաքական բովանդակություն հրապարակ բերելն է, սակայն Սերժ Սարգսյանի «վերարտադրությունը կանխելն» այս պահին բովանդակազուրկ պոպուլիզմ է, քանի որ դրա կանխելու պահն արդեն կորսված է: Ի դեպ, ՔՊ կուսակցության առաջնորդի` Սահմանադրական փոփոխությունների ժամանակ հնչեցրած հայտարարությունների առանցքային հիմնավորումներից մեկն այն էր, որ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելու լավագույն միջոցներից մեկն ԱԺ ընտրություններում հաղթելն է, ինչը տեղի չունեցավ ԱԺ ընտրություններին, եւ «Ելք» դաշինքն, ըստ էության, ընդունեց այդ ընտրությունների արդյունքները՝ միաժամանակ ընդունելով ՀՀԿ-ի` վարչապետ նշանակելու իրավունքը: Հիմա խոսել ոչ ավանդական քաղաքական գործընթացով քաղաքական իշխանություն փոխելու մասին՝ անլուրջ է: Այս ամենը շատ լավ հասկանում են «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները, եւ հենց դա է այն հիմնական պատճառը, որից ելնելով՝ նրանք հրաժարվեցին փողոցային պայքարից: Վերոգրյալ փաստերն արձանագրելուց հետո ակնհայտ է դառնում, որ ՔՊ կուսակցության կողմից առաջ քաշված օրակարգը հաջողության հասնելու գործնական հնարավորություն չունի, եւ, այսպես ասած, այն ավելի «կեղծ օրակարգ է», քան սահմանադրական փոփոխություններին «ՈՉ»-ի ակտիվ քարոզչությունը:
– Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու համար նաեւ բողոքի երթ իրականացրեցին «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնության անդամները, որը սակավամարդ էր, եւ անգամ այս միջոցառմանը երթն ուղեկցող ոստիկաններ չկային: Ի՞նչն է հանգեցրել իշխանության գործելաոճի փոփոխությանը: Ինչո՞ւ անգամ ոստիկանները չէին ուղեկցում նշված նախաձեռնության երթը:
– Այդ նախաձեռնության կողմից անցկացված երթին մասնակցող քաղաքացիների թիվը եւս մեկ անգամ խոսուն վկայությունն է նրա, որ ներկայումս հասարակությանը (անգամ կուսակցական շահեր չունեցողներին) պոպուլիզմով մոբիլիզացնելն ուղղակի անհնարին է: Իսկ տվյալ երթի ընթացքում ոստիկանական վերակարգի բացակայությունն ընդամենը վկայում է այն մասին, որ քաղաքական իշխանությունն անգամ այստեղ մարտավարական առումով մի քանի քայլ առաջ է: Եթե ուշադիր հետեւեք երթին հաջորդած մեկնաբանություններին, շատերն ուղղակի հիասթափված էին ոստիկանական վերակարգի բացակայությունից, անգամ եղան առավել ազնիվները, որոնք խոստովանեցին, որ ոստիկանների բացակայությունն ընդամենն արվել էր նրա համար, որ բախումներ չլինեին, եւ դրա արդյունքում մյուս հավաքն առավել բազմամարդ չլիներ: Ոստիկանների հետ բախումների գնով մի քանի հարյուր մարդ ավելի փողոց բերելը վաղուց մեր քաղաքացիական դաշտի հիմնական գործիքաշարի անբաժանելի մասն է կազմում, եւ այդ երթի ժամանակ պարզվեց, որ իշխանությունները սկսել են նաեւ դա հաշվի առնել: Կարճ ասած՝ այդ օրը իշխանությունների կողմից դասական «քաղաքական ջիուջիցուի» կիրառմամբ ազդարարվեց 60 հոգանոց «քաղաքական-քաղաքացիական սրամտություններով» օրակարգ ձեւավորելու անհնարինության սկիզբը:
– «Հանուն Հայաստան պետության» ճակատը ակցիաներ է իրականացնում, նրանք եւս պայքարում են ընդդեմ իշխանության՝ ավելի կոշտ ձեւակերպումներով: Ազատության հրապարակից հասարակությանն առաջնորդելու հավակնորդներ, այնուամենայնիվ, կան, ինչո՞ւ հասարակական ակտիվություն, հետաքրքրություն չկա, ինչո՞վ է պայմանավորված Ազատության հրապարակի սակավամարդ լինելը:
– Ազատության հրապարակում Ձեր նշած անվանմամբ մարդկանց խմբակը բաղկացած է վաստակավոր «քաղաքական լուզերներից»: Մարդկանցից, որոնց քաղաքական գործունեության հետագիծն ուսումնասիրելու պարագայում պարզ կդառնա, որ եթե անգամ նրանց, երջանիկ պատահականության արդյունքում, բազմամարդ հրապարակ վստահվի (հիշեք 2013 թվականի հետընտրական զարգացումները), նրանք մի քանի օրում կմնան մի քանի տասնյակ բարեկամ-ծանոթներով: Բացի այդ, նրանց կողմից այսօր Ազատության հրապարակի հարթակից արվող հայտարարություններում ատելության, անհանդուրժողականության քարոզն ու բռնությամբ հարցեր լուծել պարտադրող մարդկանց կողմից լիազորված լինելն արդեն իսկ հրապարակի սակավամարդության հիմնական երաշխիքն է:
– ՔՊ-ի եւ «Հանուն Հայաստան պետության» ճակատի միասնական պայքարը կարելի է բացառել, վերջերս «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի մասի գործով դատական նիստում հրապարակվեցին ՊՊԾ գնդի գրավման օրերին խմբի անդամների գաղտնալսված հեռախոսային խոսակցությունները, որոնցից մեկում խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանը իր ծանոթ-ընկերների հետ խոսելիս, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահություն էր ներկայացրել: Ընդդիմադիրների շարքերում գործ ունենք սովորական խանդի հե՞տ միմյանց նկատմամբ, թե՞ պատճառներն ավելի խորքային են:
– Պավլիկ Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի հասցեին նոր չէ, որ նմանատիպ հայհոյախառն հայտարարություններ է անում (ՊՊԾ գունդը գրավելուց հետո լրագրողներից մեկի հետ զրույցում նա սեռական բնույթի հայհոյանք էր հասցեագրել Նիկոլ Փաշինյանին): Իսկ թե ինչ պատճառներով են զինված խմբի անդամները հայհոյում Փաշինյանին՝ չեմ կարող ասել, բայց որ քաղաքական մրցակցությունը կարող է լինել նրանց շահերի բախման հիմնական պատճառներից մեկը՝ դա ակնհայտ է: Վերջիվերջո, այդ խմբի անդամները ցանկանում են տեսնել ծայրահեղական, անգամ ահաբեկչական փողոցային պայքար, իսկ Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարեց, որ ինքը խաղաղ պայքարի կողմնակից է, եւ նա եւս ցանկանում է փողոցային գործընթացներ առաջնորդողի դերում լինել:
– Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի հինգ ամսվա ազատազրկման: Դատավորն ապացուցված համարեց, որ Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ այլն, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ: Մարտի 17-ին դատարանում իր պաշտպանական ճառում Ժիրայր Սեֆիլյանը հորդորեց հանրությանը միանալ «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնությանը եւ սկիզբ դնել ինքնիշխան արժանապատիվ ազգային պետության՝ նշելով. «Մա՛հ ռեժիմին: Մե՛նք ենք տերը մեր երկրի»։ Մի շարք ՀԿ-ներ Ժիրայր Սեֆիլյանին եւ մյուսներին ճանաչում են որպես քաղաքական բանտարկյալներ: Նախ՝ համաչա՞փ եք համարում Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների նկատմամբ սահմանված պատժաչափը, եւ ի՞նչ եք կարծում՝ «Սասնա ծռերի» պայքարի հիմքով հասարակական ընդվզում կարո՞ղ է դրսեւորվել ապագայում:
– Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների պատժի համաչափ կամ անհամաչափ լինելու գնահատականը թող տան իրավաբանները, բայց այն, որ մեր երկրում վաղուց իրողություն է ընտրովի արդարադատությունը՝ մի կողմից, իսկ ամեն տեսակի միջին եւ ծանր քրեական հանցագործություններ կատարող անձանց «քաղբանտարկյալ» հռչակելու մոլուցքը՝ մյուս կողմից, փաստ է: Քաղաքական գնահատականի մասով էլ կարծում եմ, որ որեւէ իրավական երկրում բռնությամբ իշխանափոխություն անելու կոչեր անող, այդ կոչերը փաստացի գործողությունների վերածող անձանց քաղբանտարկյալ անվանելն անթույլատրելի է, եւ երեւի հենց դա է պատճառը, որ ոչ մի միջազգային կառույց տվյալ անձանց քաղբանտարկյալ չի համարում: ՀՀ քաղաքացիները Հոկտեմբերի 27-ից հետո չեն կարող որպես ընդվզման միջոց ընտրել քաղաքական ահաբեկչությունը: Անկախ նրանից՝ դրա մասին քարոզում են Ազատության հրապարակից, «Կոշ» ՔԿՀ-ից, թե արտասահմանյան դրամաշնորհներ ստացող կազմակերպություններից: Վերջիվերջո, «կուլակաթափ անելու եւ չափաջաղով կամ ինքնաձիգով գլուխներ թռցնելու» ջատագովները պետք է ընդունեն իրենց պարտությունը: ՀՀ-ում քաղաքական հարցերը լուծվելու ենթակա են բացառապես քաղաքական միջոցներով, եւ վաղ թե ուշ բոլորը ստիպված են լինելու հաշվի նստել դրա հետ:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 28.03.2018