Հարցազրույց Հայկական պետական մանկավարժական համալսարանի
գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցի հետ:
-Ինչպե՞ս սկսվեց Ձեր 1988 թ. փետրվարը՝ Արցախյան շարժումը:
-Ինձ համար շարժումը սկսվեց ոչ թե 88-ին, այլ 87-ին: Մինչեւ մեր ազգային 88-ի շարժումը, շարժումն արդեն սկսվել էր: Ինձ վիճակվել է լինել այն ժամանակ Օպերայի աստիճանների վրա, տասնհինգ-տասնվեց մարդու հետ առաջին հավաքին:
Ես այդ ժամանակ աշխատում էի հուշարձանների պահպանության ընկերությունում, որպես գիտքարտուղար, եւ իմ ընկերների շարքում շատ էին ակտիվիստները: Նրանց շարքում ես պիտի նշեմ դրսից եկած մեր ընկերներին, որոնք իրենց հետ բացառիկ նոր շունչ էին բերում. Վարդի Դանիելյանը եկել էր Կանադայից եւ Մատենադարանում սոցիոլոգիական ուսումնասիրություններ էր կատարում, բայց միաժամանակ նա կարողացավ գրեթե բոլորին միավորել. Համբարձում Գալստյան, Արթուր Շահնազարյան, Աշոտ Բլեյան… այս խումբը երբեմն հավաքվում էր Պարույր Սեւակի առաջին կնոջ՝ լեզվաբան Մայա Ավագյանի բնակարանում: Ասեմ, որ անհաղորդ չէինք այդ ժամանակի իրավիճակին: Տասնվեցի մեջ էին Մանվել Սարգսյանը, Իգոր Մուրադյանը, Էդիկ Ֆրանգուլյանը, Մելանյա Պետրոսյանցը՝ կինս, մարդիկ, որոնց անուններն այս պահին հնարավոր է չհիշեմ…խոսակցությունն այդ ժամանակ Ղարաբաղը Հայաստանին միանալու ստորագրությունների մասին էր: 87 թիվն է դեռ, պատկերացրեք: Դրանից հետո սկսվեց բնապահպանական շարժումը, եւ Աբովյանից բնապահպանները ոտքով եկան Երեւան: Ես էլի նույն տեղում էի աշխատում, եւ իմ աշխատասենյակում ամեն օր, ամեն երեկո քննարկվում էին օրվա նորությունները:
Կարեւորն այն էր, որ դա դարձել էր յուրօրինակ շտաբ, իսկ աշխատատեղս գտնվում էր նախկին «Կինո Երեւանի» մոտ՝ ՀՅԴ ներկայիս գրասենյակի կողքին:
Ժամանակին պարսկական հյուպատոսությունն այդ մեկ հարկանի շենքում իր գործունեությունը ծավալեց: «Շտաբից» դուրս էինք գալիս, գնում հրապարակ՝ օպերա:
Ոչ մեկս չէինք մտածում, որ պատմության համար կարելի է մի նկար անել:
-Բայց որքանով իրազեկ եմ, Դուք արխիվ ունեիք:
-Այո: Իմ անձնական արխիվի բոլոր փաստաթղթերը եւ նկարները ես հանձնել եմ Ազգային արխիվին: Ժամանակին հավաքել էի թռուցիկներ, նկարներ, թերթերը:
-Պարոն Պետրոսյանց, հիշողությունս եթե չի դավաճանում, Դուք նաեւ առաջիններից էիք, որ գրանցեցիք այդ ժամանակ մեզ համար անընկալելի անվամբ մի կուսակցություն: Պատմեք այդ մասին:
-1987 թվականին ես ստեղծել եմ «Ամբերդ» ֆոնդը, որի հենքի վրա էլ մեկ տարի հետո՝ 88-ին ձեւավորվեց «Հայաստանի Թագավորական կուսակցությունը»: Այն առաջինը հայտարարեց, որ ինքը կուսակցություն է: Կուսակցություն բառից մինչ այդ փախչում էին: Կուսակցության պաշտոնաթերթն էլ, եթե հիշում եք, «Ամբերդ» թերթն էր, որը պարբերաբար հայտնվում էր Օպերայի հրապարակի «լվացքի պարանին»:
-Շարժման օրերին «ինքնակոչ թագավոր» էլ հայտնվեց, անգամ հրովարտակներ էր արձակում այս կամ այն երկրի իշխանավորներին:
-Ցավն այն է, որ կուսակցության գաղափարը լավն էր, բայց այդ ժամանակ ՊԱԿ-ը պիտի որ այդ գաղափարը դարձներ անընդունելի: Ռումինիայից Հայաստան բերեցին մի ինքնակոչի՝ Ռուդոլֆ Բագրատունի անունով մեկին, որը դեռ այն ժամանակ, եթե ես ասում էի ինչ-որ հետախուզության գործիք է, որոշներն ասում էին՝ ինչու այդպես:
Ռուդոլֆը նստեց Երեւանում եւ սկսեց թղթեր ստորագրել. այսինչին իշխանաց իշխանի կոչում, այնինչին՝ իշխանի կոչում, իսկ դա արվեց գաղափարի պղծման համար: Ցավոք, բերողներն օրվա հրապարակի վրա եղած մարդիկ էին:
-Իսկ ի՞նչ եղավ կուսակցությունը: Դուք մասնակցել եք անգամ ՀՀՇ առաջին համագումարին, որպես կուսակցության ղեկավար:
-Կուսակցությունն արդարադատության նախարարության որոշմամբ 2006 թվականին փակվեց: Մենք ասում էինք՝ Հայաստանը միապետական հանրապետություն է, մեր Սահմանադրությամբ՝ դեմոկրատական. հակասությունը սա էր: Ինչ վերաբերում է ՀՀՇ առաջին համագումարին, որոշ խզում առաջացավ այն ժամանակ, երբ «Սահմանադրական իրավունք միության» նախագահ Հրանտ Խաչատրյանին ամբիոնի վրայից քաշքշեցին, գետնին գցեցին, ես մոտեցա բեմին ասելով՝ սա՞ է Ձեր դեմոկրատիան:
-Պարոն Պետրոսյանց, լինելով պատմաբան, ինչպե՞ս հայտնվեցիք ՀՀ զինված ուժերում, զբաղեցնելով բարձր դիրքեր:
-1993թ.-ին որոշեցի գնալ Արցախ: Զինվորական վաշտի հրամանատար էի, վաշտ, ուր հարյուրից ավելի զինվոր կար: Վաշտը եղել է Ասկերանի գնդի կազմում: Պատերազմի այդ վերջին շրջանի մասնակցությունս ամբողջական է, մնացել եմ մինչեւ 1995թ. հունվարի 28-ը: Վերադարձել եմ, մարտի մեկին նշանակվել Ապարանի գնդի հրամանատարի տեղակալ: Երբ մտել եմ բանակ, որպես օրինավոր քաղաքացի, ես իմ կուսակցական գործունեությունը սառեցրել եմ:
-Վազգեն Սարգսյանին ճանաչո՞ւմ էիք:
-Վազգեն Սագսյանին ծանոթ էի որպես գրական մարդու. նա «Գարունում» աշխատում էր: Ի դեպ, մի քանի օր առաջ ես նրա ձեռագրերից մեկը նվիրեցի «Վազգեն Սարգսյան» թանգարանին: Շնորհակալ եմ, որ բանակային համակարգում նա ինձ եւ մայորի, եւ փոխգնդապետի աստիճաններ շնորհելու հրամանն է տվել:
Իսկ երբ անցա ՊՆ համակարգ, նշանակվել եմ փոխնախարարի՝ Միշա Գրիգորյանի աշխատակազմի ղեկավար: Ես գրեթե ամեն օր հանդիպել եմ Վազգեն Սարգսյանին, նրան հարգել եմ՝ որպես իմ հրամանատարի: Նրա օրոք ստացել եմ «Մարտական ծառայության համար» մեդալ, ստացել եմ Արցախի «Արիության մեդալ»: 2002-ին զորացրվել եմ՝ 50 տարին լրանալու պատճառով:
-Դուք ինչպե՞ս եք հասցրել հիսունից ավելի գրքեր գրել, ստեղծել Մանկավարժական համալսարանում Հայաստանի թիվ մեկ գրադարանը:
-Նշեմ միայն. 58 գրքից 20-ը կենսագրական բնույթի են, «Կայք», «Վարդենիս», «Հայ իշխանական զինանշաններ», «Տիկնայք փափկասուն հայոց աշխարհի», «Էրատո» պատմական վեպը, «1100 հայ գեներալներ ու ադմիրալներ», բանաստեղծություններ: Դեռ չի հրատարակված «Վաշտի հրամանատարի օրագիրը», որի ձեռագիրը, տեսնում եք, ցույց եմ տալիս առաջին անգամ: «Հայաստան, իմ սեր» պատմական վեպ, բանաստեղծությունների գիրքը երկու օր առաջ դրվեց ընթերցողի սեղանին: Բոլորը հեղինակային հրատարակությամբ են տպագրվել:
Գրադարանը էլեկտրոնային շտեմարան ունի, 51 700 գրքային միավոր, 23 000 դրսի ընթերցող: Իսկ համալսարանը սպասարկում է 12 000 ուսանողի եւ 1500 դասախոսի:
Նայեք ընթերցասրահը, գիրք չե՞ն կարդում:
Հովհաննես Շիրազից ես ստացել եմ անշահախնդիր սեր հայրենիքի նկատմամբ, Պարույր Սեւակից՝ հայրենիքին ծառայելու, Վազգեն Վեհափառից հավատ սեփական ուժի, ազգի նկատմամբ. «Ես քրիստոնյա դարձա հանուն հայ ազգի. Հայ ազգից դուրս ես քրիստոնյա չեմ»: Իմ տեսած Կաթողիկոսին երբեւէ պատրաստ եմ Սուրբ անվանել:
Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ»
28.03.2018