Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ Հայաստանը ամեն ինչ անում է, որ զենքի մատակարարման առումով ինքը դառնա ինքնաբավ և կարողանա այն արտահանել
ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը կարևորում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի՝ Երևանում կատարած հայտարարությունները:
«Զենքի վաճառքի հետ կապված վերանայումները մի քիչ կարելի է այլ կերպ հասկանալ: Դա չի նշանակում, որ ընդհանրապես վաճառք չի լինելու: Բայց ինքը խոսեց նաև Հայաստանին տրվող զենքերի մասին, իհարկե՛, դրանց հետ կապված այլ բան չասաց, բայց նույնպես պետք է կռահել, թե դրա տակ ինչ կա թաքնված: Շատ բաներ են թաքնված»,- ասաց նա:
Գառնիկ Իսագուլյանի խոսքերով՝ Ուկրաինան ու Բելառուսը պատրաստ սպասում են, թե երբ կողմերից մեկը դադարեցնի զենք մատակարարելը, որ անմիջապես այդ շուկան վերցնեն: Այսինքն՝ Ադրբեջանը այդ հնարավորությունը ունի: Նրա պնդմամբ՝ Հայաստանը ամեն ինչ անում է, որ զենքի մատակարարման առումով ինքը դառնա ինքնաբավ և կարողանա այն արտահանել:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ