Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանթեղներով երթին կմասնակցի ամենաքիչը հազար երիտասարդ»

Մարտ 28,2018 19:25

Եվս երեք օր եւ մարդիկ միմյանց կողջունեն «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և կստանան «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաեւ Զատիկ, որը շարժական տոն է եւ նշվում է մարտի 22-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում. այս տարի այն կնշվի ապրիլի 1-ին:

Տոնին նախորդող Ավագ հինգշաբթիի հոգեւոր խորհուրդը ներկայացնելու, կանթեղներով երթի մանրամասները պարզաբանելու համար «Հենարան» մամուլի ակումբում կայացավ մամուլի ասուլիս: Հյուրերն էին Արարատյան Հայրապետական թեմի Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը եւ Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդաց հոգեւոր խորհրդի անդամ եւ ծրագրերի համակարգող Հասմիկ Միրզոյանը:

Տեր Կարապետ քահանա Կարապետյանը պարզաբանեց Ավագ հինգշաբթիի խորհուրդը. «Այն Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն է: Միջօրեին մատուցվում է Սուրբ պատարագ,իսկ ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին» :

Հասմիկ Միրզոյանն էլ ասում է, որ կանթեղներով երթը արդեն հինգ տարի է, ինչ իրականացնում են. «Հարության ավետիսը հանրությանը փոխանցելու համար ենք կազմակերպել այդ երթը: Ճրագալույցի Սուրբ պատարագից հետո ամեն տարի երիտասարդները կանթեղներով նախ գնում են Հանրապետության հրապարակ, խաչ են կազմում գորգի վրա, աղոթում, հետո կանթեղները թողնում այնտեղ: Այս անգամ երթին կմասնակցի ամենաքիչը հազար երիտասարդ» :

Տեր Կարապետ քահանա Կարապետյանը հորդորեց, որ Զատկի տոնը նշենք ոչ միայն պահպանելով ուտելիքների համապատասխան ցանկը, այլ մասնակիցը լինենք եկեղեցիներում կատարվող արարողակարգին:

Գայանե ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031