Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները ընդունվելու են «ՎիզաՄետրիկ» ռուս-թուրքական կոնսորցիումի կողմից

Մարտ 28,2018 20:28

2018թ. ապրիլից Երևանում Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «ՎիզաՄետրիկի» կողմից: Ըստ Գերմանիայի դեսպանության հաղորդագրության՝ «Այս քայլը միտված է դիմումների սպասելաժամանակի կրճատմանը: Ներկայումս դեսպանության առցանց գրանցման համակարգում Շենգենյան վիզայի համար 2018թ. ապրիլից սկսած այլևս պայմանավորվածություն ամրագրելու հնարավորություն չկա»:

Յուրաքանչյուր դիմումի մուտքագրման համար «ՎիզաՄետրիկը» գանձում է 20 եվրոյին համարժեք սպասարկման վճար՝ հայկական դրամով: Այսուհետ դեսպանությունը կշարունակի վիզայի դիմումներ ընդունել խիստ սահմանափակ ծավալով: Ազգային վիզաների դիմումների և այլ հյուպատոսական հարցերի հետ կապված փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Դեսպանությունը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ դիմումների ընդունման և դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացները միմյանցից անկախ են: Վիզաների դիմումների վերաբերյալ որոշումները կայացնում են այդ նպատակով Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից Գերմանիայի դեսպանություն գործուղված աշխատակիցները:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր ասուլիսում պատասխանելով Մեդիամաքսի հարցին՝ ասել է. «Վիզամետրիկը» ռուս-թուրքական կոնսորցիում է, որի հոլդինգ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում։ Այս ընկերությունը երկարամյա փորձ ունի՝ որպես առանձին ծառայություններ մատուցող կազմակերպություն։ Այն մասնակցել է հայտարարված մրցույթին եւ շահել է մի շարք վայրերում, այդ թվում՝ Միջին Ասիայում եւ այս տարածաշրջանում ծառայություններ մատուցելու մրցույթում»։

Դեսպանն ընդգծել է, որ մրցույթի արդյունքների ամփոփման հարցում դեր չի ունեցել, թե ընկերությունը որ երկրում է գտնվում։ «Հայտարարված մրցույթը վերաբերում էր ոչ թե միայն Հայաստանին, այլ ողջ տարածաշրջանին»։

Իսկ դիտարկմանը, թե հաշվի չե՞ն առել արդյոք, որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, և որ շատ ՀՀ քաղաքացիների կարող է անհանգստացնել իրենց անձնական տվյալների անվտանգության խնդիրը, դեսպանը պատասխանել է. «Անձնական տվյալների պաշտպանությունը մեզ համար շատ բարձր արժեք է, և մենք կարող ենք այս շրջանակում երաշխավորել, որ որևէ անձնական տվյալ արտաքին օգտագործողներին չի հասնի: Ավելացնեմ, որ գրասենյակը ղեկավարելու է հայ ներկայացուցիչը, և այնտեղ աշխատակիցները բացառապես ՀՀ քաղաքացիներ են լինելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031