Եվրամիության 3 երկրներ՝ Սլովակիան, Մալթան և Լյուքսեմբուրգը, հետ են կանչել իրենց դեսպաններին Ռուսաստանից՝ կապված Սկրիպալի գործի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Մասնավորապես, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը լրագրողների հետ զրույցում ասել է, որ խորհրդակցության նպատակով հետ է կանչում Մոսկվայից իր դեսպանին: Նա նշել է, որ սա 20 տարվա մեջ նմանատիպ առաջին դեպքն է, որը պայմանավորված է Սկրիպալի գործով:
Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի այն հայտարարությանը, որ իր դաշնակիցները պետք է արտաքսեն իրենց երկրից ռուս դիվանագետներին, արտգործնախարարն ասել է, որ այդ հարցը քննարկվում է, և վերջնական որոշում դեռ չկա:
Մալթայի իշխանություններն էլ հայտարարել են, որ լիարժեք զորակցություն են հայտնում Բրիտանիային՝ «մեր ընդհանուր անվտանգությանն ուղղված այս լուրջ մարտահրավերի ֆոնին»:
Ավելի վաղ դեսպանին հետ կանչելու մասին էր հայտարարել Լյուքսեմբուրգը: Այդ երկրի ԱԳՆ-ից նշել էին, որ կառավարությունը վճռականորեն դատապարտում է Սկրիպալի թունավորումը և միանում Բրիտանիայի այն եզրակացություններին, որ մեծ հավանականությամբ դրա պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը:
Հիշեցնենք, ավելի վաղ իրենց տարածքից ռուս դիվանագետների արտաքսման մասին էին հայտարարել է ԱՄՆ-ը և ԵՄ մի շարք երկրներ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ