Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բարեգործական ներկայացման ողջ հասույթը Վանաձորից կուղղվի Արցախ

Մարտ 28,2018 22:07

Հայաստանի եւ Արցախի մշակույթի նախարարների միջեւ կնքված հուշագրի արդյունքում մեկնարկել է «Արցա՛խ, իմ սեր, աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագիրը: Նախագծի շրջանակներում յուրաքանչյուր թատերախումբ իր մեկ ներկայացման ողջ հասույթը պետք է ուղղի Արցախ:

Նախաձեռնությանը միացել է նաեւ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը: Այսօր կայացած Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւ» համանուն վիպակի ներկայացման ողջ հասույթը կփոխանցվի Արցախին՝ Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենի կառուցմանը:

«Արդեն շատ երկար տարիներ է ինչ շենքը չի գործում: Թատրոնի ներկայացումները կայանում են հիմնականում մարզերում: Այնտեղ էլ կա հնարավորություն, մի փոքրիկ բեմ կա, որտեղ տեղում՝ Ստեփանակերտում խաղում են դերասանները, բայց, այնուամենայնիվ, այդ ամենը շատ քիչ է այդ պրոֆեսիոնալ, երկարամյա պատմություն ունեցող թատերական օջախի համար: Մեզ համար մեծագույն հաճույք է: Շատ կարեւոր է այս բարեգործությունը, ես կարծում եմ դեռ մի բան էլ քիչ է»,- մեզ հետ զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը:

Երկու թատրոնները դեռ 1974 թվականից բարեկամական կապի մեջ են: Լոռեցի դերասանները 20-ից ավելի անգամներ հանդես են եկել այդ բեմի վրա: Ասում են իրենց համար մեծ պատիվ է խաղալ բարեգործական ներկայացման մեջ, հատկապես, որ հասույթն իրենց գործընկեր թատրոնին է տրամադրվելու. «Արցախի համար ամեն ինչ պետք է անել, որովհետեւ Արցախը մեր Հայաստանն է: Մենք պարտավոր ենք մեր թատրոնի ներկայացման հասույթը տրամադրենք մեր կոլեգաներին, որպեսզի շենքը շուտ կառուցվի եւ նրանք էլ զգան, որ մենք իրենց կողքին ենք: Ինձ համար հպարտություն է, որ ես էլ իմ լուման եմ ներդնում մեր Արցախի համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց դերասան Գագիկ Դուրմիշյանը:

ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանը եւս մեծ հաճույքով է խաղում այս ներկայացման մեջ: Ասում է այս անգամ ավելի մեծ սիրով է բեմ բարձրացել, պատճառը՝ բարեգործությունն է. «Ես շատ ուրախացա, որ բարեգործական ներկայացման մեջ եմ խաղալու: Երանի ոչ միայն այս ներկայացումը, այլ մի քանի ներկայացումներ եւս լինեին բարեգործական, եւ գումարներն ուղղվեին Արցախին»:

«Արցա՛խ իմ սեր, աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել նաեւ մի շարք անձիք, ովքեր գնել են տոմսերը եւ նվիրել իրենց հարազատներին: Այդ կերպ խթանելով տոմսերի վաճառքին: Ներկայացումից առաջ բոլոր տոմսերը վաճառված էն:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031