Անցյալ տարի, երբ մեկնարկեց լիզինգով մատչելի պայմաններով գյուղացիների համար գյուղտեխնիկա ձեռք բերելու պետական ծրագիրը, վարչապետն ու գյուղատնտեսության նախարարը հպարտությամբ եւ հանդիսավոր ազդարարում էին սրա մասին: Սակայն, ինչպես միշտ, հայտնվում են մարդիկ, որոնք «աճպարարությունների» են դիմում ու պետության տրամադրած արտոնյալ պայմաններից օգտվում, խոշոր գումարներ «աշխատում»: Իրականում նման մարդիկ նման ծրագրերում պատահական չեն հայտնվում, եւ դժվար թե գյուղնախը անտեղյակ է լինում, թե՝ ցածր, շատ ցածր տոկոսադրույքով լիզինգից ու պետության աջակցությունից ովքեր են օգտվում: Բացի այս, որոշ ծրագրերում էլ ոլորտից անտեղյակ ու փորձ չունեցող յուրայիններին են ներգրավում:
«Առավոտի» ձեռքի տակ է հայտնվել ՎՊ-ի՝ գյուղատնտեսության նախարարությունում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերված խախտումների եւ փաստերի մասին հաշվետվությունը: Ըստ այդմ՝ գյուղտեխնիկայի կայանի կազմակերպման ծրագրի համար, ՎՊ-ի հաշվետվության համաձայն, պետությունը նախատեսել է ներդնել 700 միլիոն դրամ: Ծրագրից օգտվելու եւ գյուղտեխնիկայի կայանի կազմակերպման համար ներկայացվել են 4 առաջարկներ՝ քաղաքացի Ս. Ավագյան, «Նաիրի բերրիություն», «Չինվան» եւ «Իդաս» ընկերությունները: Վերջում «Իդաս»-ն է ընտրվել, ընդ որում՝ կառավարության նիստում էլ հաստատվել է՝ այս ընկերությունն է իրականացնելու կայանի կառուցումը: Սակայն «Իդաս»-ը, ըստ ՎՊ-ի, ընդամենը 50 հազար դրամ կանոնադրական կապիտալով ստեղծվել է անցյալ տարվա ապրիլի 28-ին: ՎՊ-ն նշել է. ««Իդաս» ՍՊԸ-ն չի ունեցել գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման բավարար փորձառություն: Ընկերությունը պարտավորվել է ծրագիրն իրականացնել 6 փուլերով, որի արդյունքում մինչեւ 450 հազար հա մշակվող տարածքներում մեքենայացված ծառայությունների կիրառման մակարդակը պետք է հասցներ 90%-ի՝ ունենալով մինչեւ 1 միլիոն շահառու՝ ծրագրի սկզբնական փուլերում ծառայություններ մատուցելով Գեղարքունիքի, Արմավիրի եւ Շիրակի մարզերում, հետագայում ՀՀ ամբողջ տարածքում»:
Նշենք, որ «Իդաս» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Թունելի Հակոբ) որդուն՝ Պարույր Հակոբյանին, որը նաեւ «Արփա-Սեւան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է:
Այս ընկերությանը վստահված 700 միլիոն դրամանոց պետական ծրագրով նախատեսվել է ձեռք բերել 7 տրակտոր, 4 գյուղմեքենա ցանքսի համար:
ՎՊ-ն արձանագրել է. «Բացակայում են գյուղնախի համապատասխան ստորաբաժանման իրականացրած մոնիտորինգի արդյունքները նման հզոր տրակտորների ձեռք բերման անհրաժեշտության մասին, քանի որ ծրագրով նախատեսված 7 տրակտորներից յուրաքանչյուրը 90,8 միլիոն դրամ է: Հարկ է նշել, որ նման տրակտորները օգտագործվում են նաեւ շինարարության եւ ծանր արդյունաբերության մեջ»:
Բացի այդ, ՎՊ-ն արձանագրել է, որ բացակայում են գյուղնախի կողմից տեխնիկայի նպատակային շահագործման մասով հսկողական մեխանիզմները: 23,8 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ ձեռք են բերվել տրակտորների հզորությանը համապատասխան 7 գութան, որոնց ձեռքե բերելու համար շուկայական գները նախապես չեն ուսումնասիրել: Ընդ որում, այս գութանները, Հակոբ Հակոբյանի որդին, ինչպես նշված է ՎՊ հաշվետվությունում, այս տարվա հունվարի 12-ի դրությամբ պահել է իրեն պատկանող «Արփա-Սեւան» ՍՊԸ-ի պահեստում:
Փաստորեն, գյուղնախը, ի դեմս կառավարության, յուրայիններին է խցկում նման հարուստ ծրագրում: Ընդ որում, ինչպես ՎՊ-ն է նշել, ծրագրով սահմանված է, որ այդ ձեռք բերված տեխնիկայի սեփականության իրավունքը փոխանցվելու է «Իդաս»-ին՝ 700 միլիոն արժեքի եւ հավելավճարի մինչեւ 226 միլիոն դրամի ամբողջական մարումից հետո: Այդ սեփականության իրավունքը Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամինն է, որից էլ, ըստ ՎՊ-ի, «Իդաս»-ը պետք է ձեռք բերի տեխնիկայի սեփականության իրավունքը՝ վճարելով միայն պայմանագրի գումարը, ինչը հակասում է պիլոտային ծրագրի՝ վերադարձվող գումարով գյուղտեխնիկայի այլ կայանների կազմակերպման նպատակին:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
28.03.2018
Սա Հայաստանն է:Հետաքրքիր է մյուսների առաջարկը ինչ արժեքի է եղել; Գնված մեխանիզմները որտեղ են աշխատում: հայկական առած կա ՝էշը յոնջա կուտի? կուտի տիրոջ հետ:ՈՒ եթե ձրագիրը չի կատարվում ուրեմը ուտում են՝ միասին: Անուշ լինի