Մասնավորապես, մայրաքաղաքում խցանումները նվազեցնելու նպատակով, հաշվարկելով մի շարք փողոցների տրանսպորտային միջոցների հոսքերի հաճախականությունը կիրառվում է ինչպես տեխնիկական, այնպես էլ ճանապարհապարեկային ծառայողների հնարավորությունները:
Այսպիսով, Երևան քաղաքում առավոտյան ժամը 08:00-ից մինչև 09:30 ընկած ժամանակահատվածում Ճանապարհային ոստիկանության 11 կարգախմբեր իրականացնում են 11 խաչմերուկների երթևեկության կարգավորում: Ժամը 08:00-ից մինչև 08:45 ընկած ժամանակահատվածում ՃՈ-ի 10 կարգախմբեր երթևեկությունը կարգավորում են 10 դպրոցների հարակից տարածքներում:
Ժամը 17:00-ից մինչև 19:00 ՃՈ 12 կարգախմբեր ծառայություն են իրականացնում մայրաքաղաքի 12 առավել ծանրաբեռնված խաչմերուկներում:
Ճանապարհային ոստիկանության կարգախմբերն ըստ իրավիճակի անհրաժեշտության, օրվա ընթացքում խցանումները նվազեցնելու նպատակով, ծառայություն են իրականացնում քաղաքի տարբեր հատվածներում:
Ինչպես նաև 2017թ-ի դեկտեմբերից մայրաքաղաքի 4 խաչմերուկների լուսացույցների աշխատանքները կարգավորվում են առցանց տարբերակով: Խաչմերուկներում տեղադրված տեսանկարահանող սարքերի միջոցով հաշվարկվում է տվյալ հատվածով երթևեկող տրանսպորտային միջոցների քանակը և անհրաժեշտությունից ելնելով մասնագետները միջամտում են լուսացույցների աշխատանքային ռեժիմին՝ ավելացնելով կարմիր, կամ կանաչ ազդանշանի տևողությունը:
Օրեր առաջ Էջմիածնի խճուղու Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկում տեղադրվեց ուլտրաձայնային սենսորների միջոցով ինքնակառավարվող լուսացույց, որը հնարավորություն է տալիս հաշվարկել խաչմերուկում առկա տրանսպորտային միջոցների քանակը և ըստ դրա կարգավորել լուսացույցի ազդանշանի տևողությունը: Այս նորարարության շնորհիվ տվյալ խաչմերուկում բացառվում է երթևեկության հապաղում կամ խցանում:
ՀՀ ոստիկանություն