Գառնիկ Իսագուլյանի խոսքերով՝ Արցախի Հանրապետությունը հատկապես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների հետ հարաբերություններում փորձում է դրսևորել հավասարակշռված քաղաքականություն:
«Բակո Սահակյանի՝ ԱՄՆ այցը հերթական այցերից մեկն էր»,- չորեքշաբթի «Հայելի» մամուլի ակումբում, անդրադառնալով Արցախի Նախագահ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցին, ասաց ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Նրա գնահատմամբ՝ Արցախի նախագահի այցը բավականին հաջողված է՝ նշելով, որ մի քանի ամիսների ընթացքում Բակո Սահակյանը այցելել է՝ Ֆրանսիա, Բելգիա, Ռուսաստան և այլ երկրներ. «Մենք երբեք չենք ուզում տարանջատել այս այցելությունները, ուղղակի պարբերաբար կամ ժամանակ առ ժամանակ կողմերից մեկը ավելի մեծ ակտիվություն է ցուցաբերում: Բայց Արցախի Հանրապետությունը հատկապես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների հետ հարաբերություններում փորձում է դրսևորել հավասարակշռված քաղաքականություն, և նրանք բոլոր կողմերին տեղյակ պահում են: Եվ պատահական չէ, որ համանախագահող երկրները, միշտ, երբ անդրադառնում են Արցախյան հիմնախնդրին, իրենք էլ են շեշտում, որ բոլոր հարցերում համակարծիք են, միասնաբար են որոշումներն ընդունում: Սա փոխադարձ հարգանք է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ