Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոսցենարիստների գիլդիա. ոչ թե ձուկ, այլ ձուկ բռնելու կարթ

Մարտ 29,2018 12:30

Ամիսներ առաջ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նորընտիր նախագահ Հարություն Խաչատրյանի նախաձեռնությամբ սկսեցին ձեւավորվել կինոռեժիսորների, կինոպրոդյուսերների, կինոօպերատորների, կինոսցենարիստների, կինոդերասանների եւ այլ գիլդիաներ: Թեեւ գիլդիաները աշխարհում եւ կինոաշխարհում մասնավորապես, մեծ հեղինակություն, ազդեցություն վայելող կառույցներ են, Հայաստանում դրանք տարիներ շարունակ չէին ձեւավորվում: Այսօր փորձ է արվում ոչ միայն ձեւավորել մասնագիտական այդ կառույցները, այլեւ մշակել դրանց գործունեությունը կարգավորող հստակ կանոնակարգեր, մասնագիտական շահերի հստակ գիտակցումը բերել առաջնային դաշտ, համախմբումը պրոֆեսիոնալ խնդիրների շուրջ կարեւորել, որպեսզի հնարավոր լինի նաեւ լուծել կուտակված խնդիրները, ինչպես նաեւ քայլել աշխարհի հետ համաքայլ:
Այսօր կինոսցենարիստների գիլդիայի խնդիրների, նպատակների եւ ընդհանրապես գիլդիայի մասին զրուցել ենք գիլդիայի նախագահ, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հեռուստալրագրության ամբիոնի վարիչ, դոցենտ, Հայաստանի Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամ, նաեւ՝ կինոսցենարիստ Լեւոն Գալստյանի հետ:

-Պարոն Գալստյան, ինչի՞ համար է կինոսցենարիստների գիլդիան, առանց այդ կառույցի կինո կամ հեռուստատեսային սցենարներ չե՞ն գրվի կամ չե՞ն գրվել այսքան ժամանակ:

– Իհարկե, գրվել են, կգրվեն, բայց իրականության մեջ ոչինչ չի փոխվի: Թերեւս որոշ դրական բացառություններով, թե՛ կինոյում, թե՛ հեռուստատեսությունում չնչին բացառություններով կունենանք այն, ինչ այսօր ունենք՝ մտացածին միջավայր, օտարածին ուղերձների ու գաղափարների ուղղակի պատճենումներ, թվացյալ «մեծ» հույզերի ու զգացմունքների նմանակում, ասելիքազուրկ հերոսներ, չպատճառաբանված կերպարներ, անկենդան երկխոսություններ, լեզվական վթարներ, արյան ու բռնության տեսարանների գեղարվեստորեն չարդարացված ցուցադրում եւ այս ամենի ծանր հետեւանքը՝ անճաշակությունն ու անմտությունն իբրեւ նորմայի ընկալում ու յուրացում հանրության մի ստվար մասի, մանավանդ, երիտասարդության կողմից:

– Բայց Ձեր գնահատականները կարող են սուբյեկտիվ լինել: Արվեստն ազատ է:

– Արվեստը՝ այո, ազատ է: Բայց արվե՛ստը եւ ոչ թե այն սարքովի ու շինծու իրողությունները, ինչի մասին խոսում եմ: Ուժգին հույզերը պետք է բխեն համարժեք պատճառներից, այլապես գործ կունենանք բոլորովին այլ բնագավառի առնչվող կլինիկական երեւույթի հետ: Այդպես է նաեւ կինոպատումի պարագայում. սցենարում երբեք չարժե լուն ուղտ դարձնել կամ հակառակը՝ լեռից մուկ ծնել:

– Ձեր մատնանշած թերությունները գուցե ժամանակի՞ պահանջն են:

– Եթե մի պահ արհեստականորեն անջատենք մեր բանականությունը եւ ենթադրենք, թե այդ ամենը իբր ժամանակի պահանջն է, ուրեմն ավելորդ են եւ՛ այս գիլդիաները, եւ՛ այս հարցազրույցը: Բայց ես վստահ եմ, որ պատկերն իրականում ճիշտ հակառակն է: Մեր ժամանակի պահանջները հետեւյալն են: Առաջին՝ ներկայացնել արժանահավատ միջավայր: Երկրորդ՝ ստեղծել, հաստատել (կամ թեկուզ մերժել) միայն այն ուղերձներն ու գաղափարները, որոնք կան իրականում՝ արտահայտելով ոչ թե «քիմիական», այլ բնական հույզեր ու զգացմունքներ: Չորրորդ՝ կերպարներին խոսեցնել կենդանի հայերենով՝ ճշգրիտ պահպանելով խոսքի տրամաբանվածությունը, հասկանալ նաեւ, որ նույն հերոսի լեզվական վարքագիծն ու ոճը կարող են փոխվել նոր իրավիճակներում: Հինգերորդ՝ լավ իմանալ հայոց բառի համագործածական եւ նրբիմաստային տարբերակները եւ ընտրել տվյալ իրավիճակին համարժեք միակ ու անփոխարինելի ձեւը: Վեցերորդ՝ անգամ մերժելու պարագայում պահպանել պատշաճ հարգանքն ազգային եւ համամարդկային կենսունակ ավանդույթների ու արժեքների նկատմամբ: Յոթերորդ՝ գեղարվեստորեն կարողանալ արդարացնել արյան ու բռնության տեսարանները՝ զերծ մնալով դրանց առեւտրային շահարկումից:

Ակնհայտ է, որ 20-րդ դարում արվեստը վերածվեց նաեւ ապրանքի, հաճախ՝ շա՛տ շահավետ ապրանքի: Բայց, հավատացեք, անգամ այսպես կոչված՝ «առեւտրային» կինոն պահանջում է պահպանել կինոյի ոչ միայն արվեստը, այլեւ արհեստը՝ մասնագիտական այբուբենը:

– Դա այդպես է, բայց հայտնի է, որ այդ արատների պատճառը գլխավորապես պատվիրատուն է եւ ոչ սցենարիստը:

– Այ, նաեւ հենց այդ եւ նմանատիպ խնդիրները լուծելու համար էլ ստեղծվել են գիլդիաները, մասնավորապես՝ նաեւ կինոսցենարիստների գիլդիան: Ստեղծվել է նաեւ գիլդիաների նախագահների խորհուրդ, որտեղ՝ մեր պարագայում, պատվիրատու-պրոդյուսերներին կներկայացվեն մեր՝ սցենարիստներիս մտահոգություններն ու առաջարկները: Ի վերջո, եթե կայանում են գիլդիաները, կայանում է նաեւ նրանց փոխգործակցությունը: Ես հավատում եմ այդ համագործակցության արդյունավետությանը. բոլորը լուրջ եւ պատասխանատու մարդիկ են, եւ հեռու եմ այն մտքից, թե այդ մտահոգությունները նրանց ավելի քիչ են հուզում, քան մեզ:

Կան մտահոգություններ, որ ունեն ռեժիսորները, դերասանները: Այնպես չէ, որ նրանք շատ մեծ հաճույքով են «տրվում» շուկային, անարվեստ կինո կամ հեռուստատեսային արտադրանքին: Պրոդյուսերները, որոնք այսօրվա կինո կամ հեռուստատեսային արտադրանքի ստեղծման ակունքներում են, ունեն մտահոգություններ եւ այլն:
Պարզապես պետք է գործնական ու անկեղծ շփման հարթակում միավորենք մեր ջանքերը եւ կոնկրետ արդյունքների հասնենք:

– Իսկ ի՞նչ կփոխի գիլդիան:

– Գիլդիան մեզանում բացարձակապես նոր երեւույթ է: Մենք ուզում ենք դնել դրա կայացման հիմքերը՝ ակնկալելով հետագայում բոլորի անդամակցությունն ըստ մասնագիտությունների այդ կառույցներում եւ ակտիվ մասնակցությունն այս լավ գործին: Գիլդիան կամ հայերեն ասած՝ համքարությունը վարչական մարմին չէ, գրաքննող, կամ արգելող մարմին չէ: Ծիծաղելի է այսօր այդպիսի հավակնություններ ունենալ:

Մենք էլ որպես կինոդրամատուրգների, սցենարիստների համքարություն, մտածում ենք ոչ թե ինչ-որ կախարդական փայտիկով միանգամից փոխել սցենարագրության մշակույթը, այլ համախմբվելով հնարավորությո՛ւն ստեղծել փոխվելու: Ակնկալում ենք հետեւյալ արդյունքները: Առաջին՝ մեր գործընկերների պաշտպանված լինելը մասնագիտական իրավունքների ոտնահարումից: Երկրորդ՝ հեղինակային իրավունքով պաշտպանված ձեռագիր սցենարների համապարփակ շտեմարանի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա դրանք անհամեմատ արդյունավետ եւ արագ ներկայացնելու հեռուստաընկերություններին, անհատ պատվիրատուներին եւ կինոարտադրություն ֆինանսավորող կազմակերպություններին՝ ձեւավորելով սցենարական լուրջ ու կայուն շուկա: Ի դեպ, մենք կոչ ենք անում բոլոր սցենարիստներին արձագանքել այս նախաձեռնությանը:

Երրորդ՝ կինոգետների եւ կինոյի ոլորտում մեծ համբավ վայելող մեր եւ օտարերկրյա վարպետների, արտերկրում լուրջ կինոկրթություն ստացած երիտասարդների հետ համագործակցաբար մեր գործընկերների առջեւ պարբերաբար հանդես գալ արդի կինոդրամատուրգիայի մասին դիտարկումներով՝ ծավալվելով մասնագիտական լուրջ քննարկումներ:

Չորրորդ՝ ընդհանուր համաձայնության գալով, սահմանել կինոսցենարների հոնորարային վարձատրության այն նվազագույն շեմը, որից ցածր չափով առաջարկվող պայմանագրերն ու պայմանավորվածությունները կբացառվեն, շուկայում կհամարվեն լուսանցքային: Դա շատ կարեւոր է մեր մասնագիտության նկատմամբ հանրային անհրաժեշտ հարգանք ու գնահատական ձեւավորելու համար:

Հինգերորդ՝ կատարել ներկայացվող սցենարների լեզվաոճական եւ զուտ մասնագիտական խմբագրման ու բարելավման աշխատանքներ՝ բնականաբար, խստիվ հաշվի առնելով հեղինակների վերջնական համաձայնությունը: Վստահ եմ, դա կհետաքրքրի հատկապես հեռուստաընկերություններին բարձրորակ սցենարներ ունենալու առումով:
Մի խոսքով, գիլդիան մեր գործընկերների համար ոչ թե պատրաստի «ձուկ է որսալու», այլ նրանց «ձուկ որսալու» հնարավորություն է տալու:

– Ձեզ չի՞ կաշկանդում այն հանգամանքը, որ գիլդիաները ստեղծվել են ոչ թե ինքնաբուխ, այլ Կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ:

– Այո, գիլդիան ընդհանրապես արհեստակցական միություն է, եւ բնական ու տրամաբանական կլիներ, որ ինքներս մեզ ստեղծեինք, ինչպես եղել է, օրինակ՝ ԱՄՆ-ում: Ի վերջո, գիլդիաների առաքելությունն է լրիվ անկախ կարգավիճակով պայքարել հանուն իր անդամների մասնագիտական, իրավական եւ սոցիալական շահերի, եւ բնական է, որ այդ գործունեությունը ինչ-որ իմաստով կարող է հակասել Կինոգործիչների միության առաջադրած պահանջներին ու պայմաններին:

Բայց այդ կառույցի անխոնջ ղեկավար Հարություն Խաչատրյանը շարունակում է զարմացնել իր անսովոր գաղափարներով: Նկատի ունենալով այն փաստը, որ գիլդիաները նորություն են մեզանում եւ ոչ բոլոր մասնագիտություններն ունեն անհրաժեշտ ֆինանսական ու կազմակերպական մեկնարկային հնարավորություններ՝ միությունը հայ կինոյի ապագան վեր է դասում իր շահերից եւ փաստորեն ստեղծում է մի բան, որը պետք է հանդես գա նաեւ իր ընդդիմախոսի դերում:

– Մայիսի վերջին նախատեսվում է անցկացնել մասնագիտական գիլդիաների առաջին մրցանակաբաշխությունը: Ի՞նչ սկզբունքով ու չափանիշներով եք ընտրելու տարվա լավագույն սցենարիստին:

– Սա մասնագիտական մրցանակ է լինելու: Պրոֆեսիոնալ մրցանակ, որն, ի դեպ, ամենահարգին է աշխարհում: Արտոնյալ դիրքում չի լինելու որեւէ ժանր: Չկան «անլուրջ» եւ «լուրջ» ժանրեր: Մրցակցային հավասար պայմաններում են բոլորը՝ անիմացիա, սերիալ, վավերագրական, լիամետրաժ եւ կարճամետրաժ կինո: Մենք չենք կանխատրամադրվելու կամ դիրքավորվելու այս կամ այն հեղինակի կամ ժանրի հանդեպ: Մասնագիտական գիլդիան պետք է ընտրի այն սցենարը, որը լավագույնս է համապատասխանում առհասարակ կինոդրամատուրգիայի պահանջներին, եւ վերջ: Սա շատ կարեւոր հանգամանք է:

– Ինչպե՞ս եք քվեարկելու՝ բա՞ց, թե՞ փակ:

– Գիլդիան կորոշի դա: Ես, օրինակ, ավելի հակված եմ փակ գաղտնի քվեարկության, որը մարդկանց զերծ կպահի ավելորդ լարվածությունից: Լավագույնը կորոշվի պարզ մեծամասնությամբ: Բայց գիլդիան նաեւ ազատ որոշումներ կայացնելու տեղ է:

– Վստա՞հ եք, որ կստացվի: Իսկ եթե անընդհատ կռվե՞ն…

– Կարելի է նաեւ կռվել, ի՞նչ կա որ… բայց լավ կլիներ՝ մեկ գավաթ սուրճի շուրջ: Գիլդիայի անդամները միմյանց հապշտապ գնահատականներ տալու, իրար հանդեպ գերակա կեցվածք ունենալու ոչ մի բարոյական իրավունք չունեն: Գիլդիան լինելու է ոչ թե աղմկելու, սեփական թեզն անպայման ամեն գնով մինչեւ վերջ պաշտպանելու ասպարեզ, այլ գործընկերների հավաքատեղի, որտեղ բոլորը հավասար են իրավունքներով ու պարտականություններով: Ասում են՝ մենք՝ հայերս, չենք սիրում կամ չենք կարողանում միասին ընդհանուր գործ անել: Հուսով եմ՝ մեր գիլդիան կկոտրի այդ կարծրատիպը:

– Հայտնի ֆիլմի ֆրազով ասենք՝ կապրենք, կտեսնենք:

– Կարելի է նաեւ ասել՝ էկրանը ցույց կտա…

 

Զրուցեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԲԱՅԱՆԸ

«Առավոտ»

28.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031