Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ պարարվեստի նվիրյալ Ազատ Ղարիբյանից մինչեւ կրտսեր Ազատ Ղարիբյան

Մարտ 29,2018 13:00

Լավագույն ավանդույթները շարունակվում են

Օրերս Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը (նախագահ՝ Գագիկ Մխիթարյան) անցկացրեց փառատոն՝ նվիրված հայ պարարվեստի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Ղարիբյանի ծննդյան 95-ամյա հոբելյանին:

Ազատ Ղարիբյան անունը կապվում է եւ դասական, եւ ժողովրդական պարարվեստի հետ: Արվեստագետը տարբեր տարիների հանդիսացել է Երեւանի ազգային օպերային թատրոնի մենակատար, պարուսույց, բալետմայստեր, ապա Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր բալետմայստեր, հետո՝ Երգի-պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր: 1957թ. Ազատ Ղարիբյանի նախաձեռնությամբ Երեւանի պարարվեստի պետական քոլեջում բացվել է ժողովրդական պարի բաժին, որը նա ղեկավարել է երկար տարիներ՝ ստեղծելով հայկական պարի ուսուցման ծրագիր: Մեր տեղեկություններով՝ մինչ օրս քոլեջում ուսուցանվում է այդ ծրագրով: Անվանի արտիստը մասնակցել է Վանաձորի եւ Արցախի պարի պետական անսամբլների ստեղծմանը: Նա 1970-ականների կեսերին Երեւանի մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժնի հիմնադիրներից մեկն էր: Բեմադրել է Գ. Հախինյանի «Աղթամար», «Ուռենի», «Լոռեցի Սաքոն», Բ. Սակիլարիի «Չոփչոփիկը», Հ. Մուրադյանի «Կարմիր գլխարկը», Ի. Մորոզովի «Բժիշկ Այբոլիտը», ինչպես նաեւ Սպենդիարյանի «Ալմաստ», Տիգրանյանի «Անուշ», Չուխաջյանի «Արշակ Բ» եւ այլ ներկայացումների պարային համարները: Այսօր էլ առիթի դեպքում հիշատակվում է Ազատ Ղարիբյանի բարձրարվեստ դերապարերից Նուրալին («Բախչիսարայի շատրվանը»), Կարենը («Գայանե»), Աշուղը («Խանդութ»), Բազիլը («Դոն Քիշոտ») եւ այլն: Իսկ 1986թ. հիմնադրած «Կռունկ» անսամբլը, որի համար բեմադրեց ոչ միայն պարային համարներ, այլեւ Սայաթ-Նովայի երաժշտությամբ «Քաջ Նազար» բալետը, մինչ օրս շնորհիվ իր սաների, գործում է ոչ միայն մեզ մոտ, այլեւ արտերկրում: Խոսել Ազատ Ղարիբյանի մասին եւ չհիշատակել նրա տիկնոջը՝ դարձյալ հայ պարարվեստի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ Թերեզա Գրիգորյանին, հնարավոր չէ: Նրանց համատեղ կյանքի ավելի քան չորս տասնամյակները ոչ միայն հիանալի ընտանիքի, այլեւ ստեղծագործական բուռն կյանքի արտահայտություն են:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ նրանց դուստրը՝ Տաթեւիկ Ղարիբյանը, որն արդեն 40 տարի հանդիսանում է պարարվեստի քոլեջի մասնագիտական բաժնի վարիչը (իսկ քոլեջը 30 տարի ղեկավարել է նրա մայրը), նշեց, որ վերջերս՝ հոր ծննդյան 95-ամյակի կապակցությամբ, բացի Պարարվեստի գործիչների միության կողմից անցկացրած փառատոնից, նրա սաները՝ Նելլի Կարապետյանը, Սուսաննա Միքայելյանը, Պետրոս Կարապետյանը, արդեն իրենց սաների մասնակցությամբ կազմակերպել էին հիանալի երեկո: Ինչ վերաբերում է ղարիբյանական «Կռունկ» անսամբլին, այն այսօր էլ գործում է Նունե Գրիգորյանի եւ Գագիկ Ավդալյանի ղեկավարությամբ: Արվեստագետի սաներից Հերմինե Կույումջյանը Մելբուռնում է հավերժացրել իր ուսուցչի անունը՝ հիմնելով Ազատ Ղարիբյանի անվան անսամբլ:

Թերեզա Գրիգորյանն ու Ազատ Ղարիբյանը (1964թ.):

«Մայրս 1988-ից, հորս՝ կյանքից հեռանալուց հետո, շարունակեց «Կռունկի» գործունեությունը մինչեւ 1990-ականների վերջը: Ես էլ Դալլասում 1993թ. ստեղծեցի հորս անվան «Կռունկ» անսամբլը եւ գործունեություն ծավալեցի մինչեւ 2002-ը: Ի դեպ, այսօր էլ գործում է անսամբլը»,- հայտնեց տիկին Ղարիբյանը:

Ազատ Ղարիբյանի հայ-ճապոնական ընտանիքը:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք Ճապոնիայում բնակվող եղբորորդու՝ բալետի արտիստ, կրտսեր Ազատ Ղարիբյանի ստեղծագործական կարիերայով, որը կատարելագործվել է նաեւ Սանկտ Պետերբուրգի Վագանովայի անվան պարարվեստի ակադեմիայում, սակայն այդպես էլ նրան երբեւէ չենք հանդիպել երեւանյան բեմերում: «Պետերբուրգից հետո Ազատը վերադարձավ Երեւան, ապա միանգամից հրավեր ստացավ Չեխիայի օպերային թատրոնից, հետո բեմ բարձրացավ Գերմանիայի օպերային թատրոններից մեկում, հիմա էլ ընտանիք է կազմել ճապոնուհի, բալետի արտիստ Նահո Ջո-Ղարիբյանի հետ, արդեն ունեն երկու զավակ եւ Խուկուոկու քաղաքում հիմնել են Ազատ Ղարիբյանի անվան ստուդիա, որի կազմում գործում է նաեւ «Կռունկ» անսամբլը: Ի դեպ, կրտսեր Ազատը անսամբլի հետ աշխատելու նպատակով հաճախ Հայաստանից հրավիրում է մասնագետների»,- ասաց Տաթեւիկ Ղարիբյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

28.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031