Մարտի 26-ին Բուխարեստի ARCUB մշակութային կենտրոնում` Ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի (GADIF) շրջանակներում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված` «ֆրանկոֆոն բառեր և նշումներ» (Mots et note francophones) խորագրով միջոցառումը, որին ներկա էին Ռումինիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, մշակութային և հասարակական շրջանակների, ռումինահայ համայնքի ու Ռումինահայոց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Միջոցառումը մեկնարկեց GADIF-ի նախագահ, Ռումինիայում Լիբանանի դեսպան Ռանա Մոքադդեմի ողջույնի խոսքով, այնուհետև ելույթներով հանդես եկան Հայաստանի, Կանադայի և Ֆրանսիայի դեսպանները, ինչպես նաև ՖՄԿ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների տարածաշրջանային գրասենյակի (BRECO) ու Ֆրանկոֆոն համալսարանների գործակալության (AUF) տնօրենները:
Լիբանանի դեսպանի ելույթին հաջորդեց հոկտեմբերին Երևանում կայանալիք ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի կապակցությամբ պատրաստված Հայաստանի մասին պատմող այցեքարտ-տեսահոլովակի ցուցադրումը: Ելույթով հանդես եկավ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, ով իր խոսքում ներկայացրեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները` նշելով, որ Հայաստանն այդ կարևոր միջոցառմանը մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում և ակնկալվում է ամենաբարձր մակարդակի մասնակցություն ավելի քան 80 երկրներից։ Դեսպանն անդրադարձավ նաև «Ապրել միասին» պակտի հայեցակարգին, նպատակներին և կարգախոսի էությանը, անցկացվելիք կարևոր միջոցառումներին:
Միջոցառման սրահում տեղադրված էին հայտնի հայազգի լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի «Խաչքարեր և Հայաստանի տեսարաններ» խորագրով լուսանկարները: Ներկա էր նաև լուսանկարների հեղինակ Հրայր Խաչերյանը:
ՀՀ ԱԳՆ