Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թվում է, թե միջազգային դերակատարները պետք է զսպեն Ադրբեջանին, այնինչ իրական զսպողը պետք է լինի Արցախի բանակը. Հայկ Խանումյան

Մարտ 28,2018 20:07

Օրերս լրացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորման 26-րդ տարին (1992թ. մարտի 24): Aravot.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, անդրադառնալով Արցախյան հակամարտության խաղաղ լուծման նպատակով ստեղծված կառույցի գործունեությանը, նախ նկատեց, որ ընդհանրապես միջնորդական առաքելությունը շնորհակալ աշխատանք չէ.

«Կարծում եմ հենց այն պատճառով, որ հակամարտող կողմերը անընդհատ տարբեր մեղադրանքներ են հնչեցնում միջնորդների հասցեին, այնինչ պետք է նկատել, որ այդ միջնորդները իրականում տեխնիկական դերակատարություն ունեն` կողմերի միջև կազմակերպում են հանդիպումներ, փորձում մշակված ինչ-որ առաջարկություններ մատուցել, իմանալ նրանց տեսակետները տարբեր հարցերի շուրջ և այլն»:

Նա նշեց, որ միջնորդների գործունեության բնույթն ու մանդատը այնպիսին է, որ փորձում են այսպես ասած արհեստական հավասարակշռություն պահել: Հետևաբար` պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբից:

«Թվում է, թե նրանք պետք է զսպեն Ադրբեջանին, այնինչ իրական զսպողը պետք է լինի Արցախի բանակը: Այսինքն` մենք սխալ պատկերացումներ ունենք միջնորդության մասին, և դրանից ձևավորված սխալ ակնկալիքներ: Ես մի քանի անգամ ասել եմ և հիմա էլ պնդում եմ. մենք առավելագույն արդյունքի հասել ենք միայն այն ժամանակ, երբ Ստեփանակերտը և Բաքուն անմիջականորեն շփվել են իրար հետ»,- ասաց պատգամավորը:

Հ. Խանումյանը ավելացրեց, որ միջնորդներին պետք է ընդունել որպես միջնորդներ. ոչ մեղադրել. ոչ էլ այլ ակնկալիքներ ունենալ: Պետք է աշխատել միայն բանակցությունները տեղափոխել անմիջական հարթություն` Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով:

«Վերջերս խոսվում է որոշակի մանդատների ավելացման մասին, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների թվի ավելացման վերաբերյալ, ինչը, կարծում եմ, խնդրին էական լուծումներ չի տա և կշարունակվի մաքոքային դիվանագիտությունը: Դրա արդյունքն էլ այն է,որ միջնորդ երկրների դիտորդները գնում են 3 կողմերի մայրաքաղաքներ և փոխանցում իրենց հանդիպման արդյունքները, տպավորությունները, սակայն վերջում ոչինչ չի փոխվում: Ինչ-որ փաստաթղթեր են հայտնվում բանակցային սեղաններին եվրոպական տարբեր քաղաքների անուններով, ապա անհետանում, հետո վերամշակվում ու նորից հայտնվում, և արդյունքում հակամարտության լուծման առումով որևէ էական առաջընթաց չկա»,- նշեց պատգամավորը:

Նա գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը անհրաժեշտ է ունենա մշտական դիվանագիտական ներկայացուցչություն Արցախում և ամենօրյա մշտական գործունեություն իրականացնի գոնե այդ մակարդակով, որի արդյունքում մշտական տեղեկատվության փոխանակումը կարող է օգտակար լինել հետագայում որոշ հարցեր լուծելու համար:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031